«Չեմ ասում՝ խնդիրներ ու թերացումներ չկան, բայց դրանք այն աստիճանի չեն, որ մենք հիմա ամբողջ կազմով գնանք». Բաբկեն Թունյան

«Դուք գտնում եք, որ շատ ոլորտներում ձախողումներ են գնացել, մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց այդ սխալներն այնպիսին չեն, որպեսզի Կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե բոլոր ոլորտներում ձախողելուց հետո Կառավարությունն ինչո՞ւ հրաժարական չի ներկայացնում:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ օրինակ, տնտեսության ոլորտում Կառավարությունը չի ձախողել, քանի որ տնտեսական ոլորտի դժվարությունները պայմանավորված էին կորոնավիրուսով, այնուհետև՝ պատերազմական իրավիճակով:

Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտի ձախողմանը, Բաբկեն Թունյանը նշեց, որ ինքն այդ ոլորտի մասնագետ չի, հետևաբար՝ հարցին պետք է պատասխանի ոլորտի ներկայացուցիչը:

«Չեմ ասում՝ խնդիրներ ու թերացումներ չկան, շատ կան, բայց այդ թերացումներն այն աստիճանի չեն, որ մենք հիմա ամբողջ կազմով գնանք ու ուրիշներին ասենք՝ եկեք, տեսեք ինչ եք անելու»,- շեշտեց պատգամավորը:

Հարցին՝ նոյեմբերին ստորագրված եռակողմ թուղթը բավարար չէ՞, որպեսզի Կառավարությունը հրաժարական ներկայացնի, Բաբկեն Թունյանը  պատասխանեց. «Եթե դուք ինձ ցույց կտաք, որ, եթե այլ Կառավարություն լիներ, մենք այլ արդյունքներ էինք ունենալու, և ցույց տաք, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ Կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն պատճառով, որ մենք պատերազմել ենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, նաև, որ 25  տարի բոլոր ռեսուրսներով հետ ենք մնացել, այսինքն, եթե օբյեկտիվորեն ցույց տաք, որ սա միայն գործող Կառավարության սխալն էր, ես կհամաձայնեմ դրան»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Նա նաև նկատեց, որ լրագրողների հարցը՝ «բերիք հասցրիք էստեղ, հողերը հանձնեցիք» արտահայատություններն ինտրիգային են հնչում. «Մենք բախվել ենք պատերազմի, որը անխուսափելի էր, լինելու էր: Մենք չէինք կարող կանխատեսել  Թուրքիայի էդ աստիճանի մասնակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս