«Անիշխանությունն էլ հո պոզով-պոչով չի՞ լինում». Գևորգ Պետրոսյան
«Մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում. այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այդ ոճը, որ ինքն անսխալական է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քնարկումներին:
Հիշեցնենք՝ նախագծի ընդունմանը դեմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը՝ 56 պատգամավոր, կողմ քվեարկեցին ընդդիմադիրները՝ 36 պատգամավոր, ևս երկու պատգամավոր ձեռնպահ քվեարկեց: Ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից:
Պատգամավորը նկատեց, որ իշխանության կողմից ոչ մի քննադատություն չի ընդունվում, ապա առանձնացրեց ԱԺ-ում եղած ելույթներից մեկը, որն իրեն զայրացրել էր. «Ասում է՝ բա Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվե՞լ է, որ Հայաստանում վերացնենք: Չհասկացանք՝ այսինքն դա ի՞նչ համեմատություն է. Ադրբեջանի այսօրվա վիճակը ու Հայաստանի Հանրապետության այսօրվա վիճակն իրար հետ համեմատելի՞ են: Ադրբեջանը, դժբախտաբար, հաղթանակած երկիր է. նա էդպիսի խնդիր չունի: էդ ի՞նչ համեմատություն է. այ էս մակարդակում են իրենք տեսնում խնդիրները, դրա համար էլ չեն պատկերացնում՝ ինչ է:
Ես երեկ ելույթ ունեցա և ասացի, որ ռազմական դրությունը երկարաձգելու միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության ժամանակի երկարաձգումն է. ինքը հասկանում է, որ ռազմական դրությունը վերացնելով՝ ժողովուրդն անմիջապես կանցնի ակտիվ քայլերի, և որպեսզի իրավական հիմքեր լինեն ժողովրդին, ակտիվ մարդկանց նորից տանելու, ձերբակալելու, կալանավորելու, դրա համար էլ ձգում են:
Հիմա ռազմական գործողություններ չկան, զորահավաք չկա, կրակոցներ չկան. իմաստը ո՞րն է»:
Հասարակական տրամադրությունների և դրանց՝ իշխանությունների անհամարժեք արձագանքի մասին խոսելով՝ Գևորգ Պետրոսյանը պնդեց. «Հիմա անիշխանություն է. ըստ էության, կառավարությունն ամբողջությամբ մատնված է անգործության, ԱԺ-ն գործում է պատվերով:
Սա անիշխանություն է. Անիշխանությունն էլ հո պոզով-պոչով չի՞ լինում:
Ամենավատը, գիտե՞ք՝ ինչն է՝ մարդիկ այսօր այնքան են հիասթափվել, որ ասում են՝ հենց այս դրությունն ավարտվեց, գնալու ենք անորոշ ուղղությամբ: Այսինքն՝ բախտի քմահաճույքին եք հանձնել, բայց էդ մոլորյալները, որ էդպես ասում են՝ Նիկոլի կողքին կանգնեք, Նիկոլի կողքը համախմբվեք…
Նիկոլը, նախ, տոնածառ չի, որ իր կողքը համախմբվենք, երկրորդ՝ ինչի՞ շուրջ համախմբվենք. այդ մարդն այնպիսի իրականություն է ստեղծել, որ այսօր մարդիկ ասում են՝ ընդամենը ՀՀ-ից դուրս գանք, թե որտեղ.. .բա կարելի՞ է էսպես էս ժողովրդին բախտի քմահաճույքին թողնել, ինչի՞ համար է էս վիճակին արժանացել, որ իրեն վստահեց, երկուսուկես տարի առաջ բերեց իշխանությա՞ն, որ հետո իր տուն-տեղը թողնի, ասի՝ մենակ թե ՀՀ-ում չլինեմ՝ ուր ուզում է լինե՞մ:
Էս ի՞նչ է, ապագայի ոչ մի տեսլական չկա, կյանքի կանխատեսելիությունը, թե նախկին իշխանության ժամանակ, ասենք, 10, 20 տոկոս էր, հիմա լրիվ զրոյական դարձավ»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամի համոզմամբ՝ վարչապետի նշանակումների մեջ չկա տրամաբանություն, իսկ նորեր-հներ բաժանումը՝ ըստ պահի հրամայականի է արվում. «Գիտե՞ք իր համար հնի ու նորի չափանիշն ինչն է՝ ով որ իրեն ծառայում է հլու-հնազանդ, հորջորջվում է նոր, ով որ իրեն չի ենթարկվում, չի ծառայում, համարվում է հին:
Ո՞ւմ նշանակեց ինքը Պաշտպանության նախարար. իր խորհրդականին, որը նախկին կադր է: Նշանակեց մի մարդ, որը, փաստորեն, ոչ միայն պիտի չնշանակվեր, այլև պետք է պաշտոնանկ արվեր, որովհետև իր օրոք, իր խորհրդակցությամբ՝ ինքը պատերազմը տանուլ է տվել: Էս մարդուն Նիկոլ Փաշինյանը, որպես, այսպես կոչված, իրենց եզրույթով ասած՝ հին մարդ, փոխանակ հանի պաշտոնից, տանում-նշանակում է ՊՆ:
Նիկոլ Փաշինյանին եմ ասում, թող լսի՝ սա նշանակում է, որ ինքն ընդհանրապես թքած ունի ՀՀ անվտանգության վրա, ՀՀ պաշտպանունակության վրա:
Ես Վաղարշակ Հարությունյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ես ելնում եմ իր կարգավիճակից: Եթե էս մարդու խորհրդակցության օրոք պատերազմը տանուլ ես տվել, երկրի 25 տոկոսը հանձնում ես, էս մարդուն առաջխաղացման են տանում. սա ի՞նչ բան է. ոչ մի գործողության մեջ տրամաբանություն չկա:
Կամ երեկ` ՀՀ ԱՆ առաջին տեղակալը (ես շատ մեծ հարգանք ունեմ. իմ նախկին ուսանողուհին է եղել Անահիտը Ավանեսյանը) ասում է, որ արդեն հետպատերազմական շրջանում ենք մենք: Բա եթե հետպատերազմական շրջան է՝ ռազմական դրությունն ի՞նչ իրավունք ունի գոյատևել: Այսինք՝ էսպես որ լինի, ՀՀ-ն անընդհատ վտանգի տակ է. մենք Թուրքիայի հետ սահման ունենք՝ անընդհատ ռազմական դրություն, մարդկանց խոսքի իրավունքը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակել»:
Պատգամավորն ընդգծեց՝ առանց հիմքերի ռազմական դրությունը պահելը սահմանադրական կարգի տապալում է. «Նիկոլ Փաշինյանը, քանի որ արդեն 8, 10 անգամ տապալել է ՍԴ կարգը իր պաշտոնավարման ընթացքում, հասկանալով, որ պաշտոնից ազատվելուց հետո անմիջապես զբաղեցնելու է իրավապահ մարմինների ուշադրությունը և հայտնվելու է համապատասխան հիմնարկներում, երկարաձգում է իշխանությունը: Սրանք էլ, կամակատարի նման, ինչ նախագիծ բերում է… կամ եթե մենք ենք բերում՝ հակառակը՝ պարտադրելով, ցուցումով դեմ են քվեարկում. էս է մեր Ազգային ժողովը»: