«Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց Փաշինյանը պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից». Սոլովյով
Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Полный контакт. Соловьёв LIVE հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա վեց ամսվա կտրվածքով կառավարության ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզին՝ ընդգծելով, որ դրանում ներառված կետերն իր մոտ «զարմանք են առաջացնում»:
«Մի հարցում ունեմ Փաշինյանին. Փաշինյանը չի՞ հասկացել, որ պարտվել է պատերազմում և որ նրան փրկել է Ռուսաստանը: Ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում արցախցիներին իրենց տներ վերադարձնել, դա առայժմ ապահովում են մեր խաղաղապահները: Ինչպե՞ս է պատրաստվում վերականգնել Արցախի բնականոն կյանքը, եթե Արցախի մի մասը նա կորցրել է: Ինչպե՞ս է պատրաստվում վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով, որ այդ խաղաղ գործընթացում ստիպված է լինելու խոսել Ալիևի հետ: Ինչպե՞ս է նա հիմա պատկերացնում այդ զրույցը՝ հաշվի առնելով, ինչպես էր նա ժամանակին թրոլինգի ենթարկում Ալիևին և ինչպես նա պատասխանեց Փաշինյանին: Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց նա պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից»,-ասել է Սոլովյովը:
Վերջինս ընդգծել է, որ Փաշինյանը, երկուսուկես տարի իշխանության ղեկին գտնվելով, այդ ամբողջ ժամանակը չի օգտագործել բանակը պատերազմին նախապատրաստելու համար, չի վերագործարկել երկրի տնտեսությունն ու հզոր հակակոռուպցիոն միջոցառումներ չի իրագործել:
«Իսկ հիմա Փաշինյանն ասում է՝ ինձ կես տարի տվեք. իսկ միթե՞ հայ ժողովրդի ցավը դրանով կամոքվի: Կամ էլ նորից ամեն ինչում մեղավոր կլինի Ռուսաստանը»,-նշել է Սոլովյովը:
Նա նաև անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրերս տված հարցազրույցին, որում նա ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությանն ու դրան նախորդած դեպքերին:
«Պուտինն ուղիղ ասաց՝ «ո՛չ, Փաշինյանը դավաճան չէ», բայց իմ կարծիքով՝ դավաճան չլինելով՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չունի գերագույն գլխավոր հրամանատար լինելու համար անհրաժեշտ որակներ»,-նշել է Սոլովյովը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 19-20 տեղի ունեցած քննարկումների մանրամասները վկայում են, որ Փաշինյանը չի տիրապետում իրական վիճակին, չի հասկանում ինչ է կատարվում իր բանակում, ինչ դերքերում է այն գտնվում և ինչպես վարվել: