«Հայաստանի իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմը անխուսափելի դարձնելու համար»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց, որ անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից։

«Ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմը անխուսափելի դարձնելու համար։ Մենք կարող ենք ուղղակի կետերով անցնել, ես նոր բան չեմ ասելու, որովհետև հետևում էի մամուլին այս վերջին 1 ամսվա ընթացքում, ուղղակի կարելի է ի մի բերել՝ մեկ ամբողջական պատկերացում ձևավորելու համար, թե ինչու։

Բանակցային գործընթացը գիտակցաբար մտցվեց փակուղի․ իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ համանախագահողները նույնիսկ չէին հասկանաում, թե հայկական կողմն ինչ է ուզում։ Ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմը ուղղակի տարբեր հնարքներ է հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար։ Պատերազմը սկսվել է այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում է և տապալվում է հայկական կողմի պատճառով։

Երկրորդ՝ ըստ էության, հայկական կողմը, մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Արցախի Հանրապետության գոյության իրավական հիմքը ազգերի ինքնորշման իրավունքի կիրառումն է։ Մենք մեր հայտարարություններով փոխեցինք, ըստ էության, և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ, և սա է պատճառը, որ միջազգային հանրության կողմից այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտվում էր՝ որպես տարածքային ամբողջականության վերականգնում։ Քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար։ Դուք կարո՞ղ եք ասել։ Սրա անունը ին՞չ է, եթե ոչ դիվանագիտական ձախողում։ Պատերազմ սկսող կողմը չդատապարտվեց պատերազմ սկսելու համար։ Պատճառը մեկն է՝ վերականգնում էր իր տարածքային ամբողջականությունը, իսկ այդպիսի ընկալումը մեր իշխանությունների ուղղակի մեղքն է։ «Արցախը Հայաստան է և վերջ» մի բանաձև է, որ նշանակում է ուղղակի տեղափոխել հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ՝ տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ։ Սա է պրոբլեմը»,-պարզաբանեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այդ երկու հարցի ուղղակի մեղավոր ՀՀ վարչապետն է․ «Ինքը սկսեց զրոյական կետից, իր սեփական կետից, իսկ սեփական կետը այն էր, ինչի մասին ես ասացի։ Հաջորդ՝ Տավուշում հրահրած սահմանային կոնֆլիկտը՝ մեր կողմից հրահրած, հյուսիսում։ Երբ ԳՇ պետը ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի և դրանից 1 ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու մարտական խաչ շքնանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու դա։ Հաջորդը՝ հայտնի թեզը պաշտպանության նախարարի՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։

Հիմա հարց է առաջանում՝ այդ թեզը, որևէ առնչություն ունե՞ր ԳՇ կարծիքի հետ, թե՞ ոչ։ Իրենք իրար հետ գոնե քննարկո՞ւմ էին մեր հնրավարությունները, թե՞ ոչ։ Ո՞նց էր վարչապետի մոտ համադրվում այս երկու մոտցումը՝ ԳՇ-ի և պաշտպանության նախարարի։ Բայց սա մի կողմ դնենք։ Ըստ էության, պաշտպանության նախարարի միջոցով մենք հնչեցրել ենք Ադրբեջանի նկատմամբ այնպիսի սպառնալիք, որի ամենից կարճ չեզոքացման ճանապարհը Թուրքիայի ներգրավումն է պատերազմի մեջ։ Դու ասում ես մի բան, որի համար բավարար ուժ չունես, որին ընդունակ չես գնալու, բայց քո խոսքով դու դրդում ես քո թշնամուն Թուրքիայի հետ շատ ավելի ինտեգրված պաշտպանական համակարգում համագործակցության և մենք տեսանք դրա արդյունքը։ Հիմա, ինչո՞ւ դատարկախոսությամբ զբաղվենք, եթե, այսպես ասենք՝ տակը բան չունենք։ Եվ սա ևս արվում էր կառավարության անդամի կողմից և վստահաբար կարող ենք ասել, որ վարչապետի գիտությամբ»։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց՝ կարելի էր այդպես անել միայն այն պարագայում, երբ դու այնքան ուժեղ ես, որ կարող ես կոպիտ ասած՝ թքած ունենալ նման կարգի նրբերանգների վրա․ <Բայց այդպես չէ՝ ռեսուրսների առումով, բնակչության քանակի, բյուջեի, ՀՆԱ-ի։ Մեր իշխանությունը գիտակցելով, թե չգիտակցելով՝ արել է ամեն ինչ այս պատերազմը անխուսափելի դարձնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս