«Եթե մենք չունենք օրենսդրական սահմանափակում դա անելու համար՝ այստեղ խնդիր չեմ տեսնում». ՓՄՁ ասոցիացիայի նախագահը՝ ադրբեջանական շուկայի մասին

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Ռուբեն Օսիպյանի խոսքով՝ կանխատեսումներ կան, որ տնտեսության ընդհանուր վիճակը վատթարանալու է, աշխատանքային ռեսուրսների, աշխատանքի խնդիր կա, նաև մոտիվացիայի խնդիր են տեսնում։

«Բնակչության բավականին ստվար զանգված մտածում է երկրում մնալ-չմնալու հարցի շուրջ և դրա հետ կապված գործ անել-չանելու շուրջ։ Այստեղ պետք է սթափ նայենք իրավիճակին։ Որպես ասոցիացիա՝ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հիմա մեղավոր փնտրելով, կոնկրետ անձնավորված մեղավոր դարձնելով՝ ամեն մեկս մեր կողմից մեր վրայից խնդիրը բարդում ենք ուրիշի վրա և պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում անել։ Նախկինում շատ էր տարածված այն կարծիքը, որ մենք պետք է ապահովենք պետական աջակցություն այն բիզնեսներին, որոնք մի կերպ գոյատևում են։ Ըստ իս, հիմա թիրախը պետք է փոխվի, պետք է աջակցենք արդյունավետ, գրագետ, դեպի արտահանման միտված բիզնեսներին, որպեսզի  փոխենք իրավիճակը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Օսիպյանը։

Հիշեցնենք, որ  ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ փոքր, միջին ձեռնարկատերերի մասնակցությամբ՝  քննարկվեցին ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակության ու հանդիպումների պարբերականության հարցերը։

Իսկ Ռուբեն Օսիպյանը խոսքում  շեշտեց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա Հայաստանը հնարավորությունների երկիր է այն տեսանկյունից, որ շատ բան արված չէ։ Հետևաբար՝ կարող են տեսնել, թե արտերկրում ինչ հաջողված փորձեր կան, դրանք կրկնեն Հայաստանում և ունենան հաջողակ բիզնեսներ։

«Եթե նախկինում կարող էր ընդունելի լիներ՝ չգրանցեին աշխատակիցներին, աշխատավարձը լրիվ չգրանցեին, հիմա դա պարզապես պետք է դառնա անընդունելի»,- հավելեց նա։

Անդրադառնալով Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի այն հայտարարությանը, որ գուցե ադրբեջանական շուկան բացվի Հայաստանի համար, իսկ հայկական շուկան՝ Ադրբեջանի համար, Ռուբեն Օսիպյանը նկատեց՝ այս պահին մի քիչ հուզական է Ադրբեջանի հետ աշխատելը,  և բոլորի համար այն կարող է դիտվել՝ որպես բավականին ծանր ու դժվար որոշում։

«Բոլոր դեպքերում, կարծում եմ՝ ներկա վիճակում տնտեսական զարգացումը պետք է բոլորիս համար թիվ մեկ առաջնահերթությունը դառնա, և ինչ-որ տեսանկյունից, եթե նախկինում առաջնահերթությունը ուժային բլոկին էինք տալիս, ապա դա ինչ-որ տեղ սխալ էր, կարծում եմ՝ առաջնահերթությունը պետք է տային տնտեսական բլոկին։ Եթե էկոնոմիկան բավականաչափ ուժեղ լիներ, ապա արդյունքներն էապես այլ կլինեին։ Այս տեսանկյունից, կարծում եմ՝ ցանկացած էկոնոմիկայի նախարարի դերը  կայանում է նրանում, որ ինքը բիզնեսի զարգացման համար ստեղծի հնարավորություններ։ Եթե անկեղծ, ապա այս իրավիճակն ինքնին լրիվ մտահոգության տեղիք է, և հիպոթետիկ ենթադրեմ, որ, եթե մենք Ադրբեջանից խնձոր ներմուծենք, կարող է իրենք դեղ սրսկեն, սա առաջնահերթ չէ քննարկելու համար։ Եթե որևէ բիզնեսմենի համար նպատակահարմար լինի իր ապրանքը արտահանել դեպի Ադրբեջան կամ ներմուծել, ապա դա նրա որոշելու հարցն է, եթե մենք չունենք օրենսդրական սահմանափակում դա անելու համար, ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս