«Ինչով ուզում են փորձեն արդարացնել, դրա միակ արդարացումն այն է, որ չլիներ». Ռազմիկ Դավոյան
«Թուրքիան սպասում էր Հայաստանի թուլանալուն: Բացահայտ թուլացավ Հայաստանը, կորցրեց քաղաքական իշխանության գլխավոր կշիռը, մնացածը՝ բոլորը գիտեն: Հենց այդ ժամանակ Թուրքիան, օգտագործելով բոլոր հնարավորությունները, մտավ ներս, Ադրբեջանին մղեց պատերազմի՝ տալով ամեն ինչ, հսկայական քանակությամբ զինամթերք, վարձկաններ, ահաբեկիչներ և այլն:
Մենք ոչ միայն լրիվ պատրաստ չէինք նրանց էդ ահռելի զինանոցով դիմագրավելու, այլև ինքներս կարծես թե մի տեսակ իշխանություններով տրամադրված էինք, որ մեր զինվորները գնան զոհվե՞ն… մեր ժողովրդի ծաղիկն ու բողբոջը: Էդ ծաղիկը դեռ չէր էլ հասել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:
Ռազմիկ Դավոյանը պատմեց, որ շատ է եղել ռազմաճակատում, տղան՝ առաջին պատերազմում, ու թոռները՝ այս պատերազմում պաշտպանել են հայրենիքը. «Իմ տղան 92 թվականին Շահումյանում էր, երկու թոռներս՝ նրա տղաները, երկուսն էլ ճակատում էին հիմա, մեկը վիրավորվեց Հադրութում, մյուսը դեռ ծառայության մեջ է, և սպասում եմ՝ Աստծո օրհնությամբ գա-հասնի:
Ինձ համար Ղարաբաղը սուբ հող է եղել, սուրբ հող: Ալիևը Բաքվում կանգնել էր լրագրողի դիմաց և ասում էր՝ «ա՜խ Շուշի, ոնց եմ կարոտել ես քեզ». Շուշիի ինչի՞ն է կարոտել Ալիևը, ռեալական դպրոցո՞ւմ է սովորել, Շուշիի եկեղեցիների՞ն է կարոտել: Ամենաստորագույն ձևով պարտվածը ամենահաղթական ձևով կանգնել էր և այդպիսի բաներ էր խոսում Ղարաբաղի մասին»:
Հարցին, թե պատերազմի առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին, Դեր Զորի ճամփորդը չէ», որտե՞ղ կտրվեց մեր հույսի թելը, բանաստեղծը պատասխանեց. «Հենց էնտեղ, երբ նրան դրեցին վարչապետ, մեր հույսի թելը հենց այդտեղ կտրվեց: Ես երբեք այդ հույսը չեմ էլ ունեցել: Երկուսուկես տարվա ընթացքում ես ոչ իր անունն եմ տվել, ոչ իր պաշտոնի, ոչ իր Ազգային ժողովի, ոչ մեկի: Ես առանց իշխանության ապրել եմ երկուսուկես տարի, պատրաստ էի էլի ապրելու, բայց աղետ տեղի ունեցավ մեր ժողովրդի համար, որովհետև այդ իշխանությունը կործանարար հետևանքներ բերեց հայության համար»:
Ռազմիկ Դավոյանն անցյալի դասերն է հիշում, պատմության կրկնության մասին հիշեցնում. «Պետրոս Մեծը 300 տարի առաջ հստակ որոշում ուներ, որ պետք է մահմեդական աշխարհի դարպասների դեմ ունենալ քրիստոնեական մի հզոր տերություն: Քրիստոնեական այդպիսի միակ տերություն կարող էր լինել Հայաստանը:
Թումանյանն ասում է՝ թուրքերը 400 տարի Վիեննայի դարպասների մոտ նստած էին Եվրոպայի վրա, քրիստոնյա ժողովուրդներին ահռելի հալածանքների ենթարկեցին: 150 տարի առաջ ի՜նչ հիվանդություններ է ախտորոշել մեր ժողովրդի համար, և ինչպես այդ հիվանդությունները վերածնեցին մեր օրերում, առաջարկել է բուժման միջոցներ, ոչ մի բուժման միջոց չենք օգտագործել: Դա սարսափելի է:
Մենք ինչի՞ մասին ենք խոսում, քաղաքականությա՞ն. մեզ մոտ՝ Հայաստանում, քաղաքականություն գոյություն չունի: Քաղաքականությունը բոլորովին ուրիշ բան է: Առանձին խմբավորումներ պարբերաբար ձգտում են իշխանության:
Իշխանության հասնելուց հետո կան մարդիկ (եղան երկու նախագահները՝ երկրորդ և երրորդ), որ պետականություն ստեղծելու դետալներ հիմնեցին և պետք է շարունակեին, որ այդ դետալները միացնեին իրար, դառնար պետություն, հետո մեջն էլ լցվեր քաղաքականություն, բայց ծանրացավ մեր վիճակը: Այս մարդը՝ Թումանյանը, մեր ծանր վիճակի ամենախոշոր արձանագրողն է»:
Նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնությունն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ որակում կտաք դրան՝ հաշվի առնելով, որ փաստացի գաղտնի է ձեռք բերվել, ժողովրդից թաքուն՝ մեր հարցին ի պատասխան՝ հրապարակախոսն ասաց. «Դա բոլոր խոստումներին հակառակ քայլ է: Ժողովրդին տված խոստումները չկատարվեցին, իսկ դա ամենագլխավոր խոստումներից էր, որ, եթե այդպիսի փաստաթուղթ ստորագրվելու լինի, պետք է քննարկվի, պետք է նախ ԱԺ-ն քննարկի, հետո պետք է քննարկվի ժողովրդի հետ: Դա անելո՞ւ բան է, թե՞ անելու բան չի:
Ես ի՞նչ պետք է գնահատեմ, ողջ ժողովուրդը գիտի, որ դա դավաճանական քայլ է: Ինչով ուզում են փորձեն արդարացնել, դրա միակ արդարացումն այն է, որ չլիներ: Իսկ դրա բերած շանսը մեզ համար այն էր, որ ռուսական սահմանապահ զորքը տեղավորվեց շփման գծում: Ի՜նչ կարևորագույն համընկնում եղավ, որ դա մեզ համար էդպես է՝ ռուսների համար կարևորագույն խնդիր է, որ Թուրքիան իր քիթը չխոթի այս տարածաշրջան»:
Թե ինչ է լինելու այդ համաձայնագրից հետո՝ հարցի վերաբերյալ նա մեկ ակնկալիք ունի՝ իշխանության գան այնպիսի մարդիկ, ովքեր պետություն կերտելու նախանձախնդրությամբ կստանձնեն պատասխանատվություն. «Դրսից բոլորը շեշտում են, որ Հայաստանը քաղաքական իշխանություն չունի: Պետք է քաղաքական իշխանություն ունենա, և լինի մարդ, որ հարցը վերադարձնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների սեղանին, բանակցողը լինի այնպիսի մարդ, որ կարողանա այդտեղ ճիշտ դիրքորոշումներով փորձի ինչ-որ կարևոր բաներ հետ բերել մեր ժողովրդի համար:
Թե ովքեր են անելու, ինչպես են անելու, և այլն, դա արդեն… մեր ժողովուրդն իրավունք չունի ասելու՝ ում հավատամ: Ում որ հավատացի՝ մեկը մյուսին վարկաբեկելով՝ չթողեցին, որ հավատամ:
Ինձ ամեն օր տիկինս՝ Արմինեն, ցույց է տալիս, թե Արցախի ժողովուրդն ինչ ողբ է ողբում, մարդիկ կան՝ ասում են, որ այստեղից չենք դուրս գալու, մեր հողերն են, մեր երկիրն է, մեր հայրենիքն է, մեր ստեղծածն է, ի վերջո, ահագին բան ստեղծեցին:
Մեր ժողովուրդը պետք է խելքի իր պաշարը հավաքի և ասի՝ ես կարող եմ հավատ դնել այն մարդկանց վրա, ովքեր որ ազնվորեն, հայրենասիրությամբ, ոչ իշխանատենչությամբ, պետություն կերտելու նախանձախնդրությամբ կգան իշխանության»:
Մանրամասները՝ տեսանյութում