«ՀՀ-ում տեսնում եմ բազմաթիվ քաղաքական ուժերի, որոնք հասկանում են՝ ինչ է կատարվում, և ճիշտ եզրակացություններ են անում»․ Լավրովը՝ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի մասին
Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկումներ անել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին այսօր լրագրողներին տված ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ հայտարարությունից հետո։
«Մենք տեսնում ենք ցույցեր, որոնք ներկայումս բարձրացել են Երևանում, մենք տեսնում ենք, թե որքան է ընդդիմությունը փորձում շահարկումներ անել այդ իրավիճակով պայմանավորված»,- նշեց Լավրովը։
Միաժամանակ նա նշել է, որ ցուցարարների շարքում անկասկած կան անկեղծ անձինք, որոնց համար երևի թե վիրավորական է, որ այս փուլում ամեն բան այսպես է ավարտվում։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ Մոսկվայում չեն տեսնում եռակողմ համաձայնության խափանման նշաններ։
«Վստահ եմ, որ, եթե մենք իրականացնենք այն ամենը, որի շուրջ պայմանավորվել ենք (դեռ ես չեմ տեսնում այն բանի նշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները), կշահեն բոլորը»,- ընդգծեց Լավրովը։
Նա նշեց, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են։
Լավրովի խոսքով, չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ անձամբ Լավրովը չորեքշաբթի օրն առավոտյան խոսել է ՀՀ ԱԳ նախարարի հետ։
«Վստահ եմ, որ հայկական կառավարությունը հասկանում է պատասխանատվության իր չափը, հասկանում է, որ ստորագրել է այս պայմանավորվածությունների ներքո՝ ելնելով սեփական ժողովրդի բարձրագույն շահերից»,- ընդգծել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև վստահություն հայտնեց, որ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի և կիրականացվի։
«Համենայն դեպս, ես Հայաստանում տեսնում եմ բազմաթիվ քաղաքական ուժերի, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, և դրանից ճիշտ եզրակացություններ են անում»,- ասաց Լավրովը։