Հանրության գերակշիռ մասը պատրաստ է տրվել օտարի կառավարման, քան հավատալ սեփական կարող եզակիներին. Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայի վիշտը
Հայաստանի Հանրապետությունում ներկա բնակչության շուրջ 40%-ն է (մինչև 30 տարեկանները), որ սեփական երկրում է ծնվել:
Մնացյալը, այդ թվում ես, այլ պետության մաս կազմող տարածքում ենք ծնվել և կրթություն ստացել: Ինչքան էլ, որ այդ տարածքը ՀԽՍՀ էր կոչվում այն այլ պետության մաս էր, ապրում էր պարտադրված կոմունիստական օրակարգով, իսկ մեր պապերի մեծամասնությունը կյանքի այդ ձևը սեփական կամքով չէր ընտրել:
Հավատում եմ նրան, որ գենը ունի սովորելու, տեղեկատվություն կրելու և փոխանցելու հատկություն: Իմ ու նախնիներիս գեներում պետականության գիտակցման տեղեկատվություն չի եղել: Իմ պապի հայրը Օսմանյան կայսրությունում է ծնվել, հավանաբար նրա հայրը նույնպես, պապս ու նրա որդիները ծնվել են ռուսական կայսրությունում` ԽՍՀՄ-ում. Ես էլ:
Իմ ու նախորդող սերունդների համար պետականություն հասկացողությունը խորթ է. Հիմա էլ, որ շատերին հարցնես կասեն, ինչու ոչ, դառնանք ռուսական միության մաս` «անհոգ» ապրենք:
Տարօրինակ է, որ ինձ մոտ ինչ-որ բան «տեղում» չէ: Իմ նախնիների մեջ, ինչքանով տեղյակ եմ, չեն եղել պետական գործիչներ, որոնք պայքարել են անկախ ու ինքնուրույն Հայաստան ունենալու համար: Եղել են ազգականներ, որոնք Արցախի համար են պատերազմել, սակայն նրանք զինվորական են եղել, պարտք են կատարել, չեն եղել պետականության կրողներ: Պապուս մշեցի հայրը (հորս պապը) դաշնակ է եղել, բայց դա ցուցիչ չէ, այդ ժամանակ գրեթե բոլոր հայերը դաշնակ էին:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, պետականություն ունենալու և սեփական երկիր ունենալու նախանձախնդրությունը մոտս ծագել է ԱՄՆ-ում սովորելու տարիներին: Հավանաբար պատճառը միջավայրն էր. Միջավայր էր, որտեղ շփվում էինք և սովորում նաև միմյանցից, իսկ այդ անձինք մարդիկ էին, որ դարերով սեփական երկիրն ու պետականությունը ունեցող գեներ ունեին: Նրանք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ էին, քաղաքական գործիչներ կամ էլ պետական ծառայողներ, որոնցից շատերը սերունդներով էին իրենց պետության շենացմանը ծառայում: Նրանցից շատ եմ լսել ու սովորել:
Վերադառնալուց հետո Հայաստանում շատ-շատերի հետ եմ շփվել, գերակշիռ մասը պետական ծառայողներ, այդ թվում բարձրաստիճան, նաև շատ քաղաքական անձանց հետ: Շփվել եմ և աշխատանքի բերումով և ուղղակի որոշակի ընդհանուր հետաքրքրություններից ելնելով: Դիտարկումս նա է, որ եզակիների մոտ եմ նկատել պետականության և դրա կարևորության խորը գիտակցում:
Այս օրերի աղետալի վիճակը հենց սրանով եմ ես մեկնաբանում: Մենք տեսակ ենք, որ այդ եզակիներով չենք կարողանում միավորվել և հանրությանը սեփականը ունենալու օրակարգ առաջարկել: Իսկ հանրության, իմ համոզմամբ, գերակշիռ մասն էլ, հավանաբար ավելի շատ, քան շուրջ 60-ից ավել տոկոս ԽՍՀՄ-ում ծնվածները, պատրաստ են տրվել օտարի կառավարման, քան հավատալ սեփական կարող եզակիներին և նրանց առաջարկած սեփականը ունենալու օրակարգին:
Նույնիսկ ականջ դնող էլ չկա, որ հասկանան կամ ոչ:
Սրանով է նաև բացատրվում մեզ հետ պատահած աղետի չգիտակցումը և հետևյալ արտահայտությունը, որ անթաքույց շատերն են այս օրերին արտաբերում` ավելի լավ է Արցախը ռուսի ձեռքում, քան թե` թուրքի:
Դե իհարկե, ոչինչ որ անհայրենիք ենք մնում և շարունակաբար մնալու ենք օտարի կառավարման տակ ձեր այս գիտակցությամբ: Օտարին տրվելը ավելի նախընտրելի է, քան թե սեփական ուժերին ապավինելն ու սեփական կյանքին ու պետությանը տեր կանգնելը:»: