«Մենք դեռևս ժամանակ ունենք, որքանով գիտեմ, այդ ժամանակահատվածը երկարաձգվել է». Դավիթ Բաբայանը՝ Քարվաճառն Ադրբեջանին տալու ժամկետների մասին

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ստեփանակերտում կան շենքեր, որոնք ավելի քիչ են տուժել թուրք-ադրբեջանական ագրեսիայից, հետևաբար՝ որոշակի միջամտություններից հետո այդ շենքերում հնարավոր կլինի ապրել։

«Այդուհանդերձ արցախցիներն այնպես պետք է վերադառնան, որպեսզի չլինի այնպիսի իրավիճակ, երբ այդ մարդիկ չկարողանան ապրել, չունեն օթևան, և այլն։ Հետևաբար՝ ակնկալել, որ ամեն ինչ շատ արագ կարող է վերականգնվել, այդքան էլ իրատեսական չէ։ Իհարկե, ցանկալի է, որ բոլորն էլ վերադառնան, բայց կան տեղամասեր, շրջաններ, գյուղեր, որտեղ պարզապես անթույլատրելի է վերադառնալը։ Կարծում եմ՝ շատ մեծ սոցիալական ծրագրերի անհրաժեշտություն է լինելու, որպեսզի այդ մարդկանց համար նոր տներ կառուցվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների  ստորագրած եռակողմ հայտնի փաստաթղթին, ըստ որի՝ Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին, ապա մեր  հարցին, եթե Քարվաճառից բնակիչը դուրս չգա, իսկ Դադիվանքից էլ՝ վանահայրը, ի՞նչ է  սպասվելու, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ըստ տվյալների՝ նոյեմբերի 15-ին չէ, որ այդ գործընթացը պետք է ավարտվի։

«Այսինքն՝ մենք դեռևս ժամանակ ունենք, ինչքա՞ն ունենք ժամանակ, պետք է հարցնել պատկան մարմիններին, բայց որքանով ես գիտեմ, այդ ժամանակահատվածը երկարաձգվել է»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է արցախցիների անվտանգությանը, որոնք պետք է ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահին ռուս խաղաղապահները հանդիսանում են անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը, և սա իսկապես թույլ է տալու ինչ-որ ժամանակահատվածում խուսափել մեծ պատերազմական գործողություններից։

Հարցին՝ ստորագրված փաստաթղթում բանակցությունների միջոցով հնարավո՞ր է որևէ բան փոխել հօգուտ հայկական կողմի, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահին դժվար է ասել, քանի որ այժմ խոսվում է արդեն տեղի ունեցած իրողության մասին։

«Մենք արդեն այդ մասին խոսել ենք, որ հնարավո՞ր էր որևէ բան փոխել՝ իհարկե հնարավոր էր, հնարավո՞ր էր, որ պատերազմ չլիներ, և այլն, այս հարցերն արդեն դարձել են ավելի շատ պատմական վերլուծության առարկա։ Այս պահի դրությամբ՝ ունենք այն, ինչ ունենք, և պետք է հասկանանք, որպեսզի նման երևույթներ չլինի, ինչ պետություն պետք է կառուցեն, ինչ հասարակություն ունենանք։ Այն, ինչ տեղի ունեցավ, դժբախտաբար, օբյեկտիվ էր, և որևէ մեկին չպետք է մեղադրենք դրա մեջ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս