Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով խուզարկություններ են կատարվել Գերմանիայում
Գերմանիայում չորս հասցեով բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկություններ են կատարվել Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով: Այդ մասին հաղորդել է ԳԴՀ-ի երկրամասային քրեական վարչությունը:
Հետաքննչական գործողություններն անցկացվել են չորս մարդկանց մոտ՝ Օսնաբրյուկ, Կասսել քաղաքներում եւ Պիննեբերգի շրջանում: Վարչությունում նշում են, որ նրանք, հավանաբար, մասնակից չեն հարձակումներին, բայց, հնարավոր է, կապված են եղել ահաբեկիչների հետ:
Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ: Զոհվել է չորս մարդ, եւս 22 հոգի վիրավորվել է, հարձակողներից մեկին սպանել են ոստիկանները: Ավստրիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն: Պարզվել է, որ կասկածյալներից մեկը ալբանական ծագում ունեցող 20-ամյա երիտասարդ է, որն ունի Ավստրիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն:
Հայտնի է 2020 թվականի ամռանը Սիրիայի մեկնելու նրա փորձի մասին՝ «Իսլամական պետության» (ԻՊ) մարտերին մասնակցելու համար: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն: Ահաբեկչության գործով ձերբակալվել է 15 մարդ, նրանցից ութը, պարզվել է, դատվածություն են ունեցել այդ թվում՝ ահաբեկչության կամ սպանության փորձի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: