«Մեր բանակը չի պարտվել, փառք ու պատիվ մեր 18-20 տարեկան տղաներին». Տարոն Տոնոյան
Մատենադարանում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցները նախ Ազատության հրապարակում մասնակցեցին մոմավառության՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների, այնուհետև քայլերթով շարժվեցին դեպի Մատենադարան։
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, որ պատերազմի ողջ ընթացքում եղել է ճակատում, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նշեց, որ հավաքվել են ոգեկոչելու պատերազմում ընկած քաջ նահատակների հիշատակը։
«Այսօր մենք հավաքվել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու և մեր հարգանքի խոսքն ասելու ի փառս մեր քաջ բանակի, մեր զինվորներին և նրա քաջ սպայակազմին։ Դժվար եմ գտնում բառեր՝ արտահայտելու այն խորը վիշտը, այն մեծ ցավը, որ մեզ է պատել։ Մեր բանակը չի պարտվել, անձամբ ես առաջին օրվանից մտածում էի, որ մեկ շաբաթ անց մեր բանակը կկազմալուծվի, բայց փառք ու պատիվ մեր գեներալներին, որոնք կռվի մեջ մտնելով, զինվորի թիկունքը պաշտպանելով, կարողացան օրինակ ծառայել ու պաշտպանել։ Հազար փառք ու պատիվ մեր 18-20 տարեկան տղաներին, այսօր մենք խեղճանալու առիթ չունենք»,- նշեց Տարոն Տոնոյանը։
Ըստ ազատամարտիկի՝ 1994 թվականի զինադադարից հետո Հայաստանը լավ չի պատրաստվել, հետևաբար՝ վաղվանից պետք է պատրաստվել, որպեսզի թշնամին չհամարձակվի ոտնձգություններ թույլ տալ։
«Հադրութից իմ ծանոթներիցս մեկը զանգահարեց, ասաց, որ դուրս գալու հրաման եմ տվել, բայց տղերքը դուրս չեն գալիս, հեռախոսը վերցրեցի, տղերքից մեկին ասեցի՝ Նարեկ ջան, դուրս եկեք, շրջափակման մեջ եք, ասեց, քավոր ջան, մենք 70 հոգի էինք, մնացել ենք 25 հոգի, տղերքին երդում ենք տվել, որ էս պոստը չենք թողնելու։ Մենք այսպիսի հերոս տղերք ունենք, չխեղճանաք, գաղթի ճանապարհը չբռնեք, մնացեք, հզորացրեք, կառուցեք այն երկիրը, որի համար զոհվեցին մեր քաջերը»,- եզրափակեց Տարոն Տոնոյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: