«5 հոգանոց խմբով երեկ վարչապետի մոտ հանդիպում եղավ, բայց հանդիպման արդյունքները մեզ չբավարարեցին». Ժամկետային զինծառայողի ծնող
Ժամկետային զինծառայողների հարազատները կրկին Կառավարության առջև են. նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Թող այսօր ասեն էդ Պաշտպանության բանակի զորամիավորումները, որ չոլում թափած են, 45 օր դիրքերում ռումբերի տակ, ընկեր կորցրած, հարազատ կորցած, տրամվա տարած, թող մեզ այսօր պատասխան տան՝ էդ երեխաներն ի՞նչ կարգավիճակում են մինչև հիմա ու մինչև ե՞րբ պետք է մնան:
Էսօր հիմա էդ հողն ո՞ւմն է, չենք հասկանում, օրական գալիս են, ասում են՝ գյուղից դուրս արի, եթե օրական գալիս են, ասում են՝ գյուղից դուրս արի, բա որ գան էդ երեխուն վերցնեն-տանեն, ումի՞ց եմ ուզելու»,- նշեց բողոքի ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը՝ հավելելով, որ տղան 1 տարի 8 ամիս է՝ Ասկերանում է ծառայում:
Հիշեցնենք, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպել էր ժամկետային զինծառայողներից մի քանիսի ծնողների հետ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա նշել էր, որ ծնողներն իրենց մտահոգություններն են ներկայացրել զինծառայողների կեցության հետ կապված:
Անդրադառնալով երեկվա հանդիպմանը՝ ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը մանրամասներ հայտնեց. «5 հոգանոց խմբով երեկ վարչապետի մոտ հանդիպում եղավ, բայց հանդիպման արդյունքները մեզ չբավարարեցին:
Վարչապետը խնդրել էր 2 օր ժամանակ տալ իրեն պատասխանի համար, բայց այնտեղ բանակցող ծնողները դուրս էին եկել համոզմամբ, որ բացասական պատասխան է լինելու: Այդ պատճառով մենք այսօր նորից հավաքվել ենք և պետք է հասնենք մեր արդար պահանջի բավարարմանը, որովհետև մենք այլընտրանք չենք տեսնում»:
Ծնողները չեն վստահում պաշտոնական տեղեկություններին որոշ բնակավայրերում հայկական զորքերի հսկողության վերաբերյալ՝ նկատելով, որ այդ իրավիճակը վտանգավոր է զինծառայողների համար. «Նույն Բերձորի հետ կապված՝ երեկ վարչապետը հավաստիացրել էր, որ Բերձորը մնալու է հայկական վերահսկողության տակ և անգամ դրա մասին պաշտոնական ինֆորմացիա եղավ, բայց ես այսօր նորից թերթեցի լուրերը և էլի հանդիպեցի մի քանի տեսանյութի, որ Բերձորի, Աղավնոյի բնակիչները լքում են իրենց տները:
Եթե կա հստակ տեղեկություն, որ Բերձորը մնում է, էդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ լքում իրենց տները: Այս դեպքում էլ մենք պաշտոնական տեղեկությանը իրավունք չունենք վստահելու և ձեռքներս ծալած նստելու:
Այս դեպքում ստացվում է, որ այդ ճանապարհի բավականին լուրջ հատված անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, և այնտեղ գտնվող հայկական զորքը (իսկ մենք գիտենք, որ մեր հայկական զորքը փաստացի 18-20 տարեկան երեխաներն են՝ ժամկետային զինծառայողները, և այդ երեխաները, որ այդ պատերազմի սարսափի միջով են անցել, նորմալ վերաբերմունքի չեն արժանանանում) էնտեղ փաստացի դառնում են գերիներ»: