«Խծաբերդի և Հին Թաղերի արկածախնդրությունը հենց այնպես չի կատարվել․ այն շատ հեռուն գնացող թիրախներին է ուղղված». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ դժբախտաբար, հայկական կողմը պետական մակարդակով չի ուսումնասիրել իր հակառակորդին։

«Խոսքն անհատների ու գիտնականների նեղ շրջանակի մասին չէ, նրանք լավ գիտեն, թե ով է մեր հակառակորդը։ Մենք պետք է լավ ուսումնասիրենք, թե ինչու է հակառակորդը նման քայլեր իրականացնում կամ ինչ նոր քայլերի պետք է դիմի։ Խծաբերդի և Հին Թաղերի արկածախնդրությունը հենց այնպես չի կատարվել, այն շատ հեռուն գնացող թիրախներին է ուղղված, դրա համար, եթե այդ ամենը հասկանային, ապա ռեակցիան ավելի ադեկվատ կլիներ, բայց դժբախտաբար, ադեկվատ ռեակցիա չեմ տեսնում։ Փոխարենը՝ տեսնում եմ շահարկումներ, այն, ինչ ուզում է հակառակորդը, նա կրկին մեզ խաբում է, կարողանում է մեզ մոլորության մեջ դնել»,- 168.am հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Ըստ Դավիթ Բաբայանի, կարծես թե Ադրբեջանի քայլը լոկալ պրովոկացիա էր՝ իր առջև դնելով մի քանի  թիրախ ու նպատակ՝ ահաբեկել Արցախի բնակչությանը, որպեսզի մարդիկ սկսեն վախենալ, հատկապես այն մարդիկ, որոնք դեռևս չեն վերադարձել Արցախ, հարված հասցնել ռուս խաղաղապահների վարկանիշին և հրահրել հակառուսական տրամադրություններ։

«Հիմա Արցախ վերադարձած մարդիկ պետք է  մտածեն՝ մնա՞ն այնտեղ, թե՞ ոչ։ Նման քայլերով Ադրբեջանը հարված է հասցնում ռուս խաղաղապահների վարկանիշին, Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների հատվածում ռուս խաղաղապահները դեռ տեղակայված չէին, կամ գտնվում էին հեռու։ Այդ հարվածն ունի պանթուրքիստական ծագում, այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան և մի շարք այլ երկրներ համատեղ հարված են հասցնում, իսկ հարվածը ռուս խաղաղապահներին՝ հարված է Ռուսաստանին։ Ադրբեջանը նաև նպատակ ունի նման քայլերով հակառուսական տրամադրություններ առաջացնել Հայաստանում ու Արցախում։ Արցախում 1-2 մարդ են, որ ունեն հակառուսական պահվածք, փաստորեն, նաև հակապետական պահվածք, քանի որ ռուս-հայկական եղբայրական կապերն այսօրվա դրությամբ խարխլելն այն վիճակում, որում գտնվում է  Արցախը, պարզապես ազգադավ գործունեություն է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ թշնամու բոլոր սադրանքներին հայկական կողմը պետք է կարողանա դիմակայել, հակառակ դեպքում իրավիճակն ավելի է բարդանալու։

Հարցին՝ հայկական կողմի ադեկվատ պատասխանը տեղի ունեցողին ինչպիսի՞ն պետք է լինի, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Հայկական կողմն իր դիրքորոշումը պետք է պահպանի՝ խոսել ռուս խաղաղապահների հետ, առանց դեմագոգներին լսելու»։

 

Տեսանյութեր

Լրահոս