Փաշինյանի հրաժարականը պահանջողների ցուցանիշն աճել է. «GALLUP International association»

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցիչ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ի ներկայացուցիչների խոսքով՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ պատերազմից հետո նվազել է պետական ապարատների նկատմամբ վստահությունը: Հետպատերազմական քաղաքական զարգացումների վերաբերյալ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը ՀՀ-ում 1.000 հեռախոսային հարցում են իրականացրել ու կազմել «Բումերանգ» հաշվետվությունը:

Առաջին հարցը, որն ուղղել են հարցվածներին, հետևյալն է. «Արդյո՞ք կարծում եք, որ այսօր ՀՀ-ն ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան նախքան 44-օրյա պատերազմը»: Հարցմանը մասնակցած քաղաքացիների 15.4%-ը պատասխանել է, որ «միանշանակ ապահով է», 19.5 %-ը նշել է, որ «ավելի շուտ ապահով է», «ավելի շուտ ապահով չէ» նշել է 18.9%-ը, իսկ  38.2%-ի կարծիքով՝ «ընդհանրապես ապահով չէ»:

Հարցված քաղաքացիների 86.5%-ը նշել է, որ ՀՀ-ի անվտանգությանը սպառնում է Թուրքիան՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր երկիրը կամ երկրներն են սպառնում ՀՀ անվտանգությանը: 70.9%-ը նշել է, թե սպառնալիքը Ադրբեջանից է: Հարցվածների 11.7 %-ի կարծիքով՝ ՀՀ-ի անվտանգության սպառնալիք կա Ռուսաստանից, 10.4 %-ի կարծիքով՝  Իսրայելից:

Հարցվածների 28.8%-ը տեսակետ է հայտնել, որ ներկա պահին միանշանակ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն, 16.9%-ը նշել է՝ «ավելի շուտ այո», 14.3%-ը նշել է՝ «ավելի շուտ ոչ», իսկ  27.2 %-ն էլ կարծիք է հայտնել, որ ներկա պահին չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 12.8%-ը դժվարացել է  պատասխանել այս հարցին:

«Կա՞ անհրաժեշտություն, որ ՀՀ-ն վերադառնա կառավարման կիսանախագահական համակարգին, թե՞ պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը»,- եղել է հարցվածներին ուղղված չորրորդ հարցը, որին ի պատասխան՝ հարցվածների 36.8 %-ը նշել է, որ պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը, 32.6 %-ն էլ վստահություն է հայտնել, որ  պետք է վերադառնանք կիսանախագահականին: Հարցվածների 30.5 %-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Պարզվում է, որ հարցվածների 41.5 %-ն է ծանոթ պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 6-ամսյա ճանապարհային քարտեզին:  Հարցվածների 56.3 % ծանոթ չի եղել Փաշինյանի ֆեյսբուքյան այդ հրապարակմանը:

Վերջին հարցը, որն այսօր առավել շատ քննարկվողն է ՀՀ-ում, վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:  Հարցվածների 37.8 %-ը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել՝ որպես ՀՀ վարչապետ: Ի դեպ, պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ նոյեմբերի 13-ին և նոյեմբերի 18-ին,  «GALLUP International association»-ը նույնաբովանդակ  հարց  ուղղել  էր քաղաքացիներին: Հարցման պատասխանները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը նվազել է:

«Եթե նայում ենք դինամիկայի մեջ, մենք տեսնում ենք, որ այս ցուցանիշը գնալով նվազում է, և նախորդ երկու փուլերում եղել են այլ ցուցանիշներ: Եվ եթե համեմատում ենք առաջին փուլի հետ, երբ որ 48.1 % էր, գրեթե 10%-ով նվազել է  ցուցանիշը»,- հարցման արդյունքները ներկայացնելով՝ ասաց ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցվածների 45.3%-ն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

«Եթե դինամիկայի մեջ մենք նայում ենք, տեսնում ենք, որ այս ցուցանիշի աճ է գրանցված»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հարցվածների 16.9%-ը դժվարացել է  պատասխանել այս հարցին:

Տեսանյութեր

Լրահոս