Անհետ կորած զինվորների հարազատների հետ միջադեպից հետո կառավարության շենքի ու առանձնատների մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել. Գեղամ Մանուկյան
Կառավարության շենքն ու կառավարական առանձնատները այս պահին շրջապատված են մեծաքանակ ոստիկաններով:
Պարզվում է՝ մի քնաի օր շարունակ կառավարության ու այլ գերատեսչությունների դիմաց ակցիաներ իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատներն են փորձել կանգնեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենան, ինչից հետո վարչապետը ճողոպրել է:
Արդեն մի քանի օր է կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ է անում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ումից էլ փորձեցինք ճշտել, թե ինչ է ի վերջո տեղի ունեցել և ինչու են կառավարության մոտ հավաքվել մեծաքանակ ոստիկանական ուժեր: Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հենց վերոնշյալ միջադեպին է հետևել կառավարության շենքի և կառավարական առանձնատների մոտ ոստիկանական մեծաքանակ ուժերի կենտրոնացումը:
«Անհետ կորած զինվորների ծնողների մեծ հավաք էր, արդեն տևական ժամանակ շարունակվում էր, կառավարության հետ բանակցություններ էին, շատ մանրամասն հայտնի չէր, բայց ողջ օրը լարված էր մթնոլորտը: Անակնկալ ծնողները անցան արդեն Տիգրան Մեծ փողոցը փակելու, այն պահն էր, երբ վարչապետը իր ավտոշարասյունով դուրս էր գալիս կառավարության շենքից: Ու այնտեղ արդեն ուղղակի անհասկանալի վիճակ էր, մեքենաները քշում էին ծնողների, հավաքվածների վրա: Ոստիկանների հետ կարճատև բախում եղավ, հետո ավելի կարգավորվեց իրավիճակը:
Տեսանյութերում շատ ավելի պարզ դա կերևա: Բավականին բորբոքված էին մարդիկ, անորոշությունից էին բորբոքված, իրենց հուզող հարցերի պատասխանը ամբողջությամբ չստանալուց:
Դրանից հետո մեծաքանակ ոստիկաններ կուտակվեցին, մինչ այդ էլ ոստիկանական ուժեր կային, բայց ոչ այդ չափ և հիմա ողջ կառավարության շենքը շրջափակված է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
ՀՅԴ անդամից հետաքրքրվեինք՝ արդյո՞ք այսօր վարչապետը չի փորձել հանդիպել իր հետ: Ի պատասխան Գեղամ Մանուկյանն ասաց.
«Վարչապետին հանդիպելու ակնկալիք չունեմ, աչքերս ջուր չի կտրվել: Վարչապետից մեկ պահանջ կա՝ հրաժարականը»:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ իրեն լավ է զգում, հացադուլն էլ դադարեցնելու ժամկետի մասին հարցին հետևյալ կերպ արձագանքեց.
«Ես վարչապետի հրաժարականը այստեղ հացադուլի ժամանակ տեսնելու եմ»: