Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի պաշտպանների հայտարարությունը

Նախորդ գիշեր Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ձերբակալվել են մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, այդ թվում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրանք կասկածվում են ռազմական դրության ռեժիմի ժամանակ սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Արթուր Վանեցյանի կասկածանքը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով է և 307.1-րդ հոդվածով է, Իշխան Սաղաթելյանինը` 307.1-րդ հոդվածով։

Երկու քաղաքական գործչի պարագայում էլ կազմված արձանագրություններում չկա որևէ նշում, թե նրանք ի վերջո կոնկրետ ինչ գործողություններ են կատարել, կոնկրետ որ գործողություններն են, որ նախաքաննական մարմնին հիմք են տվել կարծելու, թե ենթադրաբար առկա է հանցակազմ։ Ավելին` կազմված արձանագրություններից բացարձակ անհայտ է մնում, թե այդ ենթադրյալ արարքն արդյո՞ք հանրորեն վտանգավոր է։ Իսկ առաջացած «ծանր հետևանքների» մասին խոսելն անգամ ավելորդ է։

Փաստենք նաև, որ երկու գործչի պարագայում էլ մտացածին է նրանց կողմից թաքնվելու վտանգը կանխելու նպատակը, ինչը անձին ձերբակալելու պարտադիր պայման է։ Արթուր Վանեցյանը նախքան ձերբակալվելը հրավիրված է եղել ԱԱԾ քննչական դեպարտամենտ այլ քրեական գործի շրջանակներում, որպես վկա հարցաքննվելու, քննչական գորժողության ավարտից հետո դուրս է եկել ԱԱԾ շենքից, անմիջապես շենքի դիմաց հարցազրույց է տվել հավաքված լրատվամիջոցներին, կրկին պնդել է, որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի պետք է հրաժարական տա։ Անմիջապես, հեռախոսազանգով կրկին հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, վերադարձել է ու ձերբակալվել։ Իշխան Սաղաթելյանը սահմանված կարգով ընդհանրապես չի հրավիրվել, ապա բերման է ենթարկվել իր քաղաքական գործունեության հիմնական վայրից` ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից։ Հարկ է նշել, որ քննչական գործողություններն իրականացվել են ՀՀ ՀՔԾ քննիչների կողմից, սակայն տարօրինակ է, որ դա իրականացվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենքում։

Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում, նրանք գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով բողոքներն արդեն իսկ ուղարկվել են դատարան։

Փաստենք մեկ հետաքրքրական հանգամանք ևս` քաղաքական գործիչները ձերբակալվել են 3 օրով, ճիշտ մինչ այն օրը, երբ պետք է սկսեն իրագործվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությամբ նախանշված քայլերը։

Հ.Գ. Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման դատական նիստը նշանակված է այսօր, ժամը 18.30 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Իշխան Սաղաթելյանինը` այսօր, ժամը 20.00 նույն դատարանի Կենտրոնի նստավայրում։

Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան

Տեսանյութեր

Լրահոս