«Չեմ համարում, որ վարչապետը պետք է հրաժարական տա՝ Կառավարությունը ստանձնել է պարտականություններ և պետք է կատարի». Արփի Դավոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի խոսքով՝ ռազմական դրությունը պետք է պահպանվի, քանի որ դրա հետ կապված արդեն հնչել են փաստարկներ, որոնք կապված են ավելի լուրջ գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում հետպատերազմական շրջանում:
«Այդ փաստարկները լուրջ և համոզիչ են, և որևէ մեկը ռազմական դրությունը անվերջ կամ ոչ ողջամիտ փաստարկներով երկարացնելու նպատակներ չունի: Իսկ այսօրվա փաստարկները, որոնք հնչել են, բավականին փաստարկված են: Մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ և բազմաթիվ գործողություններ, որոնք պետք է կատարվեն՝ սահմանային իրավիճակը հարթեցնելու համար, հետևաբար՝ ռազմական դրության պահպանումը ինքնանպատակ չէ և կապված չէ ներքաղաքական իրադարձությունների հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
168.am-ի հարցերին՝ Կառավարությունը պե՞տք է հրաժարական տա, վարչապետը պե՞տք է գնա և նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթին ի՞նչ բնորոշում կտաք, քանի որ իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հորդորում է այն կապիտուլյացիայի փաստաթուղթ չհամարել, Արփի Դավոյանը պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի հետ կապված հարցադրման պատասխանը, կարծում եմ՝ լավ գիտեք, չեմ համարում, որ վարչապետը պետք է հրաժարական տա, որովհետև այսօր, հետպատերազմյան իրավիճակում, նման գործելաոճն անպատասխանատվություն է, և Կառավարությունը չի կարող հրաժարական ներկայացնել: Կառավարությունը պարտավոր է կատարել այն բոլոր քայլերը, որոնք նախանշվել է վարչապետի ուղերձում, և այդ քայլերի կատարելը այս պահին ավելի առաջնահերթ է, քան ասել, որ Կառավարությունը պետք է հրաժարական տա: Ձեր նախանշած մարդիկ հրաժարականից հետո որևէ գործընթաց չեն նախանշում, վարչապետի հրաժարականը չի կարող ինքնանպատակ լինել, Կառավարությունը ստանձնել է պատասխանատվություն, ունի պարտականություններ և պետք է կատարի»:
Ինչ վերաբերում է Կառավարության գործունեության հետ կապված հանրային դժգոհություններին, Արփի Դավոյանը նկատեց՝ պետք չէ դրա մասին խոսել, քանի որ հանրային դժգոհությունը մի քանի կուսակցությունների առաջարկած դժգոհությունների թեզերը չեն:
«Հանրային դժգոհությունն այլ բան է, երբ ամբողջ հանրությունը պահանջում է մեկ բան, բայց մենք տեսնում ենք մի քանի ուժերի կողմից ուղղորդված դժգոհություն, և այդ դժգոհությունները… որևէ մեկը երջանիկ չէ, բոլորս անցել ենք պատերազմի արհավիրքի միջով, ունեցել ենք մեր ցավն ու վիշտը, մեր պարտությունը, որևէ մեկը չի ասում, որ այս պարտությունն իրենը չէ, բոլորս պարտավոր ենք հետպատերազմյան Հայաստանում ունենալ խաղաղ ու հանգիստ երկիր»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում