«Չի՛ կարելի թույլ տալ, որ պարտված թիմը գնա թշնամու հետ բանակցելու». Անժելա Էլիբեգովա

«Տագնապ, ապատեղեկատվություն,  չճշտված ինֆորմացիա կամ հակասող ինֆորմացիա հայտնվում է միայն այն դեպքում, երբ առաջին՝ պաշտոնական աղբյուրներից կատարվողի վերաբերյալ բավականաչափ տեղեկացված չէ հանրությունը, չկա հստակ ու ճշգրիտ ինֆորմացիա, երկրորդ՝ երբ իրենք չունեն վստահություն պաշտոնական աղբյուրների հանդեպ: Դրա մեղավորը, իհարկե, պաշտոնական քարոզչությունն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մեդիաահաբեկչության վերաբերյալ հայտարարությանը:

Փաշինյանն այսօրվա իր ուղերձում ասել էր, թե տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց է սկսվել Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ. «Տարածվում է ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություն, որի նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը»:

Անժելա Էլիբեգովան նկատեց՝ պատերազմի ժամանակ ապատեղեկատվություն տարածելը բերել է նրան, որ հանրությունը սկսել է չվստահել պաշտոնական աղբյուրներին և գերադասում է իր տեղեկատվական սովը կամ վակուումը լրացնել տեղում իր անձնական կապերի միջոցով կամ տարբեր լրատվամիջոցների, սոցցանցերի միջոցով. «Այսինքն՝ դրա մեղավորն առաջին հերթին հենց պաշտոնական քարոզչությունն է: Երբ մեդիաահաբեկչության մասին է խոսվում, դրա առաջանալու պատճառահետևանքային կապը չի բարձրաձայնվում՝ ինչու այդպես եղավ, ինչու հանրությունը սկսեց տեղեկատվություն փնտրել այլ աղբյուրներից, որովհետև մենք բոլորս 44 օր շարունակ ասում էինք՝ միայն պաշտոնական տեղեկատվությամբ առաջնորդվենք, չտանք այն, ինչ մենք լսում ենք, գիտենք, որպեսզի չստեղծվի տպավորություն, թե խուճապ ենք տարածում: Բայց արի ու տես, որ պրոցեսը շարունակվում է, իսկ մարդկանց չեն բացատրում, թե ինչ է կատարվում»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանի հստակեցման աշխատանքներին՝ Ադրբեջանի հարցերով փորձագետն ընդգծեց՝ GPS-ով սահմանազատման աշխատանքները չի կարելի իրականացնել. «Այդ թեման պետք է փակել: Թե ո՞ր քարտեզներով դա անել, դրա համար պետք է կազմվի հանձնաժողով, մեկը Հայաստանում՝ քարտեզագրության մասնագետների, պատմաբանների և այլոց մեծ խումբ, նույնը պետք է կազմվի Ադրբեջանում: Հետո պետք է համատեղ մեծ հանձնաժողով կազմվի, որը հավաքվելու է և բանակցի, հասկանա՝ որ քարտեզներն են ընտրվում: Դա երկար ու բարդ պրոցես է, դա մեկ ամսում անելու բան չէ: Մենք չճշտված սահմաններ ունենք նույն Վրաստանի հետ, այսինքն՝ այդ սահմանազատման պրոցեսը կարող է տևել տարիներ և այդպես էլ չավարտվի, այդպես էլ հստակ չորոշվի: Միգուցե այդտեղ որոշեն բուֆերային գոտի ստեղծել, որպեսզի մեր և ադրբեջանական դիրքերի միջև անվտանգության գոտի ձևավորվի: Այսինքն՝ այդ ամենը պետք է բանակցվի, և պետք է բանակցվի միգուցե ամիսներ, միգուցե՝ տարիներ շարունակ: Այսպես հապճեպ այդ պրոցեսը ոչ ի օգուտ մեզ իրականացնելը սխալ է, ադրբեջանցիները անընդհատ առաջ են գալիս և մոտենում են մեզ, այսինքն՝ ոչ մի բուֆերային գոտում մասին այս պահին չի խոսվում: Դա չի կարելի հապշտապ անել»:

Նա ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց առաջ պետք է բոլոր պայմանները ճշտվեին, թե ինչպես, ինչ մեխանիզմներով է սահմանազատումն իրականացվելու. «44 շարունակ այդ պրոցեսը գնացել է, ինչո՞ւ նման պարզ հարց չի բարձրաձայնվել և չի ճշտվել, վերևի մակարդակներում ոչ ոք այդքանը չի՞ հասկացել, որ պետք է սահման գծվի, և, որ մեր և Ադրբեջանի սահմանն ահռելի ձևով երկարելու է: Երբ Փաշինյանն ասում է, թե չի խախտվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ո՞ր քարտեզով է ասում, այդ հարցին չի պատասխանում: Մեզ նույնիսկ չեն ասում՝ ինչ քարտեզ է, ցույց տան, հասկանանք՝ խախտվո՞ւմ է, թե՞ ոչ»:

Անժելա Էլիբեգովան անդրադարձավ նաև Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հայտարարություններին՝ ընդգծելով դրա վտանգները. «Առաջին վտանգը, որի մասին բոլորը գիտակցում են, այն է, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո կողմերը պարտավորվում են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ տարածքային ամբողջականություն ենք Ադրբեջանի մենք ճանաչում, այսինքն՝ Հադրութն ու Շուշին էլ հե՞տը, ճանաչում ենք և վե՞րջ, փակո՞ւմ ենք մեզ համար այդ էջը, և փակում ենք որևէ հնարավորություն այդ տարածքները հետ բերելո՞ւ: Ինչպե՞ս ենք այդ քայլին գնալու՝ պատերազմից անմիջապես հետո, երբ մենք ունեցել ենք կորուստներ, ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, մինչ օրս հստակ չգիտենք զոհվածների թիվը: Երկրորդ վտանգը հենց տնտեսական հարաբերություններին է վերաբերում, որովհետև թուրքական և ադրբեջանական ապրանքների համար մեր շուկայի բացելը աղետալի հետևանքների է բերելու: Երբ ասում են, թե երկկողմանի է բացվում, դա պատրանք է, որը վաճառում են մեր հանրության վրա: Ադրբեջանական շուկան չի ընդունելու մեր ապրանքները, որովհետև Ալիևին դա պետք չէ: Ինքը այդքան հիմար չէ»:

Նա որևէ տրամաբանություն չի տեսնում Հայաստանի քաղաքական ղեկավարության հռետորաբանության մեջ. «Ալիևը ստորացնում, նվաստացնում, ծաղրում է, ամեն կերպ փորձում է մեզ ցավեցնել, և զրո արձագանք, զրո որևէ հակազդման գոնե փորձ հայկական կողմից: Այնպիսի տպավորություն է, որ մեզ, վերջ, ջախջախել, բարոյալքել են, և մենք պետք է գլուխներս կախ համաձայնենք ցանկացած պայմանի հետ, որը դնում են Թուրքիան և Ադրբեջանը: Դա այդպես չէ: Մեր բանակը չի պարտվել, մեր թիկունքը չի պարտվել, մենք չենք պարտվել, պարտվել է կոնկրետ քաղաքական ղեկավարությունը այս պատերազմում, և մեր մեջ սերմանել, թե մենք ջախջախված ենք, պարտված ենք, ահավոր վատ է ամեն ինչ, և որևէ ռևանշի մասին չմտածենք, փորձենք արագ բարիշել, մտածել, որ մեր հանդեպ այնքան մեծահոգաբար կվարվեն, որ էլ չեն հարձակվի, ո՛չ, հույսը դրա վրա չի կարելի դնել: Չի՛ կարելի մարդկանց գլխում սերմանել, թե մենք հազիվ փրկվեցինք, որովհետև այդ հոգեբանությամբ հաջորդ սերունդ դաստիարակել չի կարելի: Հակառակը՝ երեխաներին պետք է սովորեցնել, որ, եթե ուզում եք վերադարձնել մեր հողերը, եթե ուզում եք ամուր պետություն կառուցել, ուրեմն՝ պետք է պատրաստ լինեք զարգանալ, կրթվել, ներդնել, չարտագաղթել, լինել ճիշտ քաղաքացի, հարգել բանակը, ընտանիքը, եկեղեցին, որպեսզի մենք ունենանք շանս մեր հողերը վերադարձնել»:

Նա ընդգծեց. «2018թ. մեզ միակողմանի պատրաստում էին խաղաղության, իսկ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի: Արդյունքում մենք ստացանք պատերազմ և տեսանք, թե ինչպես են նրանք խոշտանգում մեր դիակները, ինչպես են վարվում մեր գերիների հետ, և այդ բոլոր պատրանքները խաղաղության մասին՝ զուտ մեր դիմադրողականությունը իջեցնելուն միտված գործողություններ են, որպեսզի մենք չփորձենք դիմադրել, վախենանք, հանձնվենք: Մտածված քարոզչություն է տարվել: Էլ ի՞նչ ապացույց է մեր հասարակությանը պետք՝ հասկանալու համար, թե ով է թշնամին: Դրանից հետո խոսել, որ եկեք՝ հույսը դնենք խաղաղության վրա, հրաժարվենք պատերազմի պատրաստվելուց, մեր անվտանգությունը ապահովելուց, փորձենք իրենց հետ առևտուր անել, միգուցե իրենք գան՝ լցվեն այստեղ, մեր տնտեսությունը վարի տան, կամաց-կամաց ՀՀ տարածքում սկսեն բնակվել, մեկ էլ տեսար՝ մի օր հարցը լուծվեց, բայց դրա արդյունքում մենք ուղղակի վերանալու ենք: Իշխանությունը չի կարող այդքան պարզ բաները չհասկանալ. Դա մտածված է արվում»:

Ադրբեջանի հարցերով փորձագետը հավելեց. «Չի՛ կարելի թույլ տալ, որ պարտված թիմը գնա թշնամու հետ բանակցելու, որովհետև այնպես չէ, որ ստորագրեցին՝ վերջ: Այդ ստորագրության ամեն կետի տակ մի շարք հարցեր կան: Այդ ամենը պետք է բանակցվի, այդ ամենի շուրջ պետք խոսվի, որ հնարավորինս փորձենք հայանպաստ լուծումներ ստանալ: Արդյոք պարտված թիմը կարո՞ղ է դա անել, վստահ եմ՝ ոչ: Հանրության գերակշիռ մասը նույնպես վստահ է, որ ոչ, բանակցողը պետք է փոխվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս