«Սա Արցախը կորցնելուց հետո շատ ավելի վտանգավոր հարված է». Խաչատուր Ստեփանյան
Հայաստանի վարչապետը ստորագրել է հայ ժողովրդի համար ծաղր, վիրավորանք և ողբերգություն պարունակող կապիտուլյացիոն փաստաթուղթ, որը բոլոր հնարավոր ձևերով պետք է սրբագրվի, քանի դեռ այն չի դրվել գործածության մեջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նոյեբերի 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությանը՝ ասաց պատմաբան, պ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։
«Այս պատերազմի պատճառը թիվ մեկ բանակցողի հայտարարություններն են, որոնք երբ դնում ենք իրար կողքի, բոլորը իրար հակասում են և իրարամերժ են։ Պատերազմը միշտ էլ կարող էր լինել, բայց հետաձգվում էր, որովհետև մենք հակառակորդին թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճանապարհով ցույց էինք տալիս, որ պատրաստ ենք դիմագրավել ամեն ինչի։ Պատերազմը արագացրեցին այդ անորոշ հայտարարությունները, բայց ոչ միայն դրանք։ Դիվանագիտական տարրական նրբերանգները չհարգող հայտարարությունները թշնամուն պատերազմը սկսելու իրավական հիմք տվեցին, դրանցից մեկն էր, օրինակ, այն, երբ ասեցին, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Սա ասելով՝ ասողն ինքնորոշման համար տարվող պայքարը դարձրեց տարածքի համար մղվող պայքար, ինչը թույլ տվեց թշնամու առաջնորդին, նա այդ մասին հայտարարեց, որ խախտվել է բանակցությունների կարևոր սկզբունքը, ուստի գնում է պատերազմի։ Մյուս կարևոր պատճառն այն է, որ մենք վերջին 2.5 տարում մեր ժողովրդին նախապատրաստեցինք խաղաղության, ասում էինք, որ պետք է թշնամու կերպարի վերանայում իրականացվի մատաղ սերնդի մոտ։ Հենց այս ամենն էր, որ այս 2.5 տարվա ընթացքում հայ ժողովրդին պատրաստեցին պարտության»,- ասաց Ստեփանյանը։
Ըստ նրա՝ արձանագրվեց մի փաստ, որ հարցի լուծումը ձեռնտու եղավ միայն Ադրբեջանին, Արցախը տուժեց, իսկ Հայաստանն էլ, էսպես շարունակելու դեպքում՝ էլ ավելի է տուժելու։
«Այսօր տեսնում եմ հրապարակումներ, թե Արցախը կորցրեցինք, բայց մենք փրկվեցինք, այսինքն՝ Արցախը կորցնելը ներկայացվում է՝ որպես փրկություն, փաստորեն այդ կարգի պատրա՞ստ են պարտության»,- ասաց Ստեփանյանը։
Դիտարկմանը՝ որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ սա պայմանագիր է Արցախը պահելու, ոչ թե հանձնելու, ինչպես նաև 25 հազար զինվորի կյանքը փրկելու մասին, պատմաբանն արձագանքեց.
«Բանը չպետք է հասներ նրան, որ 25 հազար զինվորի կյանքը փրկելու համար ստորագրվեր կապիտուլյացիայի ակտ»։
Ինչ վերաբերում է ստորագրված ակտում հնարավոր փոփոխությունների հավանականությանը, ապա, ըստ պատմաբանի, դրանք հնարավոր են, եթե շատ արագ փոխվի այն ստորագրողը։
«Այո՛, խմբագրումներ այդ փաստաթղթի մեջ կարելի է կատարել, բայց այդ ակտը ստորագրած ՀՀ վարչապետը դա չի կարող անել. դա պետք է արվի մեկ ուրիշի կողմից, իսկ փոփոխությունների տեղեր կան՝ մասնավորապես՝ Մեղրիի հատվածում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերաբերյալ, կա Բերձորը չհայաթափելու խնդիր, որին կարելի է հասնել՝ տարբեր դիվանագիտական և ռազմական հնարավորություններ օգտագործելով։ Քելբաջարը պահելու խնդիր կա։ Բերձորի և Քարվաճառի կորուստը շատ ավելի վատ վիճակ է ստեղծում, փաստորեն, մեր սահմանը 50-100 կմ նահանջում է, եթե մինչև հիմա Հայաստանի սահմանը հսկում էինք Օմարից մինչև Հորադիզ, հիմա պետք է հսկել Վարդենիսից մինչև Մեղրի»,- ասաց Խաչատուր Ստեփանյանը՝ նշելով, որ հայտնվել ենք մի աղետալի իրավիճակում, երբ անհրաժեշտ է ազգային ղեկավարություն, որը խաղաղություն ոչ թե կմուրա, այլ կպարտադրի այն, իսկ խաղաղություն կարելի է պարտադրել պատերազմի պատրաստվելով։
Ըստ մեր զրուցակցի՝ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավոր, նախկինում մեր երկրի անվտանգությունն ապահովված էր, և դա փաստով էր ապացուցված, իսկ հիմա մենք խոսքերից այն կողմ որևէ բան չտեսանք, որովհետև եթե հայտարարվում էր, որ մենք զինվում ենք, ապա այդ զենքի կիրառումը պետք է արդյունք տար։
«Իսկ հիմա տեսնում ենք, որ մեղադրում են, թե զինվորն էր մեղավոր, գեներալն էր մեղավոր, և այն։ Մենք զինվորին և գեներալին դավաճանության մեջ մեղադրելով՝ մեր սերունդներին զրկում ենք հաջորդ պատերազմին հոգեբանորեն պատրաստվելու հնարավորությունից։ Սա, Արցախը կորցնելուց հետո, շատ ավելի վտանգավոր հարված է։ Ժողովրդին ասելով, որ դու պարտվեցիր, որովհետև չկռվեցիր, պարտվեցիր, որովհետև դու դավաճան ես, նշանակում է՝ ժողովրդին ասել, որ դու այլևս չպետք է կռվես, որովհետև դու թույլ ես»,- ասաց Ստեփանյանը։
Պատմաբանն անդրադարձավ նաև Արցախն ամբողջապես չհայաթափելու խնդրին, ընդգծեց, որ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, սակայն մինչև նրանց նման կոչեր անելը պետությունը պետք է վերակառուցի այն, ինչ մնացել է Արցախից։ «Արցախում պետք է հայեր ապրեն, այլապես մենք կունենանք երկրորդ Նախիջևան, սակայն նախքան արցախցուն Արցախ մեկնելու կոչեր անելը՝ նախ պետք է ապահովել նրանց անվտանգությունը, վերակառուցել ենթակառուցվածքները։ Դա չարած, սակայն, հիմա արվում է հակառակը՝ կոչ է արվում գնալ Արցախ։ Իսկ ինչ վերաբերում է արցախցու անվտանգությանը, ապա, անշուշտ, ռուս խաղաղապահների ներկայությունը գործոն է, որը կերաշխավորի արցախցիների անվտանգությունը, բայց անվտանգությունը միայն ռուս խաղաղապահների հույսին թողնելը սխալ է։ Հայաստանը պետք է ռուս խաղաղապահներից էլ ավելի լավ երաշխավորի արցախցու անվտանգությունը, ինչն այս պահին չկարողացավ անել։ Պետք է ապահովվի ոչ թե խոսքով, այլ գործով։ Ավելին ասեմ՝ եթե մենք արցախահայության անվտանգությունը պայմանավորում ենք ռուս խաղաղապահներով, ապա պետք է Ռուսաստանի իշխանությունների հետ ունենանք հնարավորինս լավ հարաբերություններ»,- ասաց պատմաբանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում