Պարտվելու ժամանակ, ես խնդրում եմ, իրար մի մեղադրեք. Վարդան Պետրոսյան
Մի խումբ մտավորականներ Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր բարձրաձայնեցին Արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների խնդիրների մասին:
Լրագրողների հետ զրույցում դերասան Վարդան Պետրոսյանը նշեց, որ կազմակերպված միջոցառումը քաղաքական ենթատեքստ չունի. «Շատերը միգուցե քաղաքական ինչ-որ բաներ են տեսնում, կամ փորձում տեսնել, կամ մտավախություններ ունեն: Միգուցե մտավախությունների պատճառով է, որ այդքան շատ մարդ չկար, ինչքան կարելի էր սպասել, բայց ես վստահ եմ, որ մարդիկ կշատանան՝ հասկանալով, որ այս հարցում, որպես մարդ, ուղղակի պարտավոր ենք մասնակցել, օգնել մեր զինվորներին, չմոռանալ նրանց և օգնել նրանց ընտանիքներին, որոնք շատ ծանր հոգեվիճակում են»:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով հասարակության մեջ առկա տրամադրություններին և հնչող գնահատականներին, թե հասարակությունը պառակտված է, նա նշեց. «Պետք է դժվարանամ գնահատականներ տալ, որովհետև շատ մեծ շփումների մեջ չեմ, բայց, այնուամենայնիվ, այդ պառակտումը կա, և ամենավտանգավոր բաներից մեկը դա է»:
Պատասխանելով հարցին, թե որտեղի՞ց սկսվեց այդ պառակտումը, նա ասաց, որ երկար պետք է մտածի պատասխանի շուրջ, ապա հավելեց. «Ամենավտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է: Մեղավոր փնտրելու համար պետք է լուրջ վերլուծություններ անել, այս պահին ես ի վիճակի չեմ, բայց, որ պառակտումը վտանգավոր բան է, շատ վտանգավոր…:
Պարտվողներ են փնտրում, մեղավորներ փնտրում… Ես մի ֆիլմ եմ տեսել դոկումենտալ. Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռադիոյով խոսում է կայսրը, և ցույց են տալիս՝ ժողովուրդը կանգնած է այդ սարսափելի ողբերգությունից հետո ատոմային ռումբի, բոլորը լուռ լալիս են, և Ճապոնիայի կայսրը ներողություն է խնդրում իր ժողովրդից, որ ինքը չկարողացավ պաշտպանել իր ժողովրդին: Նա էլ համարյա լալով է խոսում:
Բայց Ճապոնիան այդ տառապանքը, պարտությունը վերապրեց, ոտքի կանգնեց և մի քանի տասնյակ տարի անց դարձավ աշխարհի ամենազարգացող և առաջադեմ երկրներից մեկը:
Գիտեք՝ պետք է կարողանալ պարտվել, և պարտվելու ժամանակ, ես խնդրում եմ, իրար մի մեղադրեք. բոլորս էլ պարտված ենք և բոլորս էլ ցավ ենք զգում…»։
Հարցին՝ արդյոք չկա՞ն պատասխանատուներ, Վարդան Պետրոսյանը պատասխանեց. «Պատասխան տվողները, երևի պետք է վերլուծություններ կատարել, գտնել՝ ով է պատասխանատուն… նման պարագաներում, եկեք հեքիաթներ չպատմենք, բնականաբար, առաջին պատասխանատուն լինում է կազմակերպիչը՝ իշխանությունը: Էսպես չի՞. կա՞ ուրիշ բան:
Մի մեծագույն թշնամի մենք ունենք՝ մեր ներքին պառակտված միտքն է. երբ մեկը մի կարծիք է հայտնում, անմիջապես Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են նրա վրա և բզիկ-բզիկ են անում: Էս պարագայում մարդու միտքը սկսում է չաշխատել, մարդ վախենում է ինչ-որ մի բան ասել»:
Պարտությունից հետո մեր անելիքներին անդրադառնալով՝ նա շեշտեց. «Պետք է հասկանալ, որ մենք պարտավոր ենք ապրել. ապրելը նաև պարտականություն է, ապրելը միայն լավ ապրելը չէ, ապրելը նաև վատ ապրել է, ծանր պայմաններում ապրելն է: Պետք է հիշել, որ մենք շատ ավելի ծանր պահեր ենք ապրել. մեր ժողովուրդը տարել է, հաղթահարել է ծայրաստիճան աննկարագրելի ծանր պահեր, կարողացել է հաղթել այդ ցավը: Մենք պետք է մեկ անգամ ևս հաղթենք և առաջ գնանք»: