«Ես, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, ՍԴ որոշումները չեմ մեկնաբանում». Գրիգոր Բեքմեզյան
168.am-ը երեկ գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ս.թ նոյեմբերի 15-ի այն կոչից, որ, թերևս, ժամանակն է, որ առարկայական ու վերջնական տրվի շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ, ընդամենը 2 օր անց Սահմանադրական դատարանը (ՍԴ), որն ունի դեռ իր անգործության արդյունքում կուտակված բազում չքննված գործեր, առաջնահերթությամբ և առանց բավարար հիմնավորման կարճել է ԲԴԽ դիմումի հիման վրա ՍԴ նախկին կազմի կողմից քննության ընդունված գործի վարույթը:
ԲԴԽ-ի դեմ այս «հերոսական քայլը», փաստորեն, իր վրա է վերցրել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանը, որ ՍԴ էր եկել դատական համակարգից, ում հայտնի են երևի «վնգստացող դատավորի» հմտությունները, օրվա իշխանությանը հաճոյանալու և գոնե դրա արդյունքում իր ընտրվելու կապակցությամբ վարչապետ Փաշինյանի շնորհավորանքին արժանանալու անհագ ցանկությունը:
«Մի հատկանշական հանգամանք ևս։ Այն գործը, որի հիմքով ԲԴԽ-ն դիմել էր ՍԴ, վերաբերում էր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ի երեք անդամների միջնորդության քննությանը։ Իսկ այդ միջնորդությունը ներկայացվել էր, քանի որ Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման վերաբերյալ իր հատուկ կարծիքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ղեկավարած ՍԴ-ի կազմի անկախության, անաչառության և օբյեկտիվության վերաբերյալ հանդես էր եկել քաղաքական կոչերով, արտահայտել էր գրեթե բառացի այն նույն սուբյեկտիվ, կողմնակալ, կոռեկտության սահմաններն անցնող դիրքորոշումներ, որոնք տխրահռչակ Վահե Գրիգորյանը երկնում էր ՍԴ նախագահի աթոռին տիրանալու համար: Հա, ի դեպ, Հայկ Հովհաննիսյանը նաև Արման Դիլանյանի մտերիմ ընկերն է»,- գրել էր 168am-ը:
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ ԲԴԽ դիմումով բարձրացված սահմանադրականության հարցով գործի վարույթը կարճելու ՍԴ նախագահի Արման Դիլանյանի առաջարկությունը մերժվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի կողմից, նրանք կոնկրետ հիմնավորումներով չեն մասնակցել նիստին:
Դեմ է արտահայտվել նաև ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Իսկ ՍԴ մյուս 6 դատավորները` բնականաբար, Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի գլխավորությամբ՝ կողմ են քվեարկել:
Այսօր ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի հրապարակումը և առհասարակ՝ ՍԴ-ում կատարվածը:
«Ես, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, ՍԴ որոշումները չեմ մեկնաբանում»,- ասաց ԲԴԽ անդամը:
Նկատենք, որ ԲԴԽ-ում վաղուց որդեգրած քաղաքականություն է՝ չմեկնաբանել մեկ այլ սահմանադրական մարմնի հետ կապված որևէ բան, այդ թվում՝ նրա շուրջ ու նրա կողմից կատարված գործողությունները: