«Վլադիմիր Պուտինի «Վալդայ» ակումբում ասված խոսքը և հարցազրույցն ընկալում եմ հստակ մեսիջ՝ մեր իշխանություններին»․ Մարիամ Ավագյան
«Ադրբեջանի ձեռագրում ոչինչ չի փոխվել, նրա գործելաոճը մնացել է նույնը։ 1936թ․ հետո եղել է կտրուկ փոփոխություն, հակահայ քաղաքականությունն ակտիվացել է, Գանձակը դարձել է Կիրովաբադ, շատ դպրոցներում հայերենը տուժել է, կադրային հակահայ քաղաքականություն են վարել ու բերել, հասցրել են այն իրավիճակին, որ, ինչպես նշվում է բազում աղբյուրներում, ամեն տարի ադրբեջանական ԽՍՀ հայաբնակ տարածքներից առնվազն 10․000 հայ հարկադրված է եղել հեռանալ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը՝ հավելելով, որ եկել-հասել են Չարդախլու, որը եղել է առաջին ազդակը, որ, այսպես ասած, Կասպից արևմուտքի թուրքը որոշել է խարխլվող ԽՍՀՄ ֆոնին օր առաջ ամբողջացնել հայերի ցեղասպանությունը։
«Մտան Սումգայիթ, Գանձակ, Կիրովաբադ, որտեղից հետ շպրտվեցին, իսկ Սումգայիթում արեցին այն, ինչ արեցին։ 1988թ․ արդեն Գարդմանք աշխարհն ամբողջովին լարված վիճակում էր, վերջնականապես հարվածեցին նույն թվականի նոյեմբերի 21-ին, հայությունը կարողացավ ինքնապաշտպանություն կազմակերպել, և փոքր զոհերով մինչև 1989թ․ նոյեմբեր դուրս գալ։ Սումգայիթում նրանց թիվը շուրջ 18․000 էր, մեր փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 3000 հայ է մորթվել։ Իսկ Բաքվի հայաթափումը 3 փուլով արեցին, և այդպես շարունակ։ Մենք, ցավոք, չենք ստիպել ՄԱԿ-ին, որպեսզի ֆիքսի, որ Ադրբեջանը համառորեն տարածում է հայատյացություն՝ լուցկու տուփերին, դասագրքերում, ֆիլմերում։ Եղած ամբողջ նյութերն ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չփաթեթավորեցին և աշխարհի ու միջազգային կառույցների աչքը չմտցրեցին, որ ասեին՝ այնտեղ հայատյացությունը հասնում է իր գագաթնակետին։ Իսկ հայատյացությամբ տառապող հանրությունն արդեն պոտենցիալ ցեղասպան է։ Այն, ինչ 1915թ․, 1988թ․, 1990թ․, 2004թ․, 2016 թվականներին կատարվեց՝ ցեղասպանական ագրեսիա էր»,- նշեց Մարիամ Ավագյանը։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողն ընդգծեց՝ 2020թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից և Թուրքիայի հովանավորչությամբ սանձազերծված պատերազմը, որում ներգրավված են ահաբեկիչներ, անկանխատեսելի է ու վտանգավոր։
«Կանոնավոր պատերազմը մի բան է, ահաբեկչական պատերազմը՝ մեկ այլ, այն անկանխատեսելի է ու վտանգավոր։ Սա, անշուշտ, պատերազմ է ամբողջ մարդկության դեմ, բայց մարդկությունը քնած է։ Թուրքն ամենուր է, հիմա էլ Հարավային Կովկաս է մտել։ Փափուկ ուժով յուրացրել է Վրաստանը, Ղրղըզստանը, յուրացնում է նաև Ղազախստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, իսկ այնտեղ, որտեղ փափուկ ուժով չկարողացավ յուրացնել՝ անցավ պատերազմին։ Այն Արցախում և Սիրիայում է։ Այս երևույթը մենք պետք է կանգնեցնենք։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Վալդայ» ակումբում ասված խոսքը և հարցազրույցը ընկալում եմ հստակ մեսիջ՝ մեր իշխանություններին, որ իրենք պարտավոր են կոտրել կեղծիքի մեջքը, ստեղծված ծուղակը ջարդուփշուր անել, խոսել, այն մասին, որ այս տարածքներն ունեն իրավատեր, դրանք հայ փախստականներն են։ Ալիևն անընդհատ խոսում է ինչ-որ 1 միլիոն փախստականի մասին․ նման բան չկա․ Ընդամենը 160․000 ադրբեջանցի հեռացել է Հայաստանից՝ շատ խաղաղ պայմաններում, նրանք փախստական չեն։
Տրանսպորտ է հատկացվել, ավելին՝ ամեն մեկին 200 միլիոն ռուբլի փոխհատուցում են տվել։ Դա շատ ավելին է, քան 1200 եվրոն այսօր։ Ինչո՞ւ այդ մասին չենք խոսում։ Ավելին, ազատագրված շրջաններից շուրջ 320․000 ադրբեջանցի է հեռացել, բայց գիտե՞ք երբ, այն ժամանակ, երբ արդեն Բաքվի ցեղասպանական պատերազմը հասել էր ԼՂԻՄ-ին, հայությունը ցեղասպանությունն ուզում էր կասեցնել, պատերազմը բռնկվեց, ու ադրբեջանցիներն աջ նայեցին, ձախ նայեցին, տեսան, որ պետք է հեռանան։ Ընդ որում, դրանք այն ադրբեջանցիներն էին, որոնք մասնակցել են ԼՂԻՄ-ի ոչնչացմանը։ Դուք լսե՞լ եք ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո գերմանացի փախստականների մասին որևէ խոսք․ իհարկե՝ ոչ։ Բա ինչպե՞ս է լինում, որ ցեղասպան Ադրբեջանում հանկարծ ադրբեջանցի փախստականներ են ձևավորվել։ Քարվաճառից փախածը պետք է համարվի փախստակա՞ն, իհարկե՝ ոչ։ Նա այնտեղից ու մյուս տեղերից կրակում էր Ստեփանակերտի վրա։ Երբ ամենուր պարտվեց՝ փախավ, այսինքն՝ հակառակորդի մարտիկ (կոմբատանտ) էր, փախստական չէր»,- եզրափակեց Մարիամ Ավագյանը։