«Ռուսաստանը կուսումնասիրի ղարաբաղաադրբեջանական նոր միջադեպը»․ Ֆելգենգաուեր

«Ռուսաստանը կուսումնասիրի ղարաբաղաադրբեջանական նոր միջադեպը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Բաքվում անցկացված զորահանդեսի ընթացքում հնչած ելույթներին և նախօրեին մարտական դիրքերից մեկի ուղղությամբ թշնամու նախաձեռնած հարձակման փորձին։

Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ-ն տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

Ֆելգենգաուերի գնահատմամբ՝ միջադեպը բարդ է մեկնաբանել, քանի որ հրադադարը թեժ պատերազմից հետո ընդհանուր առմամբ գործում է և սադրանքներ չեն պատահում։ Սակայն, ըստ նրա, կողմերի դեպքում կարող են լինել քայլեր, որոնք հակառակորդը կարող է ընկալել՝ որպես սադրանք, որից կարող է բռնկվել փոխհրաձգություն և միջադեպ։

Նրա կարծիքով՝ այն պետք է ուսումնասիրվի, որպեսզի հետագայում նման դեպքեր չլինեն։

Ֆելգենգաուերի խոսքով՝ ռուսական կողմն ամենայն հավանականությամբ արդեն զբաղվում է այդ հաղորդումներով, դրանք անթույլատրելի են։

Ինչ վերաբերում է զորահանդեսին և դրա ընթացքում Ադրբեջանի նախագահի հնչեցրած մտքին, թե՝ Երևանը, Սևանն ու Զանգեզուրը պատմական ադրբեջանական հողեր են, Ֆելգենգաուերն ասաց, որ ադրբեջանական կողմը ոգևորված է հաղթանակից և անում է հայտարարություններ՝ է՛լ ավելի ամրապնդելու հաղթանակը, ոգևորելու իր ժողովրդին։

«Ընդհանուր առմամբ զորահանդեսն ուժի ցուցադրություն էր, հաղթանակի, թուրք-ադրբեջանական համագործակցության խորության ցուցադրություն, և դա հաջողվեց։ Ադրբեջանը գոհ է պատերազմի արդյունքներից, և չեմ կարծում՝ այս պահին նոր սպառնալիքներ կան տարածաշրջանում, քանի որ բազմաթիվ հարցեր կան լուծելու, պետք է լծվել այդ խնդիրների, այդ տարածքներում որոշակի խնդիրների լուծմանը, բանակցությունների վերսկսմանը, բոլոր սուր թեմաների կարգավորմանը, գերիների վերադարձին, անհետ կորածների հայտնաբերմանը, մեծ ծավալի աշխատանք կա անելու, կորուստներ վերականգնելու հարցեր կան։ Այս ֆոնին նոր սադրանքները կլինեն ոչ այնքան ծրագրված, ըստ իս»,- ասաց Ֆելգենգաուերը։

Հարցին, թե ի՞նչ հեռանկար կարող է ունենալ Էրդողանի հայտարարությունը, թե քննարկվում է վեցակողմ համագործակցություն տարածաշրջանում Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ, ասաց, որ բարդ է ասել, քանի որ այս երկրների միջև կան առնվազն մի քանի եռակողմ ձևաչափեր, ինչպիսիք են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան, Ռուսաստան-Իրան-Թուրքիա, ոչ այնքան կայացած Ռուսաստան-Հայաստան-Իրան։

«Բայց ինչպես Հայաստանն ունի խնդիրներ Թուրքիայի և Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանը՝ Ռուսաստանի հետ, և Վրաստանն արդեն հայտարարում է, որ չի պատկերացնում նման համագործակցություն «վեցի պլատֆորմում», քանի որ Ռուսաստանը չի իրականացրել իր միջազգային պարտավորությունները։

Ընդհանուր առմամբ ուշագրավ, հավակնոտ, սակայն բարդ իրականանալի ծրագիր է։ Չեմ կարծում, որ դա մոտ ապագայում հնարավոր է»,- ասաց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031