«Քանի օր է՝ կռիվը դադարած է, բայց էդ երեխեքը դաշտերի մեջ են՝ անտեր-անտիրական». Ժամկետային զինծառայողի ծնող
Ժամկետային զինծառայողների ծնողներից 15 հոգու ընդունել են Պաշտպանության նախարարությունում։
Նշենք, որ այսօր նրանք հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հստակեցնել իրենց որդիների հետագա ճակատագիրը, որոնք ծառայում են Արցախի Հանրապետությունում։
Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը, ասելով, որ խոնարհվում է մահացած զինվորների առաջ, ավելացրեց նաև, որ այսօր ողջ մնացածների ճակատագիրը պետք է որոշվի, և նրանց պետք է վերադարձնեն։
«Դաշտերում, հողերի մեջ որևէ պայման չկա, գոնե բերեն, 10-20 օր այդ երեխեքն իրենց տանը ուշքի գան, էլի տանեն ծառայության։ Քանի օր է՝ կռիվը դադարած է, բայց էդ երեխեքը դաշտերի մեջ են՝ անտեր-անտիրական։ Գնալու եմ, թող ինձ էլ սպանեն, գնալու եմ բերեմ էդ երեխեքին։ Իրենց կամադիրն էլ է մահացել, Մարտունի 2-ում ինչ կա, որ էդ երեխեքին հողերի մեջ պահում են»,- դժգոհեց զինծառայողի ծնողը։