«Կա հայի տեսակ, որն իր կողքին ապրող հերոսին չի հավատում․․․»․ Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կա հայի տեսակ, որն իր կողքին ապրող հերոսին չի հավատում, այլ հավատում է միայն երեկվա եղած-չեղածի մասին իրեն հասած կցկտուր հորինվածքներին ու արդեն մարտիրոսվածների վերաբերյալ արվող ուշացած փառաբանումներին: Ինչքան ուզում ես փաստերով ներկայացրու ապրող հերոսների կատարածը հաղթանակի ու պետականության կերտման գործում, միևնույն է, հայի այդ տեսակը նախընտրում է փառաբանել Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկին կամ, եթե մեր ժամանակներից, ապա նրանց, ովքեր արդեն մեզ հետ չեն… Հայի այդ տեսակն անգամ Վազգեն Սարգսյանին չէր ընդունում, երբ կենդանի էր, հենց ահաբեկիչների կրակոցից ընկավ, սկսեց փառաբանել որպես ՍՊԱՐԱՊԵՏ…
Ցավում եմ, որ հայի այդ տեսակի հիշածն ու «մեծարածը» կորսվածն է ու այն ամենը, ինչը ոչ թե թևավորում, բարձրացնում է եղածին ավելացնելու ներքին մղումը, այլ տանում է ունեցածը կորցնելու նոր ու ավելի աղետալի հանգրվանի…
Հ.Գ. Այսօր երկրային կյանքից հեռացավ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը…»։