«Գերիների իրական թիվն իմանալու համար ճիշտ է դիմել պատկան մարմիններին». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ հայ գերիների վերադարձի հետ կապված՝ անում են ամեն ինչ իրենց իրավասությունների շրջանակում, նույնիսկ՝ ավելին։

«Խոսքը չի վերաբերում միայն այս պատերազմի ընթացքում կամ դրանից հետո  գերեվարված մեր հայրենակիցներին, այլ նաև դրանից առաջ։ Ադրբեջանում մշտապես եղել է այս քաղաքականությունը, օրինակ՝ Ներքին Խնձորեսկից  այս ամռանը դեպք եղավ, Տավուշի մարզից Կարեն Ղազարյանը, հիմա նրանք այս ամենը տանում ու դարձնում են իրենց կողմից առևտրի առարկա։ Սա անթույլատրելի, դատապարտելի երևույթ է, ՄԻԵԴ-ում միջանկյալ միջոցներ կիրառվել են, բայց, բնականաբար, դա բավարար չէ և անհրաժեշտ է լիարժեք ծավալով աշխատանքներ տանել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։

Գերիների թվի հետ կապված էլ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմն ունի իր վիճակագրությունը, որը վերցվել է մյուս գործընկերների հետ աշխատանքներից, օրինակ, Քննչական կոմիտեից, Եվրոպական դատարում Հայաստանի ներկայացուցչությունից, փաստաբաններից։

«Կարծեք թե փորձում ենք մեր մեջ միասնական բազա ձևավորել, բայց գերիների իրական թիվն իմանալու համար ճիշտ է դիմել պատկան մարմիններին»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց, Արման Թաթոյանը նշեց, որ իր աշխատակազմում ընդունել է այդ անձանց ընտանիքի անդամներից և տեղյակ է, որ Եվրոպական դատարում ՀՀ ներկայացուցիչն այդ հարցը նույնպես քննարկում է։

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակին նվիրված շքերթ կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի նաև հայ գերիներին, Արման Թաթոյանը նկատեց, որ տեղյակ չէ, տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ, որը պետք է անհապաղ պարզել, բայց այն մարդկային որևէ արարքի մեջ չտեղավորվող երևույթ է։

 

Տեսանյութեր

Լրահոս