Բաժիններ՝

Տունս մնաց թուրքերի ձեռքը, ոչ մի բան չենք հասցրել վերցնել. արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Մարտունուց Երևան տեղափոխված արցախցի ընտանիքն անհամբեր սպասում է այն օրվան, թե երբ կկարողանան վերադառնալ Արցախ, ապրել ու արարել:

«Ամուսինս էլեկտրացանցում էր աշխատում, հիմա չկա աշխատանք, բայց որպես կամավոր՝ օգնում է այնտեղ հոսանքի վերականգնմանը: Կառավարության կողմից հատկացվող սոցիալական աջակցության՝ 300.000-ական դրամների համար դիմել ենք, բայց դեռ պատասխան չկա: Իսկ մինչ այդ մի կերպ կարողանում ենք սնունդ հայթայթել: Նախորդ ամսվա կոմունալները բարեկամների օգնությամբ վճարեցինք, այս ամիս էլ մենք պետք է վճարենք, սակայն չգիտեմ, թե ինչպես: Ամեն դեպքում հիմա աշխատում ենք քիչ հոսանք օգտագործել, չնայած ցուրտ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Անուշը:

Նա ցավով է նշում՝ ոչինչ չեն կարողացել իրենց հետ վերցնել, ամեն ինչ պետք է սկսեն զրոյից:

«Տունս մնաց թուրքերի ձեռքը: Ոչ մի բան չենք հասցրել վերցնել, մեր հագի շորերն են, և վերջ: Այս պահին ունենք հագուստի, ծածկոցի, սննդի կարիք: Կարծում եմ՝ շուտով կվերադառնանք Ստեփանակերտ, որը համեմատաբար ապահով է: Կարողացել ենք վարձով բնակարան գտնել, երկու սենյականոց տան համար 150.000 դրամ ենք վճարելու, դատարկ է, բայց պետությունն ասել է՝ գույքով, տեխնիկայով կօգնեն, կփոխհատուցեն 50.000 դրամի չափով: Դա էլ մի կերպ ենք ճարել»,- նշեց նա:

Ընտանիքին կարող եք օգնել՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով` 093609343:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս