«Կան հարցեր, որոնց պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ երկրի վարչապետից». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ ԲՀԿ-ի հանդիպումներն արտախորհրդարանական ուժերի հետ կրում են պարբերական բնույթ։

«Այն պահին, երբ կլինի պաշտոնական հաղորդագրություն՝ այդ հանդիպումների բովանդակային մասի հետ կապված, ես կարող եմ այն փոխանցել։ Սակայն այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, որևէ այլ բան չեմ կարող փոխանցել։ ԼՀԿ-ի մեր գործընկերները բազմիցս մասնակցել են նման ձևաչափով հանդիպումների, չեմ կարող ասել, թե վերջին հանդիպմանն ինչու չեն մասնակցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Սպասվում է, որ կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։

Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Իվետա Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ Արցախի իշխանությունների հետ պահում են ամենօրյա կապը, սակայն դրա հետ կապված չի կարող մանրամասներ ներկայացնել։

«Բացի նրանից, որ պահպանվում է հեռախոսային կապը, մեր խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ այցելել են Արցախ, ինքս նույնպես այցելել եմ Արցախ, իմ մի քանի գործընկերների հետ հանդիպում ենք ունեցել Արայիկ Հարությունյանի հետ։ Մեր բոլոր այս մտահոգությունների հիմքում, բնականաբար, ընկած է եղել անհանգստությունն Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Բնականաբար, կան հարցեր, որոնց պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ երկրի վարչապետից»,- շեշտեց Իվետա Տոնոյանը։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից տարածված այն տեղեկատվությանը, որ Թուրքիայի նախագահը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ Արցախի հարցի հետ կապված, Իվետա Տոնոյանն ասաց, որ Թուրքիայի նկրտումները հայկական կողմի համար պետք է առաջնահերթություն ու կարևորություն չներկայացնեն։

«Հարցի լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը գործուն է, և թուրքական կողմի նկրտումներին չպետք է տուրք տվի»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս