«Տեսանք, որ ադրբեջանցիները մեր անմիջական ճանապարհով բարձրանում են մեր մոտ, իմ տուն, կարելի ա ասել». Սոթքի հանքավայրի աշխատակից
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները բողոքի ակցիա են անում: Պնդում են՝ հայտնվել են անորոշ իրավիճակում: Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայրի տարածք, ասել, որ տեխնիկան դուրս բերեն: Այսօր հանքավայրը չի աշխատում: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակից Միքայել Կարապետյանը, ով երեկ աշխատանքի է եղել, պատմում է.
«Մենք մեր սարի մոտից տեսել ենք Ադրբեջանի կողմից եկած զորքը, թե ինչ քանակությամբ կամազներով, ռազմական պիկապներով եկել են, տեսել ենք, դրանից հետո սպասել ենք, տեսնենք, թե էս ի՞նչ ա կատարվում: Մոտ ժամը 7-ի կողմերը տեղում գտնվող մեր ղեկավարները մեր կամազներով իջացրել են, ճանապարհին մենք իրանց տեսել ենք, տեսել ենք, որ իրանք մեր անմիջական ճանապարհով կամազներով, պիկապներով բարձրանում են մեր մոտ, որտեղ ես 18 տարի աշխատել եմ, կարելի ա ասել՝ իմ տուն, որ ես էդ հանքում աշխատել եմ 18 տարի, իրանք շատ ակուրատնի, շատ հեշտ պայմաններով եկան»:
Նա նշեց, որ ադրբեջանցիների կողմից որևէ ագրեսիա չեն նկատել, սակայն ստեղծված մթնոլորտը հայկական կողմի համար բարենպաստ չի եղել:
«Էսօր մենք տեսնում ենք, որ անպաշտպան վիճակում ենք մեր գործի տեղը: Թուրքերը եկան ակուրատնի, ոչ մի արտառոց դեպք չի եղել, ագրեսիա մենք չենք զգացել, բայց այնպիսի մթնոլորտ էր, որ մենք ինչ-որ ուրիշ կարգավիճակում ենք, չէինք հասկանում՝ ի՞նչ է կատարվում»,- ասաց Կարապետյանը:
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցը պատմում է, որ ադրբեջանցիները եկել են, ասել, որ դա իրենց տարածքն է:
«Եկել են իրենց փաստաթղթերով, իրենց GPS-ներով նստել հանքում, իմ պոստում հենց հիմա թուրք կա: Ես ապրել եմ Հայաստանում, չեմ լքել, ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, էսօր ես չեմ մտածում, որ իմ երեխան պետք է այստեղ ապագա ունենա: Այդ հանքում ես իմ առողջությունն եմ դրել, բայց էսօր արդյունքն ի՞նչ էր, որ իմ տունն իմ աչքին չի գալիս»,- ասաց հանքավայրի աշխատակիցը:
Եռակողմ հայտնի հայտարարության ստորագրումից հետո հանքավայրի աշխատակիցները հույս են ունեցել, որ սահմանը հանքով չի անցնի, և հայկական բանակի պաշտպանության ներքո իրենք կշարունակեն իրենց աշխատանքը:
«Բայց ներկա պահին ես տեսել եմ, որ ադրբեջանցին եկել ա, նստել իմ աշխատասենյակում, իմ տունը, իմ գործի տեղն իմ տունն ա»,- ասաց Սոթքի հանքավայրի աշխատակիցը: