ՁԻԱՀ-ով հիվանդ հասարակություն

Անցած 2,5 տարվա ընթացքում Հայաստանը կորցրեց 2 կարևոր իմունային համակարգ՝ պետականությունը և բարոյականությունը։ Այս համակարգերն են ապահովում երկրի կենսագործունեությունն այն առումով, որ որևէ արտաքին խոտորում, հայրենիքի անվտանգության, մանավանդ՝ գոյության սպառնալիք, այս համակարգերի միջոցով մեկուսացվում է և վնասազերծվում։ Մինչդեռ նիկոլիզմը ներթափանցեց Հայաստան և իրենով վարակեց իմունային համակարգերը՝ առողջ բջիջներին դարձնելով ոչ միայն վարակին դիմադրելու անընդունակ, այլև վարակը տարածող։ Ինչ-որ առումով ականատես եղանք հասարակական մի երևույթի, որը բժշկության մեջ ճշտորեն նկարագրվում է՝ որպես ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ/СПИД)։

Պետական համակարգի կարևորագույն թերացումները՝ կոռուպցիան և ընտրակեղծիքները, պոպուլիզմի վիրուսի կողմից մուտացվեցին և մատուցվեցին՝ որպես պետական համակարգի միակ էություն։ Ու կարևոր չէ, որ հետո վիրուսն ինքն օգտագործեց ընտրակեղծիքները վերարտադրվելու ու բազմանալու համար, կարևորն այն է, որ առողջ օրգանիզմի այդ վերքերը դարձան վիրուսի ներթափանցման ուղի։

Բազմիցս փոփոխված ու ամեն իշխանավորին ադապտացված Սահմանադրությունը չկարողացավ կանխել այդ աղետը, քանի որ Սահմանադրությունը չէր քննարկում «նռնակով շիմպանզեի» շոկային թեստը։ Իսկ նռնակով շիմպանզեն եկավ։

Ամենամեծ փորձությունը մեր ազգային բարոյականության համար էր, որին այս համակարգը չդիմացավ։ Փաստորեն, անընդհատ գլուխ գովալով, թե՝ «Երկուհազարամյա քիրստոնեություն», «Հինգհազարամյա ազգ», «Ցեղասպանության դասեր», «ազգային նկարագիր», մենք չկարողացանք դիմագրավել հենց այդ նկարագիրը խժռող վիրուսին։ «Ինչն է լավ և ինչն է վատ», «ինչ կարելի է անել և ինչ չի կարելի» հարցերին մշտապես ունիվերսալ պատասխաններ ունենալու պարտավորություն ունեցող բարոյականության համակարգը չկատարեց իր պարտականությունները և տեղի տվեց «գողացեեեել են», «թալանեեեել են», «դղյակնեեերը» պոպուլիստական ղժղժոցների առաջ։

Այս խնդրի ակունքները բազմաթիվ են՝  սկսած պետականության բացակայության պատճառով չկայացած ազգայնականության վրա մարդու մարգինալ իրավունքները նստեցնելու ունիվերսալիստական ցանկության փորձերից՝ մինչև սովետական «յոլա գնալու» և «գլուխ պահելու» պրակտիկան։ Բայց ամենակարևորը՝ որ իրար հանդեպ ազնիվ չենք։ Կիսաճշմարտությունը, կիսասուտը դարձել է ոչ այնքան քաղաքական, որքան հասարակական շփման պրակտիկա, ինչի հետևանքով առանց ամաչելու ծնվում են նիկոլներ ու արծրուններ։ Ընդհանրապես, որպես ավանդական հասարակություն, մեզանում լուրջ վերարժևորումների կարիք ունեն ամոթի, խայտառակվելու,  արժանապատվության, համբավի, հպարտության ինստիտուտները։

Իսկ որպես քրիստոնեական համայնք՝ կարիք ունենք նորից խորքից հասկանալու սիրո, հավատի և ազատության արժեքները։ Անկախության տարիներին եկեղեցին չկարողացավ վերանալ «պետության պաշտպանի» իր հազարամյա պաշտոնից և դառնալ հոտի պաշտպան, այն հոտի, որն այս շոկից ապշած ու շանթահարված՝ տեր է ման գալիս, և չկա այն հզոր Եկեղեցին, որ բացատրի, թե Տերը մեկն է։

Մեր հավատո հանգանակը, մեր բարոյական համակարգն այնքան է ճապաղվել, որ մի հատ «Սիրում եմ ձեզով» ու «Հպարտով» ծախվում ենք, ազատագրվելու փոխարեն՝  դառնում ենք ստրուկ։

Պետական համակարգի համար պետք է խոստովանենք, որ անկախության 30 տարիների ընթացքում ավելի շատ հզորացրել ենք պետական պաշտոն զբաղեցնող այրերին ու պետական սիմվոլները՝ պետական ինտիտուտների փոխարեն։ Ու թեև առաջին հայացքից զարմանալի էր, բայց,  իրականում,  ամենևին էլ պատահական չէր, որ պետություն ունենալու մեր զգացումը պահպանեցին դատավորները, որոնց վրա ընդհանրապես հույս չէինք դնում։ Իրականում այս համակարգը դարձել է մարդ-ինստիտուտ, որն այնքան ինքնաբավ է, որ PR-ի կարիք չունի։

Բարոյական համակարգի համար, որպեսզի կարողանանք ազատագրվել հայաթի վուլգար գողականի կեղծ իմպերատիվներից ու գնալ դեպի ազատություն, հիմնական պատասխանատուներ ունենք՝ եկեղեցի, կրթություն և մեդիա։ Եկեղեցին դեռ չի ուզում դուրս գալ իր պատերից ու գնալ դեպի հոտը, իր գոյության երաշխիքներ է փնտրում՝ մարդկանց փրկության երաշխիքներ տալու փոխարեն, սա՝ մի կողմ։ Կրթական համակարգը կարևորագույն  բարեփոխումների կարիք ունի, գոնե այնքան, որ, երբ ասում են՝ «հինգ հազար զոհ», մարդիկ դա չընդունեն՝ որպես վիճակագրություն, այլ կարողանան միաժամանակ ընկալել 5 հազար ցավ, 5 հազար ողբերգություն ապրել, այնպես, որ ոչ ոք չմտածի, թե ասելով՝ «դրա փոխարեն 30 հազար կյանք փրկեցի», երբևէ կարող է արդարանալ։

Ավելի դինամիկ ու ավելի այլակերպված է մեր մեդիան։ Այն դարձել է հասարակությանը ճամբարների բաժանելու ոչ միայն գործիք, այլև սիմվոլ։ Մեդիայով ներարկվող «Կիսաբաց լուսամուտները», «Սուպեր մամաները», կեղծ զգացմունքներն ու փողոցային ժարգոնը հիմա աշխատում են՝ որպես հասարակության իմունային համակարգը թուլացնող գործիքներից մեկը։

Համատարած ատելության մթնոլորտի փոփոխության դեպքում մեդիայի հետ կետային, փոքր աշխատանքն  անգամ այն կարող է դարձնել ոչ միայն ինքնապաշտպանության, իմունիտետի բարոյական բաղադրիչի կազմակերպիչը, այլև ճշմարտության լիդերը։ Հիշեցի, որ ամերիկացիները վերջնականորեն համարեցին, որ Թրամփը պարտվել է ընտրություններում ոչ թե՝ դատարանի որոշումներից հետո, այլ՝ երբ հանրապետականների ազդեցության տակ գտնվող Fox News-ը հայտարարեց այդ մասին։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս