«Եղել ենք Մոսկվայում, տիրապետում ենք շատ տեղեկատվության, որն այս պահին մեզ թույլ չենք տալիս հրապարակելու». Շաքե Իսայան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի մեկնարկից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հիշատակը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ այդ պահանջը շարունակում է  մնալ ԲՀԿ-ի օրակարգում։

«Մենք վստահ ենք, որ աշխարհի որևէ կետում չկա մի հայ, ով կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած վարչապետին կընդունի և կցանկանա, որպեսզի այդ վարչապետը ներկայացնի և առաջնորդի հայ ժողովրդին։ Պատերազմի օրերին եղել ենք Մոսկվայում, տիրապետում ենք շատ տեղեկատվության, որն այս պահին մեզ թույլ չենք տալիս հրապարակելու։ Այս իշխանությունները եղել են ոչ կոմպետենտ, Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին կամ տիրապետելով՝ սպասարկել է արևմտյան որոշ ուժերի և դավաճանել է հայի շահը»,- նշեց Շաքե Իսայանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր կրկին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմելու են ԱԺ՝ արտահերթ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ կառաջարկեն վերացնել ռազմական դրությունը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նկատեց՝ որևէ բան չի փոխվել, որպեսզի ԲՀԿ-ն իր օրակարգից հանի վարչապետի հրաժարականի հարցը։ Ավելին՝ 12 հազար քմ տարածքից 9,5 հազար քմ հանձնվել է թշնամուն, ընդ որում՝ ամբողջը՝ բոլոր կողմերի տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ժամանակին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը։

«Ընդ որում, ստացվում է, որ այդ հանձնած տարածքների կեսից ավելին մենք հանձնում ենք առանց պատերազմի։ Այո, ժամանակին առավելագույն ջանք չի գործադրվել դիվանագիտական ճանապարհով այդ ամենը կանխելու համար»,- նշեց Միքայել Մելքումյանը։

Ինչ վերաբերում է հանրահավաքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը, պատգամավորն ասաց, որ նրան մշտապես հրավիրում են ԱԱԾ, ՀՔԾ, որի պայմաններում Ծառուկյանը չի կարողանում մասնակցել հանրահավաքին, երբ այդ հնարավորությունը ստեղծվի, նա անպայման կմասնակցի։

Պատգամավորը նաև ասաց, որ պատերազմի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ գտնվել են Մոսկվայում, ունեցել են փակ հանդիպումներ, որի վերաբերյալ տեղեկատվությունն այսօր էլ չեն բացահայտի։

«Մենք միշտ ասել ենք, որ ըստ մեզ,  Ռուսաստանի Դաշնության ներկայությունը տարածաշրջանում լրիվ թափով իրացված չէ, և այն, ինչ եղավ,  նաև դրա հետևանքով էր, ասել ենք, որ ՌԴ-ի ներկայությունը տարածաշրջանում 100 տոկոսով վերականգնված չէ։ Մենք կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին, դրա մասին ժամանակին ենք ասել»,- շեշտեց Միքայել Մելքումյանը։

Տեսանյութեր

Լրահոս