Չինաստանում հայտարարել են COVID-19-ի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու Թուրքիայի մտադրության մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հեռախոսազրուցի ժամանակ հայտարարել է, որ չինական պատվաստանյութն արդյունավետէ եւ անվտանգ: Թուրքիան այն կգնի, ասվում է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը չինական պատվաստանյութը համարում է արդյունավետ եւ անվտանգ, արդեն հայտարարել է, որ շտապ գնումներ կկատարի Չինաստանից, պատրաստ է այդ հարցի շուրջ ուժեղացնել համագործակցությունը Չինաստանի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում: Նշվում է, որ թուրք նախարարը նաեւ շնորհավորել է Չինաստանին համաճարակը հաջողությամբ զսպելու կապակցությամբ, բարձր է գնահատել Պեկինի հաջողությունը պատվաստանյութի մշակման գործում: ՉԺՀ-ի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ Չինաստանը եւ Թուրքիան «ձեռք ձեռքի տված» պայքարում են համաճարակի դեմ, միմյանց մատակարարում բժշկական ապրանքներ, հաղորդակից դարձնում համաճարակի դեմ պայքարի փորձին, ինչպես նաեւ շատ արդյունավետ համագործակցություն են զարգացրել COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի անցկացման գործում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, Թուրքիան մինչեւ հաջորդ տարվա ապրիլ կգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին: Չինական SinoVac ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը երկրում կստացվի դեկտեմբերի 11-ից հետո, իսկ ամսի վերջին պլանավորվում է պատվաստում սկսել պատվաստանյութի որակի լաբորատոր փորձարկումներից հետո: Բացի այդ, Թուրքիան հայտարարել է Pfizer/BioNTech պատվաստանյութի առնվազն 25 մլն չափաբաժին գնելու պլանների մասին: SinoVac-ն իր պատվաստանյութի մշակումն սկսել է հունվարին, այն բանից անմիջապես հետո, երբ Ուհանում պաշտոնապես հաստատեցին անհայտ ծագման թոքաբորբի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը: Այն կլինիկական փորձարկումների երրորդ փուլն սկսել է Բրազիլիայում, Ինդոնեզիայում եւ Թուրքիայում: CoronaVac-ի պատվաստումը նախատեսում է երկու ներարկում՝ 2-4 շաբաթ ընդմիջումով, այն նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: