«Մի քանի օր առաջ մենք ենթադրյալ ռազմագերիների մի քիչ ավելի մեծ խմբի վերաբերյալ պահանջ ենք ներկայացրել ՄԻԵԴ». Եղիշե Կիրակոսյան

«Սկսած սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրվանից, մենք ներկայացրել ենք 1-ին դիմումը, որի հիման վրա Դատարանը որոշում կայացրեց սեպտեմբերի 29-ին, այնուհետև հոկտեմբերի 6-ին եղավ 2-րդ որոշումը: Ի լրումն մեր ներկայացրած դիմումների՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացվում էին լրացուցիչ ապացույցներ և փաստարկներ, որով հիմնավորում էինք Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցը, Կոնվենցիայի և մարդասիրական իրավունքի խախտումները»,- պատերազմի ժամանակ Հայաստանի՝ ՄԻԵԴ ներկայացրած գանգատների, դրանց ընթացքի և բարձրաձայնված խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ խոսքն առաջին հերթին քաղաքացիական անձանց ու օբյեկտների պարբերական թիրախավորումների մասին էր, ինչպես նաև Թուրքիայի՝ վարձկանների միջոցով այդ պատերազմում ներգրավվածության:

«ՄԻԵԴ ներկայացրած պահանջի հաջորդ տեսակը վերաբերում է ադրբեջանական իշխանության վերահսկողության ներքո անցած քաղաքացիական կամ զինվորական անձանց: Առաջին դիմումը դեռ հոկտեմբեր ամսին էինք ներկայացրել, իսկ 2-րդ դիմումը տվեցինք նոյեմբերի 11-ին, և արդյունքում՝ մենք ունենք մեկ կայացված միջանկյալ որոշում կոնկրետ 9 անձանց մասով, որով Ադրբեջանի կառավարությանը ժամանակ էր տրվել կոնկրետ իր մոտ պահվող այդ անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու: Ցավոք սրտի, Ադրբեջանը ժամկետները բազմիցս խախտել էր»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ, որպես ժամկետ՝ նշված է դեկտեմբերի 4-ը, որ Ադրբեջանը պետք է ներկայացնի կոնկրետ անձանց առողջության ու պահման պայմանների վերաբերյալ մանրամասն փաստարկված վերլուծություն:

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն ասաց նաև, որ մի քանի օր առաջ իրենք ենթադրյալ ռազմագերիների մի քիչ ավելի մեծ խմբի վերաբերյալ պահանջ են ներկայացրել, որի մանրամասներն այս պահին չի բացի, մինչև չլինեն հստակեցումներ:

Տեսանյութեր

Լրահոս