«Իրանում զգալով արցախյան պատերազմի ընթացքում թույլ տված սխալները՝ քննարկումներ են ծավալվել ՀՀ-ի հետ հարաբերությունները վերագնահատելու համար». Իրանահայ քաղաքական մեկնաբան
168.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։
– Պարոն Շահմուրադյան, Արցախի այս պատերազմի ընթացքում Իրանն ինչպիսի՞ դիրք գրավեց, այն բխո՞ւմ էր հայ-իրանական հարաբերություններից։ Այդ հարաբերությունների հետագա զարգացման ինչպիսի՞ ճանապարհներ եք տեսնում։
– 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 9-ը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և թուրք զինվորականների ու Սիրիայի հյուսիսային շրջաններից բերված թաքֆիրական ահաբեկիչների մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների տարբեր օղակներում պատերազմի վերաբերյալ երկակի և հաճախ անիրատեսական մոտեցումներ դրսևորվեցին իրանցի պետական պաշտոնյաների և Իրանի հյուսիս-արևմտյան նահանգների հոգևորական մարմինների կողմից, ինչը դեպքերի զարգացմանը զուգահեռ՝ ոչ կառուցողական ստվեր սփռեց՝ Իրանի արտգործնախարարության հետագա դիրքորոշումների և հայտարարությունների, և ավելի ուշ՝ Իրանի միջնորդական նախաձեռնությունների և տարածաշրջանում հրադադար հաստատելու ադրբեջանամետ հայտարարությունների և դրանից բխող առաջարկների վրա։ Իհարկե, իրանցի պետական պաշտոնյաների և արտգործնախարարության մոտեցումը բացատրվում է նրանով, որ Իրանն իր հյուսիս-արևմտյան նահանգներում իրոք բախվում է ներքին ազգային անվտանգությանը սպառնացող էթնիկ-լեզվային հարակցության տեղաբնիկների կողմից նոր մարտահրավերների հետ, որոնք կարող են հանգել երկրի տարածքային ամբողջականության և անջատողական ձգտումների իրականացմանը, այն էլ՝ հաշվի առնելով Թուրքիայի և Իսրայելի կողմից հրահրվող դավադրությունների ներքո, որոնք ուղղված են Իրանի համակարգը թուլացնելու ջանքերին։
Այնուամենայնիվ, ինչպես նշեցի, հաշվի առնելով, որ Իրանը սկզբում չզգալով իր հյուսիսային սահմանների կողմից երկրի ամբողջականության դեմ ուղղված վտանգը և միմիայն զգացական ու տեղացի էթնիկ բնակչության պոռթկումները հանդարտեցնելու նպատակով՝ փորձեց միակողմանի դիրքորոշումներով պաշտպանել Ադրբեջանի Հանրապետության ձգտումները՝ Արցախի Հանրապետությունից որոշ տարածքների «ազատագրումը», և ողջունեց Բաքվի ռազմական որոշակի հաջողությունները, սակայն մյուս կողմից՝ Հայաստանին չվշտացնելու նպատակով միաժամանակ պաշտոնական հայտարարություններով ընդգծեց ՀՀ անվտանգության և Արցախի հայության անվտանգության ապահովման իրավունքների պահպանումը։ Սակայն աստիճանաբար հասկանալով Թուրքիայի և թաքֆիրական խմբերի ու Իսրայելի գործակալների ու ԱԹՍ-ների մասնակցությունը պատերազմին, փորձեց իր ռազմական ներկայությունն ամրապնդել Արաքսի հովտի սահմանի երկայնքով, որը դեռ շարունակվում և ուժեղանում է մինչ այժմ։ Սակայն ամփոփելով առկա իրադրությունը, կարող եմ ասել, որ գործնականում տեղի ունեցածը ցույց է տալիս պատերազմի սկզբնական շրջանում Իրանի թույլ ու կրավորական մոտեցումը, ինչը հանգեց Իրանի երկարատև շահերի կորստին կովկասյան տարածաշրջանում։ Այժմ ուշացումով Իրանը հասկացել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում, որին ավելացել է նաև Իսրայելի գործոնը, լուրջ սպառնալիք է՝ ուղղված Իրանի շահերի դեմ: Թուրքիայի և Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում և թաքֆիրական ահաբեկիչների տեղակայումն Իրանի հյուսիսային սահմանների հատվածում, իրոք լուրջ սպառնալիք են՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը, և՛ տնտեսական, և՛ քաղաքական շահերին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը իր բարդ աշխարհաքաղաքական խաղերով կարողացել է շրջանցել Իրանին և այս հակամարտության ընթացքում մեծացնել իր տնտեսական և քաղաքական դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին և հետագա զարգացումներին, կարծում եմ, որ Հայաստանի և Իրանի համար ստեղծված աշխարհաքաղաքական և անվտանգության առումով անբարենպաստ պայմանները կողմերին ստիպում է ավելի սթափ մոտեցում դրսևորել համատեղ շահերն ապահովելու համար։ Այժմ Իրանում զգալով արցախյան պատերազմի ընթացքում թույլ տված ռազմավարական և քաղաքական սխալները, լուրջ քննարկումներ են ծավալվել Հայաստանի հետ հարաբերությունները վերագնահատելու և վերաիմաստավորելու առումով։ Իրանի քաղաքական և պետական շրջանակները, թեև դանդաղկոտ և ուշացած, սակայն այժմ հասկացել են, որ, բացի անվտանգության վտանգավոր հետևանքներից, այս զարգացումն ունի տնտեսական կարևոր հետևանքներ, որոնք կարող են Իրանին զրկել միլիարդավոր դոլարների պոտենցիալ եկամուտներից: Մի կողմից՝ Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների գրեթե լիակատար վերահսկողությամբ և Թուրքիայի հետ նրա բարիդրացիությամբ, Անկարային այլևս պետք չէ իրանական տարանցիկ ուղին՝ Ադրբեջան հասնելու համար: Նրանք այժմ ըմբռնում են, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ցավոտ արդյունքով Իրանն այլևս սահման չունի Արցախի Հանրապետության հետ, և, որ Թուրքիային տված Սյունիքի մարզում ճանապարհ կառուցելու արտոնությամբ Իրանը և Հայաստանը փաստորեն սահման չեն ունենալու: Աշխարհագրական այս վտանգավոր մանիպուլյացիայով՝ Իրանն այժմ հիմնականում կորցրել է իր անմիջական կապն ու տրանզիտ ճանապարհը ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ ԵԱՏՄ անդամ երկրների, Եվրոպային միացնող տարբերակ՝ ճանապարհի և Ռուսաստանի հետ: Հայաստանը Իրանի կարևոր տնտեսական գործընկերն է և էլեկտրաէներգիայի, և գազի փոխանակման կողքին իրանական ընկերությունների ներկայությունը Հայաստանի տարբեր մասերում ճանապարհաշինության նախագծերում, մեծ օգուտ է բերում Իրանին, ինչը չի կարող անտեսվել Թեհրանի տնտեսական անվտանգության ապահովման տեսակետից։
Ինչպես ավելի վաղ հայտարարել եմ, ստեղծված իրավիճակից անհապաղ դուրս գալու նպատակով և դասեր քաղելով անցյալի անտարբեր մոտեցումներից ու երկու բարեկամ երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ թույլ տված կամա թե ակամա բացթողումներից, թե՛ Հայաստանի իշխանությունները, և թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ներկայիս դրությամբ, օր առաջ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն առևտրատնտեսական, քաղաքական, ռազմական, տրանսպորտային, էներգետիկ, մշակութային և այլ ոլորտներում ռազմավարական ամուր և երկարատև՝ կայուն համագործակցությունների ընդլայնման և խորացման նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: Սա երկու բարեկամ և հարևան ժողովուրդների համատեղ շահերից է բխում և, թերևս, վերջին շանսն է այս պատմական տարածաշրջանում իրենց պետական գոյությունը վերահաստատելու և բոլոր ուժերը համախմբելու համար։
– Նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ փաստաթուղթը և դրանով նախատեսված բոլոր կետերի իրականացումը որքանո՞վ է բխում Իրանի և հայ-իրանական շահերից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Մեղրիով փաստացի ճանապարհ է ունենալու դեպի Նախիջևան։
– Նախ, նշեմ, որ նոյեմբերի 10-ին տեսակապի միջոցով Ռուսաստանի միակողմանի նախաձեռնությամբ ՌԴ, ՀՀ և ԱՀ միջև արցախյան պատերազմի դադարեցման շուրջ ձեռք բերված հայկական կողմի համար լիովին անշահեկան եռակողմ համաձայնության փաստաթուղթը ոչ միայն չի բխում Իրանի և Հայաստանի շահերից, այլ նաև այն միանգամայն շրջանցում է տարածաշրջանային և միջազգային աշխարհաքաղաքական և տնտեսական ու նաև Կովկասյան տարածաշրջանի էներգակիրների տարանցման բոլոր պայմանավորվածություններն ու այլ երկրների շահերը։
Հատկանշական է, որ այն պայմաններում, երբ Թեհրանին սպառնում են միջազգային պատժամիջոցները, և ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական խիստ պատժամիջոցները և քաղաքական ճնշումները մեծացրել են, երկրում գնաճն ու տնտեսական անկայունությունը, այժմ, արցախյան պատերազմի ավարտին ձեռք բերված ոչ նպաստավոր եռակողմ համաձայնությունը, ըստ որի՝ նաև շրջանցվել է Իրանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ մեկտեղ, Իրանն ավելի մեծ ճգնաժամի մեջ է հայտնվել, քան նախկինում:
Հատկանշական է, որ նախքան արցախյան երրորդ պատերազմը և այս վերջին եռակողմ համաձայնությունն Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար մարզի էներգիայի և ապրանքափոխանակման ճանապարհի հասանելիության առումով կախված էր Իրանից: Տրանզիտ վճարներից բացի, Ադրբեջանը Նախիջևանի բնական գազը մատակարարելու համար կարիք ունի Իրանի համագործակցության:
ԼՂՀ պատերազմի շուրջ խաղաղության համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ճանապարհ է բացում իր տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ապրանքներ և նավթ ու գազ տեղափոխելու համար: Ակնհայտ է, որ ադրբեջանական նավթ ու գազի զգալի մասը Նախիջևանից կտեղափոխվի Թուրքիա, որն այս պահի դրությամբ իրանական գազի մեծ ներկրողներից է համարվում, ուստի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի վրայով Նախիջևանին մատակարարվող նավթի ու գազի ծավալների ավելացմամբ Թուրքիան կազատվի իրանական գազի մատակարարումից, քանի որ ադրբեջանական գազը ավելի էժան գնով կմատակարարվի Թուրքիային, և ահա այստեղ է, որ Իրանը կզրկվի նաև իր ամենակարևոր գազային հաճախորդներից մեկի արտարժույթային վճարումների հնարավորությունից։ Այս նախագծի իրականացմամբ՝ ընդ որում, կարող է շահառու կողմ հանդիսանալ նաև Ռուսաստանը, այժմ Իրանը կորցնում է իր կարևորությունը Ադրբեջանի և Թուրքիայի համար, և Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, հավանաբար, կփոխվեն Անկարայի և Մոսկվայի օգտին:
Բացի այդ, Թուրքիան 2020 թվականի սկզբին հայտարարել էր, որ կկառուցի բնական գազի նոր խողովակաշար Նախիջևանին սնուցելու համար: Փաստն այն է, որ Բաքվի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհի հնարավոր ակտիվացման դեպքում Իրանը կորցնում է Հարավային Կովկասում իր տրանզիտ և աշխարհաքաղաքական նշանակությունը: Հետևաբար՝ եռակողմ համաձայնության 9-րդ և 10-րդ կետերն առանձնապես հուզում են Իրանին, և այդ կապակցությամբ Իրանի պետական շրջանակներում լուրջ քննարկումներ են անցկացվում, իսկ համաձայնագրի մյուս կետերի վերաբերյալ Իրանը հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հրադադար հաստատելու և կայունությունը տարածաշրջանում վերադարձնելու դրույթներին, պայմանով, որ թաքֆիրական ահաբեկչական խմբերը հեռացվեն տարածաշրջանից, և խաղաղությունը վերականգնվի Իրանի սահմանամերձ շրջաններում։
– Այս փաստաթուղթը հարևան Իրանում ինչպե՞ս է ընկալվում, դրա հետ կապված՝ կառավարական շրջանակներն ինչպիսի՞ մեկնաբանություններ են անում, թե՛ դրական, թե՛ բացասական։
– Այս կապակցությամբ թույլ տվեք մեջբերում անել Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուիի վերջին հայտարարությունից, ընդ որում, վերջինն ասել է․ «Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի այս շրջանում թաքֆիրական ահաբեկչական ուժերի ներկայությունը»:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրին՝ Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ասել է. «Այս համաձայնագիրը ինչ-որ կերպ բավարարում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերը, և դա մասամբ մոտ է պաշտոնական Թեհրանի կողմից ավելի վաղ կողմերին ներկայացրած խաղաղության առաջարկներին։
Մյուս կողմից՝ Իրանի պետական և մասնագիտական օղակներում սույն համաձայնագրի 9-րդ և 10-րդ հոդվածները չունեն հստակություն, և այն պարզելու անհրաժեշտություն կա, և իրանական կողմը շեշտում է, որ 9-րդ և 10-րդ կետերում փոփոխություններ մտցնելով՝ պետք է Իրանի Իսլամական Հանրապետության շահերն ու անվտանգությունը նույնպես պահպանվեն տարածաշրջանում:
ԻԻՀ նախագահական ինստիտուտին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար և ԻԻՀ նախագահի խորհրդական Հեսամեդդին Աշենան Իրանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումներում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը: Հեսամեդդին Աշենան, ընդգծելով Ղարաբաղյան հարցում չեզոքություն պահպանելու Իրանի դիրքորոշումը և արտատարածաշրջանային տերությունների չմիջամտելու անհրաժեշտությունը, հայ և ազերի կողմերին կոչ է արել հարգել միջազգային օրենքները և հավատարիմ մնալ հրադադարին ու ջանքեր գործադրել հակամարտությանը վերջնական լուծում տալու համար: Աշենան հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի շահերին ուղղված երկկողմ համագործակցության խորացմանն ու խաղաղության ամրապնդմանը:
– Հայտնի է, Խոդաֆերինի ջրամբարն անցել է ադրբեջանցիների վերհսկողության տակ, որը սնում է Իրանի հյուսիսիային հատվածի մեծ շրջաններին, սա ձեռնտո՞ւ էր իրանական կողմին։
– Բնականաբար ոչ, ինչո՞ւ, քանի որ մինչ 2020 թ․-ի նոյեմբերի 10 Խոդաֆերինի ջրամբարն ու հարակից տարածքները դե ֆակտո ռեժիմով գտնվում էին Արցախի Հանրապետության հայկական ուժերի անվտանգության վերահսկողության տակ, և հայկական ուժերը հուսալիորեն պաշտպանում ու պահպանում էին Իրան-Արցախ սահմանի ամբողջ երկայնքի սահմանագծի անվտանգությունը։ Այժմ Խոդաֆերինի ջրամբարն ու հարակից Ֆիզուլիի և Ջաբրայելի տարածքները թուրք-ադրբեջանական տանդեմի և թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ անցնելով՝ Իրանը բախվում է գեոպոլիտիկական անվտանգության լուրջ սպառնալիքի հետ, որին դիմակայելու համար անվտանգային և պաշտպանական մեխանիզմների մշակումն ու գործադրումն անհրաժեշտ են դառնում Իրանի պետական և անվտանգության մարմինների համար։
– Ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում տարածաշրջանում Իրանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։
– Ինչպես հայտնի է՝ Իրանի ռազմավարությունը հիմնված է Մերձավոր Արևելքի և Իրանի հարակից տարածաշրջաններից արտատարածաշրջանային ուժերի դուրս գալու անհրաժեշտության վրա: 1980-ականներին, այսինքն՝ Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ավարտից առ այսօր, Իրանի մոտեցումը հիմնված է ներտարածաշրջանային երկխոսությունների վրա, և այս ուղղությամբ Իրանը ձգտում է հայտնաբերել ու զարգացնել ընդհանուր նորմերը և առաջացնել քաղաքական, տնտեսական կոնվերգենցիայի ու անվտանգության համագործակցություններին համապատասխան մշակութային-հասարակական և քաղաքական համակարգ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտոնական քաղաքականությունը հիմնված է ներազգային ուժի վրա և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման նպատակով տարածաշրջանի երկրների հետ բազմակողմանի համագործակցության և անվտանգության համակարգ ստեղծելու հիմունքների վրա: Իրանը հակադրվել է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը և ցանկանում է տարածաշրջանի անվտանգությունն ապահովել բոլոր երկրների համագործակցությամբ: Այս քաղաքականությունը հիմնված է համագործակցության տրամաբանության, փոխադարձ կապվածության ու քաղաքական գործընթացների վրա: Հետևաբար՝ այս սկզբունքների և գործընթացների իրականացմանը միտված ջանքերի ուղղությամբ Իրանն ապագայում կարող է մեծ դերակատարություն ունենալ, պայմանով, որ նա կարողանա հաղթահարել միջազգային շրջափակումները և դուրս գալ գլոբալ աշխարհաքաղաքական համակարգի հարթակ, որպես ազդեցիկ և դերակատար տերություն, որն անկասկած կօգնի Մերձավոր Արևելքի և Կովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության և ուժերի բալանսավորման ամբողջ գործընթացներին։
Իրանը շարունակ դերակատարություն է ունեցել, Մերձավոր Արևելքի, Պարսից Ծոցի և Կովկասյան տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացներում և տարածաշրջանային հավասարումներում Իրանի և այլ երկրների առաջարկած նախագծերը փոխըմբռնման և երկրների համագործակցության պայմանների ստեղծման ֆոնին հարմար առիթ են տարածաշրջանի երկրների համար վերանայել իրենց քաղաքականությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել տարածաշրջանային համատեղ գործակցության համար:
Իսկ վերջում նշեմ, որ ընդհանուր առմամբ պետք է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի դրույթները նախ համաձայնեցվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ու անտեսվել են Իրանն ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Ուստի, Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական զինադադարը և հակամարտության լուծումը հնարավոր չի լինի՝ առանց տարածաշրջանում Իրանի և որոշ կառավարությունների ներկայության և մասնակցության:
– Իրանը զորք է կուտակում սահմանին, սա ի՞նչ նպատակ է հետապնդում, կարո՞ղ են նոր բախումներ տեղի ունենալ։
– Սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան պատերազմի մեկնարկից ի վեր Իրանը շուրջօրյա ռեժիմով հետևում է Ղարաբաղում ռազմական զարգացումներին, և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային շրջաններում տեղակայված են Իրանի պաշտպանական զորամիավորները։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում արկեր և հրթիռներ են ընկել Իրանի Արդաբիլ նահանգի սահմանամերձ գյուղերում և դաշտերում: Իրանն այդ կապակցությամբ իր բողոքը ներկայացրել է հակամարտող կողմերին: Սակայն Իրանին առավել անհանգստացնում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից թուրքական և իսրայելական արտադրության լայնամասշտաբ կիրառված ռազմական և լրտեսական ԱԹՍ-ները, որոնք, ստացված տեղեկությունների համաձայն, կառավարվում են թուրք և իսրայելցի ռազմական մասնագետների միջոցով, ովքեր տեղակայվել են Ադրբեջանում, և պատերազմի արդյունքում Իրանի հետ Ադրբեջանի սահմանների ընդլայնումով վտանգ կա, որ Իսրայելի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական ներկայությունն առավել ամրապնդվի Իրանի հյուսիսային սահմաններում։ Դա բացարձակապես լուրջ սպառնալիք է՝ ուղղված Իրանի ազգային անվտանգության դեմ։ Պատերազմի մեկնարկից ի վեր նաև Իրանի բանակի և Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի ՀՕՊ ուժերի արագ արձագանքման ստորաբաժանումները գործուղվել են երկրի հյուսիս-արևմտյան շրջաններ՝ Իրանի օդային տարածքի անվտանգությունը պաշտպանելու նպատակով:
Նոյեմբերի 10-ին Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն անսպասելիորեն համաձայնության եկան և վերջ դրեցին ռազմական գործողություններին: Այդ համաձայնությունը փոխեց Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակը:
Այդ պայմանագրով Ադրբեջանի ձեռք բերած նվաճումներն այդ երկրում իրավական նոր հասկացություններ են ստեղծել: Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը դե ֆակտո ճանաչվել են, Ռուսաստանն իրավունք ունի մեծ թվով զորակայաններ կառուցել Ադրբեջանում, և Թուրքիան ևս ռուսների չափ լիազորություններ է ձեռք բերել: Այս բոլոր զարգացումները չեն կարող չազդել Իրանի անվտանգության և ռազմավարական հայեցակարգի միտումների վրա, և հաշվի առնելով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից վերջերս Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքների հավանական իրականացումը, Իրանը փորձում է իր սահմանների բոլոր ուղղություններով հզորացնել իր պաշտպանական և ռազմական ուժերի ներկայությունը։ Իրանի զինված ուժերը ներկա են երկրի սահմանների երկայնքով, որպեսզի պաշտպանեն երկրի անվտանգությունը ցանկացած արտաքին թշնամու ոտնձգություններից: Նոր բախումներ տեղի չեն ունենա առնվազն կովկասյան տարածաշրջանում, քանի որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում մի տեսակ նաև երաշխավորում է Իրանի հյուսիսային սահմանների անվտանգությունը, և Իրանը Ռուսաստանից ակնկալում է՝ ըստ պայմանավորվածության, ջանքեր գործադրի՝ թաքֆիրական ահաբեկչական զինյալ խմբերին դուրս շպրտել Ադրբեջանի գրաված տարածքներից։
– Շատ է խոսվում, որ Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը պետք է ձևավորեն հակաահաբեկչական կոալիցիա, Իրանն առհասարակ նման մտադրություն ունի՞՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Սիրիայից բազմաթիվ ահաբեկիչներ է տեղափոխել տարածաշրջան։
– Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը կհանգեցնի անապահովության ընդլայնմանը Հարավային Կովկասում, ինչը ոչ միայն լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների, ներառյալ՝ Իրանի համար:
Այժմ կան բազմաթիվ ապացույցներ, թե Թուրքիան կրոնական և լեզվական ընդհանրությունների, անվտանգության, էներգակիրների և ռազմական համաձայնագրերի պատրվակով թեժացրել է այս արյունալի մարտերը և իր սադրիչ միջամտությամբ խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջորդական ջանքերը և բանակցության միջոցով ցանկացած դիվանագիտական լուծումը Արցախի հարցի կապակցությամբ:
Ապացույցներ կան, որ Իսրայելը նույնպես, բայց ոչ ուղղակի ներգրավվածությամբ, փորձում է ինչ-որ կերպ թեժացնել պատերազմի կրակը, որպեսզի նոր խաղադաշտ պատրաստի Իրանի դեմ ուղղված իր հատուկ ռազմավարական նպատակների իրականացման համար:
Ավելին՝ ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի հյուսիսային օկուպանտ շրջաններից թաքֆիրական ահաբեկչական խմբերին տեղափոխել է Ադրբեջանի և Հայաստանի վիճելի տարածքներ, և Բաքվի բանակը հենց այս ահաբեկիչ զինյալների օգնությամբ կարողացել է գրավել Լեռնային Ղարաբաղի տասնյակ գյուղեր ու բնակավայրեր: Հաշվի առնելով այս իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում, Իրանի հյուսիսային սահմանների և Ռուսաստանի հարավային տարածաշրջանում, որոնք ուղղված են Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի ազգային անվտանգության և կայունության դեմ, բնական է, որ երեք երկրները պետք է փորձեն իրենց ջանքերը համատեղել ազգային շահերի ապահովման, տարածաշրջանի լարվածությունը մեղմելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու համար:
Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի գործընկերների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումների ժամանակ, Իրանի ազգային Անվտանգության գերագույն խորհրդի պաշտոնատարները բազմիցս ընդգծել են, որ բազում սպառնալիքներ են ուղղված տարածաշրջանի երկրների անվտանգության դեմ, որոնք ուղղակի վտանգում են հավաքական շահերը: Ահաբեկչությունից, անարդարությունից ու բռնությունից զերծ, տարածաշրջան ստեղծելու միակ ճանապարհը համագործակցությունն ու հավաքական շահերի մասին ընդհանուր ընկալում ունենալն է: Այդ գործելաեղանակն անհրաժեշտ է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև կովկասյան տարածաշրջանի համար:
Իրանի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության կայացման գործում հիմնված է բարեկամ երկրների հետ համագործակցության վրա: Այս առումով Իրանի ռազմավարական դոկտրինում Ռուսաստանը և նրա դաշնակից Հայաստանը համարվում են բարեկամ երկրներ։ Իրանի ռազմավարական քաղաքականությունն է՝ կառուցողական գործակցություն բոլոր երկրների հետ, որոնք հարգում են բռնությունից զերծ տարածաշրջան ստեղծելու և ներտարածաշրջանային ուժերի օգնությամբ կայունություն և խաղաղություն ստեղծելու և տնտեսական ու քաղաքական անվտանգությունն ապահովելուն ուղղված ջանքերն ու սկզբունքները:
ԻԻՀ-ն՝ որպես տարածաշրջանում ազդեցիկ պետություն, պատրաստակամություն է հայտնել քաղաքական ու անվտանգության երկկողմ և բազմակողմ պայմանագրեր մշակելու և վավերացնելու համար: Իրանը նաև ընդառաջում է սպառնալիքների դիմագրավման ուղղությամբ համագործակցությունը բարեկամ երկրների հետ: Ներկա պայմաններում այդ համագործակցությունը ստրատեգիական նշանակություն ունի Ռուսաստանի և Հայաստանի համար:
Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որը հանգեց, ցավոք, Հայաստանի զգալիորեն թուլացմանը տարածաշրջանում և տարածքային և մարդկային անփոխարինելի և աղետալի մեծ կորուստների, ինչպես նաև Հայաստանի առավել սահմանափակմանը տարածաշրջանում, նաև այն, որ Հայաստանը Իրանից էներգիա և ապրանքներ ներկրող երկրներից է, Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնումը երկու երկրին թույլ կտա՝ հաշվի առնելով համատեղ շահերն ու նպատակները, ռազմական ու տնտեսական ոլորտներում համագործակցությամբ կայուն անվտանգություն ստեղծել տարածաշրջանում: Այդ հարցը կարևորվում է հատկապես այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը փորձում է կանխել տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնումն ու մերձեցումն Իրանի հետ: Ուստի այս համագործակցությունն ամրագրելու և դրան նպաստելու համար անհրաժեշտ է նաև Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում՝ կայունության ու խաղաղության տարածման և ուժերի բալանսավորման համար:
Հատկանշական է, որ Իրանը և Ռուսաստանն այժմ արդյունավետ համագործակցություն են ծավալում տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերի լուծման ուղղությամբ: Իրանի ու Ռուսաստանի շփումները խիստ կարևոր են հատկապես տարածաշրջանային և համաշխարհային ներկա իրավիճակում, Իրանի ու Ռուսաստանի շփումներն այս պատճառով կարողանում են դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային ու քաղաքական իրադարձությունների վրա՝ ապահովելով երկու երկրների շահերը:
Այսօր, քանի որ ԱՄՆ-ը փորձեր է անում Իրանին ենթարկել սպառազինական և տնտեսական պատժամիջոցների, իսկ մյուս կողմից՝ Կովկասյան տարածաշրջանում մեծանում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կործանարար դերակատարությունը, որն ուղղված է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի շահերի դեմ, Ռուսաստանի ու Իրանի դերակատարությունը խիստ կարևորվում է տարածաշրջանային, գեոպոլիտիկական համակարգը փրկելու՝ Թուրքիայի և Իսրայելի քայքայիչ ու վնասակար քաղաքականությունից: Այսպիսի բազմակողմ համագործակցության շնորհիվ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա, կարելի է բարձրացնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության մակարդակը: Թեհրանը համոզված է, որ Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական՝ ընդլայնված համագործակցություններն այս պայմաններում, կարող են դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային ու քաղաքական իրադարձությունների վրա՝ ապահովելով երեք երկրների շահերը:
Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու անհրաժեշտությունն անկասկած բխում է երեք երկրների փոխկապակցված շահերից ու անվտանգության պահանջներից, որի ձևավորման համար անհրաժեշտ են սթափ մոտեցում, փոխադարձ ընկալում առկա վիճակի ու սպառնալիքների վերաբերյալ, լուրջ կամք և ցանկություն և տևական շփումներ ու անխոնջ աշխատանք բոլոր կողմերի միջև։