«Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է. ընդդիմությունը պետք է շատ արագ վերցնի իշխանությունը». Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական, պետական գործչի հետ, այլ էքսցենտրիկ խելապակաս մի անձնավորության հետ, որն, ըստ վերլուծաբանի՝ ունակ չի եղել գնահատել ո՛չ իրավիճակը, ո՛չ ընդունակ է եղել արդյունավետ կառավարել, արդյունավետ որոշումներ կայացնել:
«Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում քաղաքականությանը: Իր բոլոր քայլերը երկիրը հասցրեցին այս աղետի դռանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արգիշտի Կիվիրյանը ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը երբեք կամավոր չի հեռանա. Այս անձնավորությունն ու իր ընտանիքը մինչև վերջ կառչած են մնալու աթոռին: Անգամ չնչին բարոյականություն ունեցող անձը կհասկանար, որ իր գտնվելը այդ պաշտոնում աղետ է դարձել մի ողջ ժողովրդի համար: Մի մարդ, որը երկիրը տարել է աղետի, Արցախը տարել է անկման, հայ ազգին տարել է նվաստացման ու դրանից հետո անգամ չնչին առումով չի մտածում հրաժարականի մասին, նշանակում է, որ մենք գործ ունենք նաև անբարոյական մարդու հետ: Այս մարդը այդ աղետից հետո էլ փորձում է ամեն գնով կառչած մնալ և չկորցնել իր իշխանությունը: Նա կամավոր ձևով չի հեռանա: Այստեղ խնդիրն այն է, որ իրականության մեջ այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ խայտառակ համաձայնագիրը, ինքը որպես քաղաքական սուբյեկտ՝ էլ չկա: Իհարկե, համառորեն ինքն ու իր կողմնակիցները չեն հասկանում, բայց դա ակնհայտ է: Այս համաձայնագրով՝ Արցախի կարգավիճակի հարցը որոշված չէ, դա դեռ պետք է բանակցություններով որոշվի, այսինքն՝ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները դեռ պետք է բանակցեն. Այս իրավիճակից հետո հավանաբար նաև տեսել եք այն հոլովակները, թե ոնց է Ալիևը ծաղրում Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ծեծված կատվի պես նստելու է Ալիևի դիմաց՝ ի՞նչ անի, մնացած մա՞սն էլ հանձնի»:
Վերլուծաբանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ջուրն է գցել արցախյան ամբողջ շարժման գաղափարները. «Նա ջուրն է գցել ավելի քան 30 տարվա հայ ժողովրդի ողջ պայքարը: Նա ջուրը գցեց այս պատերազմում կրած հայ ազգի բոլոր զրկանքները, հազարավոր զոհերի արյունը, տասնյակ-հազարավոր հաշմանդամ մնացած անձանց տառապանքները: Մենք ունենք կորցրած Արցախ, փլուզված Հայաստան, և այդ փլատակների վրա այս մարդը դեռ երգում է: Ակնհայտ է, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո ինքը դարձավ քաղաքական դիակ, բայց կառչած մնալով իր աթոռին՝ ավելի շատ է տարածում գարշահոտությունը այս երկրով մեկ՝ թույլ չտալով, որպեսզի խնդիրները լուծվեն: Այստեղ ամենամեծ խնդիրն արդեն ինքը չէ, այլ այն, որ ընդդիմությունն այս պահի դրությամբ դեռ չի ձեռնարկում իրական քայլեր, որպեսզի վերցնի իշխանությունը: Ամսի 10-ից մինչ օրս իշխանությունը գցած է փողոցում, մնում է՝ ինչ-որ մեկը կամային որոշմամբ վերցնի այն: Ցավոք, մինչ օրս այդպիսի թիմ չկա, կամ կան, որոնք չեն հանդգնում գնան այդ քայլին: Ընդդիմությունը պետք է նույնն անի, որը անելով՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության: Այդ մարդը կիրառեց ինչ-որ մոդել, դրանից հետո նշվեց, որ դա նորմալ մոդել է, որևէ իրավական հարց չկա, դրանով իսկ այսօրվա ընդդիմությանը դա բոլոր հնարավորությունները տալիս է՝ այդ նույն մոդելը շատ արագ ձևով կիրառել և վերցնել իշխանությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում