Որքան գումար կհատկացվի Երևանի քաղաքապետարանին 2021 թվականի բյուջեի նախագծով

2021 թվականի պետական բյուջով Երևան համայնքին տրվող դրամաշնորհները, այդ թվում՝ դոտացիան, նախատեսվել է 22 միլիարդ 503 միլիոն դրամ, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել 36 միլիարդ 15 միլիոն դրամ։ Նշված նախատեսումները ընթացիկ բյուջետային տարվա համեմատ փոփոխվել են՝ կրճատվելով մոտ 20 միլիարդ 95 միլիոն դրամով։ Երևան համայնքին տրվող նպատակային հատկացումներն ավելացել են 39 միլիոն դրամով՝ կազմելով 9 միլիարդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման համար տրվող դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 միլիարդ դրամ։

Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները, ասաց քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։

Ներկայացնելով բյուջեի նախագծով նախատեսված մի շարք միջոցառումների համար ֆինանսական ցուցանիշները` Ներսիսյանը նշեց, որ, օրինակ, Երևան քաղաքի արտաքին լուսավորության մասով 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է ներկայացված հայտից 2 միլիարդ  դրամ, փողոցների նորոգման համար հատկացվել է 3 միլիարդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020 թվականի բյուջով նախատեսվածի հետ համեմատած, իսկ ահա Մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսվել է 833 միլիոն դրամ։

Ըստ Ներսիսյանի՝ մինչև տարվա վերջ կտեղադրվի 500 վերելակ, այս պահի դրությամբ տեղադրված է 318-ը, սակայն մատակարարների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև տարեվերջ տեղադրված վերելակների թիվը կհասնի 500-ի։

Ինչ վերաբերում է Երևան համայնքի եկամուտներին, ապա, ըստ Սերգեյ Ներսիսյանի, 2021 թվականի բյուջեի նախագծով եկամուտների մասով նախատեսվում է 92 միլիարդ 420 միլիոն դրամ, որից նախատեսվում է գեներացնել 30 միլիարդ 693 միլիոն դրամ սեփական եկամուտ։

Տեսանյութեր

Լրահոս