«Այս իրավիճակում դպրոցները բացելն անհնար է»․ Կրթության փորձագետը՝ կայացված որոշման ու բարդությունների մասին
«Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում»,- այս մասին նոյեմբերի 5-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ամենահավանական տարբերակը, որ այսօր Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք՝ այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն, և տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- նշել էր նախարարի տեղակալը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով դպրոցական արձակուրդը ևս երկու շաբաթով երկարաձգելու որոշման մասին՝ ասաց, որ այն տրամաբանական էր։
«Որովհետև հուսալ, որ երկու շաբաթում կորոնավիրուսով պայմանավորված՝ իրավիճակը կկարգավորվի, ռեալ չէր, բայց այստեղ մեկ նրբություն կա․ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմ է, և դպրոցները որոշակի աջակցություն են ցուցաբերում ռազմաճակատին, գուցե այդ արձակուրդը պետք էր երկու առումով՝ առաջինն այն էր, որ դպրոցները կարողանային օգնել, օրինակ՝ ինչ-որ ցանց գործել, անձրևանոց և այլն, իսկ երկրորդն այն էր, որ այս հոգեբանական իրավիճակը հաստատ բացասական ազդեցություն կունենար կրթության որակի վրա։ Իհարկե, ոչ ոք չգիտի, թե որքան կտևի պատերազմը, այնպես չէ, որ նոյեմբերի 12-ից հետո արդեն չի լինի, սակայն պատերազմով պայմանավորված՝ կարելի է ընդունել այդ տարբերակը, թե չէ մեկ ամիս դաս անելուց հետո մեկ ամիս արձակուրդ գնալն արդեն սխալ էր»։
Ինչ վերաբերում է հեռավար կրթության արդյունքում սպասվող խնդիրներին՝ կրթության փորձագետը նկատեց․«Հիմա, իհարկե, ավելի է բարդանում այդ խնդիրը, որովհետև գալիս է նաև արցախցի երեխաների խնդիրը, որոնց հեռավար ուսուցում կազմակերպելն այդքան էլ հեշտ չի լինելու, քանի որ բոլորս էլ գիտենք՝ մի կերպ են կարողացել հասնել այստեղ, համակարգիչ չկա, և այլն։ Այսինքն, տեխնիկական խնդիրներ են առաջանալու։ Բայց ուրիշ տարբերակ էլ չկա․ այս իրավիճակում դպրոցները բացելն անհնար է․ կորոնավիրուսով վարակվածության նոր բռնկումներ կլինեն։ Գուցե փոքր գյուղերում հնարավոր լինի իրավիճակը կառավարել, բայց քաղաքներում՝ ոչ։ Նաև երևի դպրոց հաճախեն տարրական դպրոցի աշակերտները, որովհետև անհնար է պատկերացնել, թե ինչպես են հեռավար սովորելու։ Ի դեպ, այս դեպքում էլ կարող են բարդություններ առաջանալ, քանի որ ունենք ուսուցիչներ, ովքեր և՛ կրտսեր դպրոցում են դասավանդում, և՛ միջին ու ավագ։ Իրենց համար դասացուցակի առումով անհարմարություններ կարող են ստեղծվել։ Դասերի մի մասի համար պետք է գնան դպրոց, մյուսները՝ հեռավար պետք է անեն։ Լավ կլինի՝ որոշումը շուտ կայացվի, որպեսզի դասացուցակային հարցերն էլ կարգավորվեն»։