«Արծրուն Հովհաննիսյանը, նստած Ստեփանակերտի միասնական կենտրոնում, ստատուս է գրում, որ՝ էս պահին ես գտնվում եմ Հադրութում». Հարություն Հարությունյանը՝ պաշտոնական լրատվության մասին
«5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը Կառավարության առջև հացադուլ հայտարարած քաղաքացիներին այցի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց լրատվամիջոցի թիրախավորման դեպքերին, իրենց լրատվամիջոցից խուսանավելու բազմաթիվ փաստերին՝ Հարություն Հարությունյանը նշեց. «Բնական է, որ այդ կարգի մարդիկ կամ քաղաքական գործիչները պետք է խուսափեն այն հարթակներից, որտեղ իրենց հետ նախապես պայմանավորված չեն հարցազրույցները, թե ինչի մասին խոսեն:
Տեսե՛ք ամենավերջին ցայտուն օրինակը Լենա Նազարյանի՝ Հ1-ում հարցազրույցն էր, որտեղ, ի զարմանս ինձ (չնայած հիմա հասկանում եմ` ինչու), Հ1-ի հարցազրուցավարը մեկ-երկու չնախատեսված հարցեր տվեց, և մենք տեսանք՝ ինչ կատարվեց:
Հիմա, պատկերացրեք` նրանք գալիս են մեզ մոտ, և մենք նախապես իրենց հետ չենք պայմանավորվել հարցերի շրջանակը, կամ հարցերը նախապես չենք գրել-ուղարկել, կամ իրենց հետ չենք նստել պարապել, ո՞նց գան մեզ մոտ:
Այս իշխանությունների, Ազգային ժողովի հիմնական մասը պատրաստ չէ ոչ մի դիկուրսի, ոչ մի տեսակի հարցազրույցի: Իրենց այդ ամեն ինչը տրվել է օդից, և իրենք այդ ամենը հիմա վայելում են»:
Լրագրողները «5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրենին հիշեցրին ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հայտնի սպառնալից հայտարարությունը՝ ուղղված իրենց լրագրողին, թե՝ «թող պատերազմը պրծնի, նոր ձեր հալը կտենաք», և հետաքրքրվեցին, թե պատերազմի ավարտից հետո ի՞նչ է եղել, նա պատասխանեց. «Երկու գործ կա: Մի գործը՝ մենք դիմեցինք դատախազություն, դատախազությունը մակագրել է ՀՔԾ, սա քրեական ուղղությամբ, և երկրորդ գործն արդեն ընդունվել է վարչական դատարան, որտեղ մենք պահանջել ենք 840 հազար դրամի փոխհատուցում և տեղում այդ գումարի փոխանցումը Զինապահովության հիմնադրամ:
Ինչո՞ւ 840 հազար. մենք հաշվի ենք առել պատգամավորի աշխատավարձն ու մեկ ամսվա պարգևավճարը: Սպասում ենք դատական պրոցեսի»:
Արդյո՞ք իշխանության կողմից լրատվամիջոցի հետ հաշվեհարդար տեսնելու միջադեպեր չեն եղել՝ հաջորդ հարցին էլ ի պատասխան՝ Հարություն Հարությունյանը նկատեց. «Իշխանություն կա՞: Հենց իշխանություն լինի, կխոսենք այդ մասին»:
Լրագրողները լրատվամիջոցի տնօրենից հետաքրքրվեցին նաև հասարակական հնչեղություն ունեցող հարցերի մասին՝ մասնավորապես, թե ինչու է գերիների փոխանակման հարցերի և նրանց թվի շուրջ ցայսօր տիրում անհստակություն:
«Ինձ հարցեր եք տալիս, որոնք պետք է ուղղեք ՀՀ Պաշտպանության նախարարությանը կամ Հանրապետության վարչապետին, որն իրեն տվյալ դեպքում համարում էր Գլխավոր Գերագույն հրամանատար: Ես չեմ կարող էդ հարցին պատասխանել, բայց ես կարող եմ մի փոքր նյուանս հիշեցնել, որ ռազմագերիների և կորած երեխաների զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ լրատվամիջոցները չեն մասնակցել, և նրանց ծնողներին ստորաբար խաբել են՝ ասելով, թե եթե լրատվամիջոցները մասնակցեն, ձեր երեխաների համար վատ կլինի էն մյուս կողմում, -ի պատասխան՝ ասաց Հ. Հարությունյանը՝ հավելելով, որ սա միտումնավոր ասված խոսք է, որի նպատակն է ծնողներին տրամադրել լրատվամիջոցների դեմ,- Աբսուրդն այն է, որ ինքը հանդիպում է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ, և չկա լրատվամիջոց»:
Դիտարկմանը, թե Կառավարությունում հանդիպումներից հետո ծնողները նաև խուսափում են լրատվամիջոցներից, նա արձագանքեց. «Պետք է հասկանալ ծնողների վիշտը, պետք է հասկանալ բոլորիս վիշտը, պետք չէ մեղադրել ծնողներին: Եթե ծնողներին ասում են՝ լրատվամիջոցներին հարցազրույց չտաք, որ ձեր երեխաների համար վատ չլինի, հասկանո՞ւմ եք, եթե ես էլ լինեի ծնողի տեղում, միգուցե ես էլ ընդունեի առ ի գիտություն, որովհետև մյուս կողմում կորած կամ վիրավոր, կամ գերի ընկած երեխաներ կան:
Այստեղ ամբողջ հարցն այն է, որ ծնողներին ստորաբար խաբում են, ինչպես խաբել են 2.5 տարի շարունակ՝ բոլոր բնագավառների հետ կապված: Այս մարդիկ առանց խաբելու չեն կարող կառավարել, չեն կարող իշխել, այսինքն՝ պետք հասկանալ՝ իրենց ճշմարտությունը շատ հստակ է՝ սո՛ւտ:
Մովսես Հակոբյանն ասեց, չէ՞, 100 տոկոս սուտ է հրամցվել: Մենք տեսել ենք, չէ՞, ինչպես է հրամցվել. մեզ պարտադրում էին այդ սուտը տիրաժավորել, հրապարակել, բոլոր լրատվամիջոցներին, և եթե լրատվամիջոցը փորձում էր ինչ-որ մի բան ճիշտ ներկայացնել, միանգամից ոստիկանությունն այցելում էր և տուգանք էր գրում:
Ես ձեզ ավելին ասեմ՝ Արծրուն Հովհաննիսյանը, նստած Ստեփանակերտի միասնական կենտրոնում, ստատուս է գրում, որ՝ էս պահին ես գտնվում եմ Հադրութում, այստեղ չգիտես ինչու՝ բոլորը հայեր են: Դա գրում է այն ժամանակ, երբ արդեն լուրը տարածվում է, որ Հադրութն ընկած է»:
Լրատվամիջոցի տնօրենը նշում է, որ վերջինի մասին իրեն հայտնել են այնտեղ գտնվող լրագրողները. «Ասում են՝ այդ ստատուսի պահին Արծրունը նստած էր միասնական կենտրոնում: Այսինքն՝ ամբողջ պատերազմի ընթացքում մենք ականատես ենք եղել սուտ քարոզչության:
Ամենավերջին փաստը՝ Մանե Գևորգյանն ասաց, որ Սոթքում չկան այդ տեսակի բաներ, ես միանգամից գրեցի՝ եթե կառավարության խոսնակը հերքում է, ուրեմն հավատացեք, որ կա, և երկու ժամ հետո պարզվեց, որ, այո՛, Սոթքում ադրբեջանցիներ են:
Եթե պետք է երկու-երեք ժամ հետո պարզվի, որ ադրբեջանցիները մտել են Սոթք, Մա՛նե Գևորգյան, ինչո՞ւ ես ստում: Ես չեմ հավատում նրանց ասած ոչ մի բառի: Ծնողներն այսօր հավատում են, որովհետև իրենք ստիպված են, պարտավոր են հավատալ, իրենք իրենց համոզում են հավատալ, վաղը չէ մյուս օրը նրանք էլ չեն հավատալու»:
Մանրամասները՝ տեսանյութում