«Մեզ առանց հրապարակման՝ ՀՀ ԱԳՆ-ն ու իշխանությունները մի քանի անգամ ասել են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները դեմ են Արցախի ճանաչմանը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ռազմական ու քաղաքական բնույթի ցանկացած փաստաթուղթ, որը Կառավարությունը պետք է ուղարկի Սահմանադրական դատարան, որից հետո էլ  ՍԴ-ն պետք է հայտարարի, որ այնտեղ հակասություններ չկան, և ուղարկի ԱԺ՝ վավերացնելու համար:

«Այդ գործընթացը վարչապետն ու Կառավարությունը չի անում, պետք է նա դիմի, ոչ թե խորհրդարանական ընդդիմությունը»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության չճանաչումը մեծ ազդեցություն է ունեցել գործընթացի վրա, քանի որ, եթե Հայաստանը գնար այդ քայլին, ապա շատ երկրներ կարող էին ճանաչել Արցախի անկախությունը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ութ տարի է՝ պատգամավոր է, և այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել էր Արցախի ճանաչումը:

«Մեզ առանց հրապարակման ասվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները դեմ են դրան: Դրանից հետո այլ նախաձեռնություններ են քննարկվել, էլի նույն պատասխանն է տրվել: Դրանից հետո ապրիլյան պատերազմ է տեղի ունեցել, կրկին այդ առաջարկը քննարկել ենք, կրկին Հայաստանի ԱԳՆ-ն և իշխանություններն ասել են՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները դեմ են: Հետևաբար՝ այդ հարցը խնդրում եմ տվեք վերջին տարիների բոլոր ԱԳՆ ղեկավարներին ու իշխանություններին, թող պատասխանեն: Ավելին՝ սեպտեմբերի 27-ին ռազմական դրության հատուկ նիստի ժամանակ ես հարց եմ տվել, որ հիմա կարող է ճանաչենք Արցախը, վարչապետն էլ պատասխանեց, որ հարցն արդեն մտել է օրակարգ: Պատերազմի ընթացքում մեզ տարբեր ուժեր են դիմել, առաջարկել՝ լսումներ անցկացնենք Արցախի ճանաչման հարցով, կապ եմ հաստատել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նա ինձ ասաց, որ առաջարկը լավն է, բայց կարող ենք խանգարել պատերազմի գործընթացին, առաջարկելով՝ սպասենք: Այսինքն, եթե գործադիրում ասում են՝ Մինսկի խմբի երկրները դեմ են, ապա խորհրդարանականները նման նախագիծ չպետք է ներկայացնեն: Դե հիմա բոլոր իշխանությունները պետք է պատասխանեն՝ Մինսկի խմբի երկրները դե՞մ են եղել Արցախի ճանաչմանը, եթե այո, ինչո՞ւ չեն արձագանքում այդ հայտարարությանը, կարո՞ղ է մեզ են խաբել՝ չգիտեմ»,- եզրափակեց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, որ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի անունն է շրջանառվում վարչապետի նոր թեկնածուի համար, Էդմոն Մարուքյանն ասաց որ մամուլում եղած բամբասանքները չի մեկնաբանում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս