Ադրբեջանի թիրախավորված հարվածից Տիգրանակերտի հնագիտական ճամբարն էական վնասներ է կրել (լուսանկարներ)
Ադրբեջանի թիրախավորված հարվածի արդյունքում այս անգամ մեծ վնասներ է կրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, չորս տնակներից երկուսն ավերվել են, մյուսների դռները, պատուհանները դուրս են շպրտվել, գույքը փչացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Օրեր առաջ ինչ-որ մեկը տեսել էր հակառակորդի այս վայրագությունը, տեղեկացրել Պետրոսյանին: Հետո կամավորների խումբը, որը փորձում է Արցախի հուշարձանների վիճակն ուսումնասիրել, եթե հնարավոր է՝ նկարել, գնահատել, գնացել է, տեսել, որ արկն ընկել է բակում: «Հնագիտական հանգրվանում 4 տնակ կա, երկուսը լրիվ են ավերվել, մյուս երկուսի դռներն ու պատուհաններն են դուրս շպրտվել այդ ալիքից, պատերն այդ արկի բեկորներից լրիվ ծակոտվել են, գույքն ամբողջովին փչացել է»,- ասել է Պետրոսյանը:
Տնակները բավականին արժեքավոր են եղել, լավ հարմարեցված՝ օդորակիչով, մշտական ջրով և այլն: Պետրոսյանի խոսքով՝ իրենք միայն ամռանն են այնտեղ լինում: Նա կարծում է, որ հատուկ են խփել՝ երևի մտածելով, որ այնտեղ մարդիկ կլինեն:
«Կողքին 18-րդ դարի ամրոցն է, որը թանգարանային շենք է: Դա ավելի լավ է երևում, քան մեր տնակները: Կարծում եմ, որ մտածել են, թե այնտեղ՝ տնակներում, կարող են մարդիկ լինել: Նրանք գիտեին, որ դա Տիգրանակերտն է: Ադրբեջանական այդպիսի կայք չկա, որ տարիներ շարունակ չմեկնաբաներ մեր պեղումները, մեր նիստն ու կացը»,- ասել է Պետրոսյանն ու հավելել՝ իհարկե գիտեն և միտումնավոր են անում:
Նրա կարծիքով՝ մշակութային ցեղասպանությունն Ադրբեջանը շատ լավ իրականացնում էր համեմատաբար խաղաղ պայմաններում, հիմա մշակութային սիմվոլներին այդքան մեծ ուշադրություն չի դարձնում, նրա նպատակը հայերին բնաջնջելն է, այդ տարածքը հայերից մաքրելը:
«Իրենք այդքան քաղաքակրթական մակարդակ չունեն, որ առաջնային դարձնեն պայքարը մշակույթի դեմ: Բայց ինչ-որ ընկնում է իրենց ձեռքը, ավերում են»,- ասել է նա ու նշել, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն ևս միտումնավոր էին հարվածել:
Տիգրանակերտի հնավայրում պեղումներ են իրականացվում 2006 թվականից: