Բուժական կայան, բժշկական պարագաներ.Կայացել է Ֆրանսիայից ՀՀ բերված օգնության ընդունման արարողությունը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը, որին ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը և այլ հյուրեր։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սա Ֆրանսիայի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռն է, որը նախատեսված է աջակցելու արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով տուժած հայ բնակչությանը: Մարդասիրական օգնությունը բաժանվելու է Հայաստանում գործող բուժհաստատություններին։
«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ժոնաթան Լաքոտին, քանի որ մենք նրա հետ մշտապես սերտ համագործակցության մեջ ենք, սկսած կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարից, երբ Ֆրանսիայից բժիշկներ էին ժամանում հայ գործընկերներին աջակցելու և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն, հաշվի առնելով մեր երկրների միջև երկար տարիներ շարունակ գոյություն ունեցող բարեկամությունը», – ընդգծել է Արսեն Թորոսյանը։
Միջոցառման ընթացքում Արսեն Թորոսյանը և Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են փաստաթուղթ, որը հաստատում է, որ Ֆրանսիան Հայաստանին է նվիրաբերել 5 տոննա տարողությամբ 1 շարժական բուժական կայան՝ 500 պացիենտի բուժելու հնարավորությամբ, 5 գեներատորներից, 5 էքստրակտորներից, 25000 ձեռնոցներից, 900 արտահագուստից և 10000 FFP2 դիմակներից բաղկացած COVID-ի 1 խմբաքանակ, ինչպես նաև 2500 հիգիենայի հավաքածու։
Փոխգործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել նաև ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների կազմակերպություն»-ը: Այն Հայաստանում կաշխատի անհրաժեշտ բուժօգնության տրամադրման, կարիք ունեցող անձանց ֆիզիկական ու հոգեբանական ռեաբիլիտացիայի, անհրաժեշտ դեղերով, սարքերով ու նյութերով ապահովման և այլ անհրաժեշտ ուղղություններով։
Ֆրանսիայից Հայաստան առաջին ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողություններն ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև Արցախից Հայաստան տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության պարագաներ` շտապ բուժօգնության սարքավորումներ: Նաև տրամադրվել են ծածկոցներ, հիգիենայի պարագաների հավաքածուներ, որոնք բաժանվելու են հակամարտությունից տուժածներին:
Երկրորդ ինքնաթիռի բեռը կհամախմբի պետական ռեսուրսները, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես` «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հավաքագրված նվիրատվություններ, մարդասիրական կազմակերպությունների և բիզնես հիմնադրամների կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ:
Ֆրանսիական պատվիրակության անդամներն արարողության վերջում կրկին իրենց կողմից աջակցության պատրաստակամություն են հայտնել և հայկական կողմին հավաստիացրել, որ մարդասիրական օգնությունները կրելու են շարունակական բնույթ։