«Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու». Փաշինյանը՝ իր հրաժարականի պահանջի մասին
«Ես էլի ձեզ ու մեզ բոլորիս ուզում եմ կոչ անել՝ միջոցը չխառնել նպատակին, օրինակ՝ հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Հետևաբար՝ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք մեր առաջ և ինչ խնդիր ենք ուզում լուծել: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ հրաժարական տալու կամ չտալու միջոցով ունեմ այլոց շարքում մի շատ կարևոր խնդիր, որի մասին խոսել եմ ապրիլի 9-ին հաջորդած իմ առաջին ուղերձում»,- ԱԺ-ում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, որը Փաշինյանին դատարկ թուղթ և գրիչ տվեց, որպեսզի նա իր հրաժարականի դիմումը գրի:
Փաշինյանին դահլիճից հուշեցին՝ ոչ թե ապրիլի 9-ին, այլ նոյեմբերի 9-ին հաջորդած ուղերձում: «Այո, որտեղ ասել եմ, թե ինչ խնդիրներ կան առաջիկայում լուծելու՝ Հայաստանի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, երկրորդ՝ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգություն ապահովելը, և երրորդը՝ երաշխավորելը, որ ՀՀ-ում ժողովուրդը շարունակելու է մնալ իշխանության տեր: Եթե նկատեցիք, նախորդ հարցերին ի պատասխան՝ այդ գիծը նորից զարգացրի, որովհետև պահանջել հրաժարական՝ կառավարության և վարչապետի, որին ընտրել է ժողովուրդը, կարելի՞ է այդպիսի բան անել, թե՞ չի կարելի: Իհարկե, կարելի է: Բայց ես կարծում եմ, որ տարօրինակ է, որ այդպիսով ձևավորված կառավարության հրաժարականի կոնտեքստում քննարկվում է ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, այլ քննարկվում է ժողովրդի տված իշխանությունը, կներեք, ժողովրդի հետ որևէ կապ չունեցող սուբյեկտների հանձնելու հարցը: Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու: Մենք պատասխան ունենք՝ մենք չենք իշխանության տերը, իշխանության տերը ժողովուրդն է, և իմ խնդրանքն ու կոչն է, որ ձեր հարցի պատասխանը դիտարկեք այս համատեքստում, և միջոցը չխառնենք նպատակի հետ: Ես կարծում եմ, որ շատ պարզ եմ արտահայտվել և շարունակում եմ պարզ արտահայտվել այդ թեմայով, և էլի ուզում եմ ասել նաև ձեզ, որ դուք ներկայացված եք խորհրդարանում, և, եթե այս հարցադրումը հետաքրքիր է, մենք պատրաստ ենք դա քննարկել խորհրդարանական ուժերի հետ: Մենք այսօր հստակ արձանագրեցինք, որ այն ուժերը, որոնք պահանջում են, ըստ էության, իրենց տալ իշխանությունը, այդ ուժերը չունեն այդպիսի առաջարկ անելու որևէ լեգիտիմություն»,- ասաց Փաշինյանը:
Տիգրան Ուրիխանյանը համաձայնեց աքսիոմատիկ այն ճշմարտության հետ, որ ժողովուրդը պետք է որոշի, բայց հետաքրքրվեց՝ ե՞րբ:
«Եկեք՝ նպատակը ձևակերպենք, հետո քննարկենք դրան հասնելու միջոցը: Եթե պարզվի, որ մենք ունենք կոնսենսուս խորհրդարանում, որ չի կարելի թույլ տալ, որ ժողովրդին պատկանող իշխանությունը հայտնվի ընտրակեղծարարների ձեռքում, դա կլինի կոնկրետ խոսակցություն, և ինչ է պետք անել դրա համար: Այո, շատ ճիշտ նշվեց, որ պետք է հնարավոր զինված խմբերին զինաթափել, ինչը արվում է և կարվի: Պետք է ապահովել ազատ կամարտահայտման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչը կապահովվի: Ի վերջո, պետք է նաև գնահատել քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողություն անել: Սա է իմ պատասխանը»: