«Նիկոլ Փաշինյանն այս 2.5 տարիների ընթացքում մեզ բերեց այս պարտությանը». Գագիկ Մինասյան
ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն այսօր ասուլիսը սկսեց հռետորական հարցով, այն է՝ արդյո՞ք տրամաբանական էր այս մեծ ողբերգությունը, պարտությունը, թե՞ հնարավոր էր խուսափել դրանից:
«Եթե անդրադառնանք վերջին 2.5 տարիների ընթացքում ՀՀ-ում իրականացվող քաղաքականությանը, ապա պետք է հստակ ասենք, որ այդ քաղաքականությունն իրականացվում էր մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Մեկ մարդու անսահմանափակ իշխանություն էր, որի առանձնահատկությունն այն էր, որ ինստիտուտները չէին աշխատում, աշխատում էր մեկ մարդու միտքը և կամքը: Ըստ էության, այդ ընթացքում իրականացվեցին կարևոր քայլեր, որոնք, ես համոզված եմ, կանխորոշեցին նաև ողբերգությունը, որի առջև այսօր կանգնած է մեր պետությունը և հասարակությունը: Այդ քայլերը երկուսն էին, առաջինը՝ պետական ինստիտուտների ոչնչացում, իսկ երկրորդը՝ պետության էլիտաների ոչնչացում: Մեզ հետ այդպես են վարվել արաբները, բյուզանդացիները, թուրքերը, մոնղոլները, այդպես վարվեց նաև Նիկոլը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մինասյանը՝ շեշտելով, որ բոլոր պետական ինստիտուտները հետևողական ոչնչացվել են, դրանք նախարարություններն են և այլ կառույցները, գիտությունը, հավատքը:
«Մեր զինվորական էլիտան ամենակայացածն էր ու գնահատվածը հասարակության կողմից, և բանակային էլիտայի ուղղակի արժեզրկումը և հետևողական ոչնչացումը տեղի ունեցավ: Հետևաբար, այն արդյունքը, որին ականատես եղանք, լրիվ կանխատեսելի էր և մտնում էր նոր ժամանակների պատերազմների վարման, հիբրիդային պատերազմի մեթոդաբանության մեջ: Եվ հարցը, որ պետք է տանք, այն էր՝ արդյոք սա պատահակա՞ն էր, թե՞ միտումնավոր: Իմ ենթադրությունն այն է, որ սա պատահական լինել չէր կարող, որովհետև չափազանց հետևողական իրականացվեց այս ընթացքը և բերեց այն ողբերգությանը, որի առջև մենք կանգնած ենք»,- նշեց ՀՀԿ անդամը:
Հաջորդ խնդիրը, Գագիկ Միասյանի դիտարկմամբ՝ դա այն բալանսի վերացումն էր, որը ձևավորվել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման ոլորտում՝ 30 տարիների ընթացքում:
«Դա ռազմաքաղաքական բալանսն էր մեր հակառակորդի՝ Ադրբեջանի հետ: Մեր ռեսուրսներն ակնհայտորեն զիջում էին այն ռեսուրսներին, որ ուներ Ադրբեջանը, բայց քաղաքական կոմպոնենտը միշտ մեզ մոտ եղել է ավելի գերակա՝ Ադրբեջանի նկատմամբ, և դա ռազմաքաղաքական բալանսն էր, որը թույլ էր տալիս ռազմաճակատի գծում ապահովել հավասարությունը: Եվ այս 2.5 տարիների ընթացքում Փաշինյանն, ըստ էության, քայքայեց այդ և՛ ռազմական, և՛ քաղաքական կոմպոնենտները: Բավական է հիշել, թե ինչպես հետևողականորեն մեր բոլոր բարեկամների և դաշնակիցների հետ պրոբլեմներ ստեղծեց: Խոսքը միայն Ռուսաստանի հետ չէ: Տեսեք, թե իրականացվող քաղաքականության արդյունքում ինչ հարաբերություններ ժառանգեցինք՝ Իրանի հետ: Բավական է հիշել, թե ինչպես էր նաև արտահայտվում Իրանի մասին, երբ այստեղ էր ԱՄՆ ներկայացուցիչը: Ասում էր, որ ցանկացած րոպե կարող է փակվել Իրանի հետ ճանապարհը, ԻԻՀ-ից դեպի Հայաստան ձգվող ճանապարհը դարձել է թմրանյութերի տարհանման ճանապարհ:
Այսինքն, հիմնական մեղադրանքները, որ աշխարհը ներկայացնում է մեր բարեկամ և հարևան Իրանին, այդ օրերին իր շուրթերով արտահայտեց Նիկոլ Փաշինյանը: Տարօրինակ է, որ հաջողացրեց գժտվել ոչ միայն Իրանի հետ, այլև Իսրայելի հետ: Դա ուղղակի ունիկալ մի հնարք էր, որովհետև չեք գտնի մի երկիր, որը թշնամական հարաբերությունների մեջ է միաժամանակ և՛ Իրանի, և՛ Իսրայելի հետ: Նիկոլ Փաշինյանը դա կարողացավ անել: Նա մեծ պրոբլեմներ ստեղծեց նաև Վրաստանի հետ՝ անհեռատես կամ թերևս մտածված քաղաքականության արդյունքում: Այդպիսին էր իրավիճակը նաև մեր կարևորագույն գործընկեր Չինաստանի հետ»,- ընդգծեց ՀՀԿ անդամը:
Գագիկ Մինասյանը հիշեցրեց՝ երբ խոսվում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հստակ արձանագրում էին, որ այդ խնդիրը ռազմական լուծում չունի:
«Բայց պատերազմից երեքը միասին այդպիսի որևէ հայտարարություն չարեցին և պատճառը մեկն էր. այդ 2.5 տարիների ընթացքում հետևողականորեն քայքայվեց այն ամբողջ կառույցը, որը ստեղծվել էր այս տարիների ընթացքում եռանախագահողների հետ համաձայնեցված քայլերի արդյունքում, և դրա առանցքը ազգերի ինքնորոշման սկզբունքն էր, բայց գալով իշխանության՝ ինքը նոր թեզ առաջ քաշեց և այդ ազգերի ինքնորոշման թեզը փոխեց անվտանգության թեզով: Իսկ անվտանգություն դուք կարող եք ակնկալել նաև Ադրբեջանի կազմում լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման պարագայում: Եվ այս առումով ուղղակի քայքայեց ամբողջ մեխանիզմը, որի հիման վրա մենք կարողացել էինք ճիշտ քաղաքական բալանս ապահովել՝ մեր հիմնական խնդիրները լուծելու առումով: Նոր մոտեցումները որևէ մեկին, այդ թվում՝ նաև Հայաստանում, հասկանալի չէին: Ի՞նչ է նշանակում՝ ես սկսում եմ նոր կետից, և այդ նոր կետը բերեց հենց այն ողբերգությանը, որին ականատես ենք: Ի՞նչ է նշանակում՝ մի հարցրեք, թե մենք ինչի մասին ենք բանակցում. ինչի համար պետք է, դրա մասին էլ բանակցում ենք: Եվ այսպիսի անհետևողական կամ, թերևս, հետևողական ու դեպի պարտություն տանող քայլերի արդյունքում զրկվեցինք բալանսի քաղաքական բաղադրիչից»,- ասաց ՀՀԿ անդամը:
Նրա խոսքով՝ մեծ էին ավերածությունները նաև ռազմական բաղադրիչի դեպքում. վարկաբեկվեց բանակի ռազմաքաղաքական էլիտան, և այն երախտավորները, ովքեր տարիների ընթացքում կարողացել են կառուցել մեր պաշտպանական համակարգը, հեռացվեցին իրենց պաշտոններից, պաշտպանական շրջանների հրամանատարների անտրամաբանական փոփոխություն տեղի ունեցավ Արցախում, սպառազինության բնագավառում անհեռատես ծախսեր կատարվեցին, փոխվեց այն ստրատեգիական պլանը, որով պետք է ապահովեինք վերջին 2-3 տարիների ընթացքում մեր բանակի համալրումը: Դրա փոխարեն բերվեցին զինատեսակներ, որոնք կամ չօգտագործվեցին, կամ շատ անփառունակ օգտագործում եղավ: Խոսքն օդանավերի մասին է, իսկ այդ մեծ գումարների շնորհիվ կարող էինք էապես բարելավել օդային պաշտպանության հետ կապված խնդիրները:
«Եվ այս քաղաքական ու ռազմական բնագավառներում իրականացվող ավերածությունների հետևանքը չէր կարող իր ազդեցությունը չունենալ պատերազմում և նույնիսկ մեր գեներալներից մինչև շարքային անձնուրաց պայքարի շնորհիվ հնարավոր չեղավ կոմպենսացնել այն մեծ ավերածությունները, որով Նիկոլ Փաշինյանն այս 2.5 տարիների ընթացքում մեզ բերեց այս պարտությանը»,- եզրափակեց Գագիկ Մինասյանը: