
Չեմ կարող հանգիստ նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին․ Նանա Գնդոյանը դադարեցրել է «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի գործունեությունը

«Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով արդեն նախկին տնօրեն Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դադարեցրել է իր գործունեությունն այդ պաշտոնում, քանի որ իր մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իր խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ և ինքը չի կարող հանգիստ նստել և նայել, թե ոնց են երկիր հանձնում թուրքին։ Գրառումը՝ ստորև։
Սիրելի լրագրողներ, ընկերներ, գործընկերներ, նոյեմբերի 10-ով ես դադարեցրել եմ «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի իմ գործունեությունը:
Իմ մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իմ խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ: Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին, ես մնում եմ հավատարիմ Անդրանիկ Օզանյանի կողքին կռված իմ նախնու հայկական գենին ու արյանը: Ես ընտրում եմ հայրենիքը, իմ տղան, ում անունն Արամ Մանուկյանի պատվին է դրված, չի՛ ապրելու թուրքի տակ:
«Հայփոստ»–ի թիմում աշխատում են հրաշալի մարդիկ, գործի նվիրյալներ, ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին հետաքրքիր, բեղմնավոր ու հիմնարկի ապագայի համար սրտացավ աշխատանքի համար: