«Արցախյան պատերազմում պետք է աջակցեինք Հայաստանին». իրանցի պատգամավոր
Իրանի մեջլիսի պատգամավոր Ահմադի Բիղաշը խորհրդարանական նիստին ունեցած ելույթում անդրադարձել է արցախյան պատերազմին, Թուրքիայի քաղաքականությանը, ինչպես նաև քննադատել և վիրավորանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բիգեշը նշել է, որ իրանցի միջուկային գիտնականների դեմ իրականացված մահափորձերը Թուրքիայի նախագահի վարած քաղաքականության արդյունք են և հավելել․
«Մեր գիտնականների սպանություններում Նեթանյահուից (Իսրայելի վարչապետ) պակաս չէ նաև Էրդողանի դերը»։
Նրա խոսքով՝ Էրդողանը ցանկանում է պառակտել Իրանը, իսկ Թուրքիան տարածաշրջանում Արևմուտքի ենթակապալառուն է։
Իրանցի պատգամավորն անհրաժեշտություն է հայտնել աջակցելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ծրագրվող պատժամիջոցների որոշումները։
Անդրադառնալով արցախյան պատերազմին՝ նա ընդգծել է, որ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար Իրանը պետք է Հայաստանին աջակցեր՝ միաժամանակ անսալով Հոգևոր առաջնորդի խոսքերին առ այն, որ «օկուպացված տարածքները պետք է ազատվեն»։
«Էրդողանին ուղղված մեր արտգործնախարարության արձագանքը լավ էր, բայց բավարար չէ։ Մեր մահացու անփութության, խորհրդարանի ազարիախոս պատգամավորների լռության, ղեկավար կազմի անխոհեմության պատճառով Թուրքիայի հիվանդ նախագահը Իրանը մասնատելու վարքագիծ է դրսևորում։ Էրդողանը տարածաշրջանում Արևմուտքի կեղտոտ քաղաքականությունն իրականացնողներից է և նրա ձեռքերը թաթախված են Իրաքի, Սիրիայի ժողովրդի, քրդերի, հայերի արյունով և իր պապերի նման, որոնց ձեռքներն էլ թաթախված են միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով (որոնց ցեղասպանությունը պատմությանը հայտնի է), նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսեր հաջորդ դերի մասին։
Վերջերս նա Բաքվի զորահանդեսում Արաքս գետի մասին բանաստեղծություն կարդաց, և դիմելով Իրանի Ադրբեջանի ժողովրդին՝ հայտարարեց․ «Մենք ձեզանից չենք բաժանվել, մեզ բռնությամբ բաժանել են ձեզանից» և ասաց, որ Արաքսը շուտով ուժ կառնի։ Իրանի խորհրդարանի ազարի պատգամավորներ, ու՞ր եք։ Խորհրդարանի հարգարժան նախագահ և որոշ պատգամավորներ, որ այժմ օրուգիշեր նախագահական ընտրություններով եք տարված, գիտե՞ք, որ Էրդողանը նախորդ շաբաթ Բաքվի զորահանդեսում «Արազ» երգից մի հատված է արտասանել, որը մի խումբ պատեհապաշտների համար Արաքսի երկու ափերի բաժանության խորհրդանիշն է, Իրանի մասնատման գաղտնիքը։ Ժամանակն է եկել, որ մեր արտաքին քաղաքականությունը վերադարձնենք իր գծերին»,-ասել նա։