«Տիգրանակերտի այն ժառանգությունը, որը շարժական է, թանգարանային է, այդ մասին հոգ տարվել է՝ բազմաթիվ գործեր արվում են, որոնք ենթակա չեն հանրայնացման». Արշավախմբի ղեկավար
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող Տիգրանակերտ հնավայրի ճակատագիրը շատ արցախցիների ճակատագրի նման շարունակում է անորոշ ու անհայտ մնալ։
168.am-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ ստորագրված փաստաթուղթում հազիվ թե որևէ հուսադրելի կետ լինի Արցախի ու առհասարակ Տիգրանակերտի համար։
«Հիմա ես չգիտեմ՝ այդ ստորագրված փաստաթուղթը որքանով է իրավապես հուսադրելի։ Հիմա մեր գլխավոր խնդիրն այն է, որ այդ հուշարձանները չվնասվեն, ավելին մտածել, թե վաղն ինչ է լինելու, ի վիճակի չենք։ Մենք նոյեմբերի 9-ին չգիտեինք, թե վաղն ինչ է լինելու, դրա համար էլ հազիվ թե ես կարողանամ հնավայրի հետ կապված այս պահին որևէ բան ասեմ»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ մտածել, թե ադրբեջանցիները հայտնվելով Արցախում՝ կարող են պահպանել մշակույթը՝ անհեռատես է, ավելին, արդեն ակնհայտ է, որ նրանք հայտնվելով Արցախում՝ կընտրեն մի քանի խոշոր կառույցներ, որոնք հայտարարելու են աղվանական, և դրանց մեջ հաստատ մտնելու են Դադիվանքը, Ծիծեռնավանքը։
«Այն ժառանգությունը, որը աչքից հեռու է և աշխարհին այդքան էլ հայտնի չէ, դրանք միանշանակ ադրբեջանցիների կողմից ոչնչացվելու են։ Արցախահայությունն արդեն 2 հազար տարուց ավելի ապրում է Արցախում, այսօր նրա գոյության, այնտեղ լինելու հարցն է հարցականի տակ։ Լինելով Տիգրանակերտի արշախավախմբի ղեկավար, կոչ եմ անում, որ առաջինը մտածենք մարդկանց կյանքի մասին, բոլոր դեպքերում այդ մշակույթը մարդիկ են ստեղծում, և հարկավոր է ամեն ինչ անել մեր հարազատների, նրանց վաղվա օրվա համար։ Տիգրանակերտի այն ժառանգությունը, որը շարժական է, թանգարանային է, այդ մասին հոգ տարվել է, և բազմաթիվ գործեր արվում են, որոնք ենթակա չեն հանրայնացման»,- հավելեց նա։
Նա նաև շեշտեց, որ Տիգրանակերտը շատ մեծ քաղաք է, որի մի փոքր հատվածն է ուսումնասիրվել, սակայն սա չի նշանակում, որ համաչափ պեղում է կատարվել։
«Կարծում եմ՝ Տիգրանակերտի դեպքում, եթե այն մնալու է ադրբեջանցիների հսկողության տակ, նրանք պեղումները կշարունակեն և ներկայացնելու են բոլորովին կեղծ, իրենց հորինած պատմությունը՝ ասելով, որ հայերն են կեղծ լուրեր տարածում, ձեռ են առնելու մեզ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ նրանք չեն քանդի, այլ կներկայացնեն ու կդարձնեն սեփական մշակույթի մի մասը»,- եզրափակեց Համլետ Պետրոսյանը։
Նշենք, որ Տիգրանակերտ քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի օրոք։ Այն որպես բնակավայր՝ գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար։ Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ հայկական զինված ուժերի կողմից։
Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին:
2006 թվականին սկսվել են պեղումները, արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։
2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: