«Ասացին՝ «հես ա վաղը հերթափոխ պետք ա լինի», ու անջատվեց». Ադրբեջանում հայտնված հայ գերիներն ու կառավարության լռությունը

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայ հանրությանը հայտնի դարձած փաստաթղթով, որի առաջին կետով հայտարարվում էր ամբողջական հրադադար ու Արցախում ընթացող պատերազմի ավարտ, կարծես ոչինչ էլ չի ավարտվել:

Փաստաթուղթը ստորագրելիս ավելի քան մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի տարածքում  վերսկսվել էին մարտական բախումները: Դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահներն այդ տարածքում սահմանել էին վերահսկողություն: Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերն այժմ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ, դրանք ևս հանձնվել են ադրբեջանական կողմին:

Մինչև բախումների սկսվելը Խծաբերդում և Հին թաղերում մարտական հերթապահություն էին իրականացնում պահեստազորայինները:

168.am-ի հետ զրույցում մի քաղաքացի, որի հարազատները նոյեմբերի 27-ին մարտական հերթապահություն էին իրականացնում Խծաբերդ գյուղի տարածքում, պատմեց, որ վերջին անգամ հարազատների հետ կարողացել են կապ հաստատել դեկտեմբերի 13-ին:

«Ասացին՝ լավ ենք, մի մտածեք, ու ասացին՝ «հես ա վաղը հերթափոխ պետք ա լինի», ու անջատվեց»,- հարազատների հետ վերջին զրույցի մասին պատմելով՝ ասաց մեր զրուցակիցը:

Նա պատմեց, որ, երբ վերջին հեռախոսազանգից հետո այլևս կապ չեն կարողացել հաստատել իրենց հարազատների հետ, փորձել են տղաների մասին տեղեկություն ստանալ Պաշտպանության նախարարությունից: Մի քանի ժամ փորձելուց հետո ի վերջո կարողացել են կապ հաստատել պաշտպանական գերատեսչության հետ, որոնք որևէ տեղեկություն չեն տրամադրել տղաների մասին, միայն հորդորել են զանգել ռուս խաղաղապահներին, փոխանցել են հեռախոսահամար ու հորդորել են, որ մարդիկ խաղաղապահների միջոցով փորձեն ինչ-որ բան ճշտել:

Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ այս ընթացքում տեղեկություններ են լսել, թե տղաները շրջափակման մեջ են: Փորձել են  դրա վերաբերյալ ևս պաշտոնական պարզաբանում ստանալ, բայց երեկ տեղեկացել են, որ իրենց հարազատների հետ միևնույն խմբում գտնվող տղաներից մեկն իր ծնողներին ասել է, թե շրջափակման մեջ են: Խմբի՝ մեկ այլ պահեստազորայինի ընտանիքի անդամներն էլ փորձել են զանգել իրենց տղային, ու նրա  հեռախոսազանգին ադրբեջաներով պատասխանել է ինչ-որ մեկը:

Տղաների մասին որևէ պաշտոնական տեղեկություն ստանալու համար փորձել են նաև որևէ կապ հաստատել այն զորամասի հետ, որտեղ տղաները գնացել էին:

«Ասացին, որ ռուս խաղաղապահները 40 պահեստազորայինի կարողացել են հանել շրջափակումից, 20-ը մնացել են շրջափակման մեջ ու հիմա սպասում են Մուրադովին, որ գնա, բանակցի ադրբեջանցիների հետ ու շրջափակման մեջ եղած տղաներին դուրս բերեն»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ու մինչ մեր զրուցակիցը փորձում էր իր հարազատների մասին ինչ-որ տեղեկություն ստանալ, որը կհերքեր նրանց գերեվարված կամ շրջափակված լինելու փաստը, երեկ տեսել է համացանցում տարածվող 2 հայ գերիների լուսանկարը, և չնայած տղաների դեմքերը փակ են եղել, հագուստից, հասակից ճանաչել է իր հարազատներից մեկին:

Ու մինչև պետական կառույցները հարազատներին այս գերատեսչությունից այն գերատեսչություն են ուղղորդում, բայց  որևէ մեկը որևէ տեղեկություն չի տրամադրում քաղաքացիներին, ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից հրապարակում է տեսանյութեր՝ նախ 10, ապա՝ 100, հետո նաև՝ 60 հայ զինվորականների, որոնց մի մասը Շիրակի մարզից են,  գերեվարելու վերաբերյալ:

Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանական գերատեսչությունը  հայտարարություն տարածեց առաջիկայում հայտարարությամբ հանդես գալու մասին.

«Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումների է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»,- նշված էր ՊՆ հայտարարության մեջ:

Արցախի պաշտպանության բանակն էլ այսօր տարածեց մի հայտարարություն, որով, ըստ էության, հաստատեց ադրբեջանական զինված ուժերի ձեռքում հայտնված գերիների փաստը:

«Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- նշված էր ՊԲ հայտարարության մեջ:

Նյութը պատրաստելու ընթացքում  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակեց դեռևս երեկ խոստացած ուղերձը և հաստատեց նոր գերիների Ադրբեջանի ձեռքում հայտնվելու փաստը:

«Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ Պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները»,- նշված էր Ա. Հարությունյանի ուղերձում:

Անգամ այսօր Ադրբեջանը շարունակում է ծաղրել Հայաստանին՝ ասելով, թե 44 գերի են վերադարձրել, փոխարենը վերցրել են ևս 160-ը: Ադրբեջանը խոսում է, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է լռել, լռել, լռել…

Տեսանյութեր

Լրահոս