Պաղեստինը շահագրգռված է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ
Պաղեստինի իշխանությունները Մոսկվայի հետ բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» («Սպուտնիկ V ապրանքանիշ) ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այդ մասին ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել է հարցազրույցում, որը նոյեմբերի 26-ին հրապարակվել է «Իզվեստա» թերթում:
«Ռուսաստանյան պատվաստանյութը մեզ վաղուց է հայտնի, մենք հետեւում ենք, թե ինչպես են ընթանում հետազոտությունները, եւ սպասում ենք, թե երբ կսկսվի պատվաստումը ՌԴ-ում: Ներկայում մենք Մոսկվայի հետ բանակցություններ ենք վարում պատրաստուկի ձեռքբերման շուրջ»,-ասել է Նոֆալը՝ պատասխանելով այն հարցին, թե Պաղեստինը շահագրգռված է արդյոք «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ:
Դեսպանը նշել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում նաեւ այն բանի շուրջ, որպեսզի ռուսաստանյան պատվաստանյութն ստանալուց հետո իրենք այն վերարտադրեն պաղեստինյան բուժհաստատություններում: «Բայց պատրաստուկը բերելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ Իսրայելից, Իսրայելի առողջապահության նախարարությունից:
Իմ ստացած տեղեկության համաձայն, նրանք չեն պատրաստվում իրենց պատվաստանյութն ստեղծել միջնաժամկետ հեռանկարում: Նրանք պլանավորում են պատրաստուկները ձեռք բերել ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կհետեւենք (իրադարձությունների զարգացմանը), պարզաբանել է Նոֆալը: Դեսպանը թերթի հետ զրույցի ժամանակ նաեւ հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ Ռուսաստանը Պաղեստին էր ուղարկել վեց դոկտորների, որպեսզի տեղի բժիշկները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մեթոդների ուսուցում անցնեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: