«Տղաները գնում են Քարվաճառ՝ Արցախի հերոս Պետոյի շիրմաքարը Հայաստան բերելու համար՝ սրանից ամոթ բա՞ն». Ազատամարտիկ

Լիբանանից Հայաստան տեղափոխված և սեպտեմբերի 27-ին առաջնագծում գտնվող ազատամարտիկ Սիմոն Գաֆալյանն այսօր «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ հայտարարեց, որ բախտ է ունեցել 90-ականներին մասնակցել Արցախյան շարժմանը։

«30 տարի առաջ Քարվաճառն ազատագրվեց, հայը վերադարձավ իր տուն, բայց 30 տարի հետո կրկին հավաքում է իր իրերն ու լքում Քարվաճառը։ Դադիվանքի քահանան ասում է, որ եկեղեցու խաչն ու զանգը բերում է Հայաստան, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Քիչ առաջ եմ զանգահարել մեր տղաներին, մեր վաշտը «Եղնիկներում» է, չի վերադարձել։ Տղաներից 6 հոգի ասացին, որ գնում են Քարվաճառ՝ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրմաքարը Հայաստան բերելու համար, սրանից ամոթ բա՞ն։ «Եռաբլուրում» գտնվող մեր տղաներին ի՞նչ ենք ասելու, ինչպե՞ս ենք ապրելու»,- նշեց ազատամարտիկը։

Նրա խոսքով՝ օրերս իր մոտ է գնացել այս պատերազմում նահատակված Գևորգ Հաջյանի տղան՝ Թաթուլ Հաջյանը, և հարցրել է, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է զոհվել իր հայրը։

«Կատարվածն այնքան ծանր, պատմական ու վտանգավոր հարց է և փոխելը դժվար է, մեր երեխաներին ի՞նչ ենք թողնելու Նոր Հայաստա՞ն, թե՞ նոր Շուշի, որտեղ այսօր արդեն մուղամ են լսում։ Նիկոլ Փաշինյան, ո՞վ քեզ իրավունք տվեց առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, առանց հանրաքվեի՝ հող հանձնես, ի՞նչ իրավունք ունես իմ հողը հանձնելու։ Նիկոլն ո՞ւմից է վրեժ լուծում»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս