
Կազանում ոչնչացվել է ահաբեկիչների բջիջը
Կազանում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ի ահաբեկիչների բջիջը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից։
Ձերբակալվել են 5 իսլամիստ, որոնց գործունեությունն ուղղված է եղել «համաշխարհային խալիֆայության» ստեղծմանը և իշխանության բռնի տապալմանը:
«Հավաքների ընթացքում գաղտնի մեթոդների կիրառմամբ նրանք Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքերում հավաքագրել մահմեդականներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների տներում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել են քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ: Հարուցվել է քրեական գործ։
«Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ն արաբերենից թարգմանվում է որպես «Իսլամական ազատագրման կուսակցություն»։
Նրա անդամներին պարբերաբար ձերբակալում են Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում: